Սեպտեմբերի 17-ին տեղի ուենցած Երևանի ավագանու ընտրություններից հետո փակուղային իրավիճակ է ստեղծվել:
Ընտրության արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ, սակայն նրանցից որևէ մեկը 50 և ավել ձայն չի հավաքել, որպեսզի կարողանա միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորի, արդյունքում արդեն մեկ շաբաթ է Երևանը քաղաքապետ չունի:
Անհրաժեշտ են լինելու կոալիցիաներ կազմել կամ պետք է նոր արտահերթ ընտրություններ լինեն:
Ըստ նախնական հաշվարկների՝ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Այն կվարի ավագանու անդամներից ամենատարեցը և անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերը կընտրեն Երևանի քաղաքապետին։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն երեկ ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ, մանդատները բաշխվել են հետևալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ
«Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ
«Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ:
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ:
-Տիկի՛ն Խաչատրյան, ավագանի անցած մյուս քաղաքական ուժերի հետ քննարկումներ արդեն սկսե՞լ եք ընտրությունների հետ կապված, ի՞նչ որոշում ունեք:
-Քննարկումներ դեռ չենք սկսել, որոշում էլ չունենք, դեռ ժամանակ կա, քննարկում կանենք:
-Շատ է քնարկվում կոալիցիաներ ձևավորելու հարցը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Հանրապետություն»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը մտադիր են կոալիցիա կազմելու ճանապարհով գնալ, ի՞նչ կասեք այս մասին, իշխող ուժի հետ այս հարցով քննարկում ունեցե՞լ եք:
-Նման քննարկում առհասարակ չենք ունեցել՝ ոչ՛ ներկուսակցական, ոչ էլ այլ ուժերի հետ, դրա համար էլ ոչինչ չեմ կարող ասել:
-Ձեր ուժն ամեն դեպքում ո՞ր տարբերակին է հակված՝ գնալ արտահե՞րթ ընտրությունների ճանապարհով, թե՞ կոալիցիա կազմելու։
-Ես չեմ կարող ասել՝ ի՞նչ տարբերակով կգնանք, բայց այս պահին, այս իրավիճակում, համենայնդեպս, նոր արտահերթ ընտրություններ չեմ պատկերացնում:
-Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում քաղաքապետ պետք է ընտրի ավագանին, կրկին առաջադրելու՞ եք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:
-Մենք քննարկում չենք ունեցել, չգիտենք դեռ, պետք է քննարկենք, հասկանանք:
-Ստացվում է, արդեն մեկ շաբաթից ավել՝ Երևանը քաղաքապետ չունի, չնայած նրան, որ հազարավոր խնդիրներ կան քաղաքում:
-Բնականաբար, դա հասկանում ենք, քաղաքը պետք է ղեկավար ունենա, առաջիկայում կորոշվի այդ հարցը:
Քրիստինա Մուշեղյան