44-օրյա պատերազմի ժամանակ մի խումբ ինֆլուենսերների նախաձեռնությամբ ձեւավորվեցին «Մեդիա գրոհայինների բանակ» եւ «ՄԵՆՔ» սոցիալական խմբերը, որոնք ներկա պահին էլ ակտիվ գործունեություն են իրականացնում:
«ՄԵՆՔ» ֆեյսբուքյան խումբը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 28-ին։ Մինչեւ արցախյան 44-օրյա պատերազմի ավարտը խմբի ադամները պայքարում էին ապատեղեկատվության, կեղծ էջերի, ոչ հավաստի լուրերի դեմ։ Պատերազմի ավարտից հետո խմբի անդամները սկսեցին գումար նվիրաբերել 44-օրյա պատերազմի հետեւանքով վիրավորված զինվորներին նրանց ընտանիքներին օգնելու նպատակով։
Ներկա պահին Արցախում ոչ միայն պատերազմ է, այլ նաեւ կոտորած. այս անգամ էլ «ՄԵՆՔ»-ը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ: Ինֆլուենսերներ Ռուբեն Եսայանը եւ Սեյրան Յայլախանյանը միասին հայտարարեցին. «Արցախից Հայաստան բնակչության հավանական տարհանման դեպքում, երբ արդեն մարդիկ կլինեն անվտանգ գոտում, մենք պատրաստ ենք մեր գործիքակազմի ողջ ներուժով համախմբել մարդկանց ու իրականացնել մեծ արշավներ` ուղղված ֆինանսական հավաքագրումների, ու փորձել ապահովել տեղափոխվածների նվազագույն կարիքները` սնունդից մինչեւ գումար, բնակության վայր եւ մնացյալը:
Ակնկալում ենք բոլոր ներսում ու դրսում ապրող հայերի մեծ պատրաստակամությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ինֆլուենսեր Ռուբեն Եսայանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է նրանց նախաձեռնությունը: «Դեռեւս մեկնարկ չենք տվել, քանի որ դեռ չպարզաբանված հարցեր կան»,-ասաց Ռուբենը:
Խնդիրը նաեւ այն է, որ անհայտ ծագման շատ էջեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կեղծ դրամահավաքներ են իրականացնում, եւ դրանք լուրջ խոչընդոտ են հանդիսանում ինչպես պետության, այնպես էլ «ՄԵՆՔ»-ի նման խմբերի համար: «Ժողովուրդ» օրաթերթը խոսեց նաեւ խմբի համակարգող Սեյրան Յայլախանյանի հետ՝ հասկանալու իրենց հետագա անելիքները, քանի որ «ՄԵՆՔ»-ը ունի պատրաստակամ շատ մեծ լսարան:
««ՄԵՆՔ»-ը այս պահին ոչ մի ֆինանսական հավաքագրում չի իրականացնում. մինչեւ դա չհամաձայնեցնենք պետության հետ, չենք անի: Եթե կարիքը լինի, իրենք մեզ կտեղեկացնեն: Կարծում եմ՝ այս պահին կարիքը չկա դրամահավաքի եւ այլնի, առավել եւս՝ նման իրավիճակում, երբ շատ դժվար է վերահսկել, թե ով ինչի համար է հավաքում, եւ ուր են ուղղվում այդ հավաքված միջոցները»:
Պատերազմի օրերին «Մենք»-ի մեդիաբանակը համալրվեց նորանոր անդամներով։ Նրանք հիմնականում այն մարդիկ էին, որոնք համակարգչի առաջ նստած աշխատում էին եւ ուզում էին ինչ-որ մի ձեւ օգնել կռվող զինվորին եւ ամուր պահել տեղեկատվական դաշտը։ Նրանց պայքարը ադրբեջանական ֆեյք հաշիվների, կեղծ հրապարակումների ու տեսանյութերի դեմ էր, ռիփորթում էին, եւ եթե հնարավոր էր, փորձում էին ստուգել այս կամ այն տեղեկությունը։ Այդ օրերին այս խումբը եւ խմբի անդամները բավականին համակարգված էին աշխատում, գտնում էին կեղծ ու ոչ հավաստի տեղեկությունները եւ հրահանգում խմբի անդամներին «կռիվ» սկսել եւ կանխել տարածումը։ Պատերազմի ավարտից հետո խմբի անդամները դադար տվեցին. թեեւ միտք է եղել խումբը փակել, սակայն խմբի շատ անդամներ հորդորել են խմբի հիմնադրին եւ խնդրել պահել խումբը եւ շարունակել պատերազմի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ աշխատել։
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՐԴԻԿ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԲԱԺԱՆԵԼ
«Մեր սահմանները վերաձեւող կառավարությունները եւ բարբարոսների հրոսակախմբերի ներխուժումները նոր չեն հայ ժողովրդի համար։ Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից…, բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի», – գրել է Լոս Անջելեսում բնակվող բժիշկ եւ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում։
Պրոդյուսերը հրապարակել է լուսանկար, որում երեւում է Մասիսն ու Սիսը։ Հրապարակմանը կից նա նշել է. «Խնդրում ենք կարդալ եւ տարածել: Մեր նախորդ գրառումներն ու Stories-ներն ամփոփում են այն, ինչ կատարվում է հենց հիմա: Ես նկարագրել եմ տարբեր կազմակերպություններ, որոնց կարող եք նաեւ աջակցել մարդասիրական օգնության ու այլ տեսակի աջակցության համար: Այս վերջին լուսանկարն արվել է աշխարհի ամենասուրբ վայրերից մեկում։ Նայե՛ք դրան եւ կողմնորոշվե՛ք ինքներդ: Մեր սահմանները վերաձեւող կառավարությունները եւ բարբարոսների հրոսակախմբերի ներխուժումները նոր չեն հայ ժողովրդի համար։ Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից…, բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի: Մեր եկեղեցին մեզ փոխանցվեց ժառանգաբար առաքյալներից, որոնք նահատակվեցին իրենց հավատքի համար, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը շարունակեց առաքելական ավանդույթը եւ հիմնեց Հայ առաքելական եկեղեցին: Վերջերս ես խոր քննարկումների մեջ էի եկեղեցու առաջնորդների հետ ամբողջ աշխարհից։ Նրանց հավատը չի սասանվել, ոչ էլ իմը։ Այն դարձել է միայն ավելի ուժեղ, ավելի մեծ նպատակասլացությամբ, եւ մեր պարտականությունն է այն փոխանցել հաջորդ սերնդին։ Կարդացե՛ք Հայտնություն 21.4-ը, ինչպես ես արեցի այս կիրակի առավոտյան. «Աստված կսրբի բոլոր արցունքները նրանց աչքերից։ Եվ այլեւս մահ չի լինի, ո՛չ վիշտ, ո՛չ աղաղակ, եւ այլեւս ցավ չի լինի, քանի որ նախկինն անցել է»:
Ես շարունակելու եմ իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անել հայ ժողովրդին ոգեշնչելու համար, աշխատել նշանակալի գործընկերների հետ, որոնք մեզ հետ են, եւ անտեսել մյուսներին, որոնք կանգնած են մեր ճանապարհին»:
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է «Զենիթի» դեմ ՌՊԼ-ի 9-րդ տուրի խաղում կարմիր քարտ ստանալը:
«Հիմա կրքերը հանդարտվել են: Իհարկե, ցավալի է, քանի որ ես հանդիպում եմ բաց թողնելու:
Ի՞նչ կարող եմ անել. սա ֆուտբոլ է: Եթե սա է հաղթանակի գինը, ապա ես պատրաստ եմ վճարել»,- ճպՎտՌՏվՈՑ-ի հետ զրույցում ասել է Նաիր Տիկնիզյանը: Հայաստանի հավաքականի պաշտպանը «Զենիթի» դեմ խաղի վերջնամասում հաղթական գոլ էր խփել եւ մարզաշապիկը հանելու համար դեղին քարտ էր ստացել, իսկ ավելացված ժամանակի 7-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացվել էր խաղադաշտից:
ՊԱՏՐԱՍՏ Է ՎՃԱՐԵԼ
Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» մտադիր է ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրիին։
Մյունխենյան ակումբը պատրաստ է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 120 միլիոն եվրո, ինչը կլինի ռեկորդային «Բավարիայի» համար. հաղորդում է Todofichajes-ը։
Պեդրին 2019 թվականին «Լաս Պալմասից» 17,5 միլիոն եվրոյով է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ. հունիս։
Transfermarkt-ը Պեդրիի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։
ՎԻՃԵԼ Է ՄԱՐԶՉԻ ՀԵՏ
Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը վիճել է նեապոլյան թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի հետ «Բոլոնիայի» դեմ Ա Սերիայի 5-րդ տուրի խաղում փոխարինվելիս. հաղորդում է Football Italia-ն։ Օսիմենը նյարդայնացած հարցրել է մարզչին, թե ինչու նա չի խաղում երկու հարձակվողներով։
«Նապոլին» «Բոլոնիայի» հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝ 0:0: «Նապոլին» 8 միավորով 7-րդ տեղում է։
ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» 8:0 հաշվով հաղթել էր «Շեֆիլդ Յունայթեդին»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին անգամ 8 տարբեր խաղացողներ մեկ խաղում գրավեցին մրցակցի դարպասը. հաղորդում է Opta Sport-ը։ Աչքի էին ընկել Շոն Լոնգսթաֆը, Դեն Բյորնը, Սվեն Բոթմանը, Կալում Ուիլսոնը, Էնթոնի Գորդոնը, Միգել Ալմիրոնը, Բրունո Գիմարայեշը եւ Ալեքսանդր Իսակը։ 8:0 հաշիվը «Նյուքասլ Յունայթեդի» ռեկորդի կրկնությունն է Պրեմիեր լիգայում։ 1999 թվականին «Նյուքասլ Յունայթեդը» 8:0 հաշվով հաղթել էր «Շեֆիլդ Ուենսդեյին»։