Ի՞ՆՉԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ «Wildberries»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Wildberries»-ը հայտարարել է, որ  ամբողջությամբ վերացվել է տեխնիկական այն սխալը, որի միջոցով հնարավոր էր լինում գնումներ կատարել  այլ տարածաշրջանների համար նախատեսված գներով:

 

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում գործում է SSB Academy-ն, որի հիմնադիր Տարոն Պապիկյանը հայ գործարարների շրջանում բազմաթիվ դասընթացներ եւ վեբինարներ  է անցկացրել.

«Հայ գործարարների  շրջանում անցկացնում ենք  որպես վաճառող մուտք գործելու  եւ միանգամից 7 շուկաներում վաճառք իրականացնելու վերաբերյալ ֆունդամենտալ եւ պրակտիկ  դասընթացներ, գործընթացների կազմակերպման վերաբերյալ  անհատական խորհրդատվություններ,  ինչպես նաեւ անվճար վեբինարներ: Դասընթացներ եւ վեբինարներ կան նաեւ այն մարդկանց համար, որոնք ցանկանում են որակավորվել  որպես «Վայլդբերիզ» մենեջեր  եւ մատուցել ծառայություններ  այն գործարարներին, որոնք  արդեն իսկ վաճառում են կամ պլանավորում են վաճառել «Վայլդբերզում»»:

«Wildberries»-ի տեխնիկական սխալը կարգավորելուց հետո բնակիչները սկսեցին դժգոհել տնտեսվարրողների  այդ քայլից, քանի որ բավականին մատչելի եւ որակով գնումներ էին կարողանում անել.  շատ արագ սկսեցին ուսումնասիրել «Ozon»-ը:

Սկզբում «Ozon»-ը նախատեսում էր մուտք գործել հայկական շուկա 2023 թվականի ուշ աշնանը, սակայն գործընթացն ավելի արագ տեղի ունեցավ, քանի որ հայաստանյան  ներկայացուցիչները  սկսել են տիրապետել ապրանքների հակառակ ուղղությամբ առաքմանը։

Ներկայումս  Հայաստանում բացվել է  «Ozon»-ի  20 լոգիստիկ կենտրոններ, մի քանի օրից  արդեն կգործեն ստացման կետերը: Բնակիչներին հասանելի է  լինելու ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին՝ 196 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից եւ հագուստից մինչեւ սննդամթերք ու առողջապահական  ապրանքներ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ozon»-ը նաեւ կպարզեցնի պատվերների տրամադրման կետերի տարածքների համար նախատեսված պահանջները եւ կդիտարկի հաճախորդին հարմար եւ մոտ տարածքների մեծ մասը: Միաժամանակ բոլոր կետերը բրենդավորված կլինեն ընկերության կորպորատիվ ոճով, կահավորված կլինեն հանդերձարաններով, իսկ առաքման միջին ժամկետը մոտ մեկ շաբաթ է:

«Մենք տեսնում ենք, որ հաճախորդները սիրում են պատվերները ստանալ պատվերների տրամադրման կետերից: Դրանք օգտագործվում են շուկայում 10 պատվերներից 8-ի համար: Բացի այդ, տեսնում ենք Հայաստանում ձեռնարկատերերի հետաքրքրությունն այս ոլորտի զարգացման նկատմամբ, ուստի որոշել ենք աննախադեպ ժամանակում երկրում գործարկել ծրագիր պատվերների տրամադրման կետերի սեփականատեր-գործընկերներին աջակցելու համար»,- ասում է ԱՊՀ-ում «Ozon»-ի գործընկեր-լոգիստիկ ծրագրերի զարգացման տնօրեն Հարություն Գաբրիելյանը:

«Ozon»-ը զարգացնում է բիզնեսը եւ կառուցում է իր լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում եւ Հայաստանում:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՆՊԱՍՏԵԼ Է

Հայաստանից Ռուսաստան 2023-ի առաջին կիսամյակում արտահանման շուրջ 215 տոկոս դոլարային աճին զգալի նպաստել  է վերաարտահանումը:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին՝ 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

Նախարարը նշեց, որ 2023-ի առաջին կիսամյակում շարունակվել է ՌԴ-ից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքը:

«2023-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեպի ՌԴ ապրանքների արտահանման շուրջ 215 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը, որը նպաստել է շուրջ 187 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 28 տոկոսային կետով»,-ասաց նախարարը: Նախարարն անդրադարձավ նաեւ  Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թվի աճին՝ նշելով, որ առաջին կիսամյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը 70 տոկոսով աճել է, որին մեծ նպաստ ունեցել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները՝ շուրջ 47 տոկոսային կետով:

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՃԵՑ

Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին՝ 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

«Դրամային արտահայտությամբ պետական պարտքն առաջին կիսամյակում աճել է 2.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով աճել է 4.4 տոկոսով: Հունիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախարարի վստահեցմամբ՝ պարտքի կառավարման հետ կապված ցուցանիշները գտնվում են թիրախային մակարդակում, ներքին պարտքի եւ դրամային պարտքի ցուցանիշները շարունակաբար բարելավվում են:

Անդրադառնալով բյուջեի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ փաստացի առաջին կիսամյակի ճշգրտված ծրագրով եկամուտները նախատեսված են եղել 1 տրլն 104 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 230 մլրդ դրամ, եւ դեֆիցիտը՝ 125 մլրդ դրամ:

«Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ պետական բյուջեի ծախսերի գծով աճ է արձանագրվել ե՛ւ ընթացիկ, ե՛ւ կապիտալ ծախսերում: Փաստացի 2023-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 1 տրլն 160 մլրդ դրամի եկամուտներ եւ ծախել ենք 1 տրլն 26 մլրդ դրամ, ունեցել ենք 134 մլրդ դրամ հավելուրդ»,-ասաց Հովհաննիսյանը:

Բյուջեի եկամուտները 56 մլրդ դրամով գերազանցել են առաջին կիսամյակի ճշտված ծրագիրը՝ պայմանավորված հարկային եկամուտների եւ տուրքերի գերակատարմամբ եւ այլ եկամուտների՝ պլանավորվածից ավելի մուտքերով:

 

 

 

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ

Տավուշի մարզի առողջապահական հիմնարկներում բժիշկների, բուժաշխատողների  պակաս կա։ Դրա  պատճառն այն է, որ  Տավուշի մարզի բնակիչ՝ բժշկական բուհերի շրջանավարտները գերադասում են մնալ, աշխատել Երեւանում, որովհետեւ Տավուշի մարզի բուժհիմնարկներում  բժշկական սարքավորումների պակաս կա, այդտեղ  աշխատանքի պայմանները երիտասարդ բժիշկ-մասնագետներին  չեն բավարարում։ Տավուշի բուժհիմնարկներում աշխատում են գրեթե 100  բժիշկներ, որոնք   տարեց տարիքի են, կենսաթոշակառու  են, սակայն փոխարինող բժիշկ չլինելու պատճառով շարունակում են աշխատել։ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործում է 21 բժշկական հաստատություն։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մարզի բժշկական հիմնարկներում առկա է  բժշկի, բուժաշխատողի  ընդհանուր թվով  23 թափուր հաստիք: Մարզի հետեւյալ  առողջապահական  հիմնարկներում առկա է հետեւյալ մասնագիտություններով  բժիշկների թափուր տեղեր՝  «Իջեւանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում՝ սոնոգրաֆիստ, «Խաշթառակի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ում՝ ընտանեկան բժիշկ, «Արծվաբերդի ԱԿ» ՊՈԱԿ-ում՝ մանկաբարձ-գինեկոլոգ, տնօրեն-ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, «Սեւքարի ԳԲԱ»  ՊՈԱԿ-ում՝ ընտանեկան բժիշկ, «Բագրատաշենի ԳԲԱ»  ՊՈԱԿ- ում՝ ընտանեկան բժիշկ,  «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ- ում՝ թերապեւտ, հեմոդիալիզի բժիշկ, նյարդաբան, սրտաբան, մանկաբույժ, վիրաբույժ, շտապ օգնության  բժիշկ, սոնոգրաֆիստ, «Բերդի  ԲԿ» ՓԲԸ-ում՝ հոգեբույժ, ուռուցքաբան, նյարդաբան, ՇԲՕԿ-ի հերթապահ բժիշկ, անեսթեզիոլոգի բուժքույր։ Ընտանեկան բժիշկ-տնօրենի  թափուր հաստիքներ կան Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի, Ազատամուտի  ԱԱՊԿ  ՊՈԱԿ-ներում։

 

 

 

«ԽԵԼԱՑԻ ԱՆԱՍՆԱԳՈՄ» Է ԿԱՌՈՒՑՎԵԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է  անասնապահներին խորհուրդներ տալիս «խելացի անասնագոմեր»  կառուցելու անհրաժեշտության վերաբերյալ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով, թե Տավուշի մարզում քանի «խելացի անասնագոմ» կա։ Մարզպետի պատասխանում նշված է. «Փոքր եւ միջին «Խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում կառուցել է 2 անասանաշենք  Իջեւան համայնքի  Դիտավան եւ Սարիգյուղ  գյուղերում։ 2023 թվականին Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան եւ  Բաղանիս բնակավայրերի 2 շահառուների եւ Էկոնոնիկայի նախարարության միջեւ կնքվել են փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրեր։ Շինարարություններն ընթացքի մեջ են»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս