Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դիմավորել է Գորիս այցելած՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին և ներկայացրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակն ու այնտեղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու, տեղավորելու գործընթացը։
«Մենք եկել ենք՝ աջակցելու և ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրելու, սակայն գիտեմ, որ ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են այժմ», – նշել է Սամանթա Փաուերը ու հայտարարել, որ հաշվի առնելով, ԼՂ բնակչության կարիքները՝ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով հատկացնում է 11.5 մլն դոլար:
ԱՄՆ ՄԶԳ տնօրենն այցելել է նաև Գորիսում գործող կոորդինացնող կենտրոն ու Կոռնիձորի հումանիտար կայան:
Սամանտա Փաուերի հետ Գորիս էին այցելել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։