Ո՞Վ Է ԲԱԶԵՅԱՆԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի եւ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ 7 անդամների կալանավորման գործընթացից:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալբերտ Բազեյանի եւ կազմակերպության անդամների դեմ ԱԱԾ-ում ցուցմունք է տվել «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամ Արմեն Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ նա դիմել է ԱԱԾ,  հայտնել,  որ խոսակցություններ է լսել, թե ինչպես են նախապատրաստվում սպառնալիքով զավթելու իշխանությունը: ԱԱԾ-ն սկսել է գործընթաց «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամների գործողություների մասով, ինչի արդյունքում էլ նրանք կալանավորված են:

Հիշեցնենք, որ  Բազեյանի տուն գնացել է ԱԱԾ երկու մեքենա, որից հետո սկսել են տունը խուզարկել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս բնակարանից տարել են որսորդական զենքը, Վազգեն Աարգսյանի կողմից պարգեւատրած զենքը ու մեկ համակարգիչ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ալբերտ Բազեյանն ԱԱԾ-ում ասել է, որ ինքն այս պահից հացադուլ է հայտարարում, ու իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ինքը պետք է Հանրապետության հրապարակի հանրահավաքին ելույթ ունենար։

Դեպքից հետո ԱԱԾ-ն հայտնեց որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը  եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:

Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Նկատենք որ գործով բոլոր անդամները կալանավորված են, բացի վերոհիշյալ ՀԿ անդամ Արմեն Հարությունյանից, որը ցուցմունք է տվել բոլորի դեմ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲԱԶԵՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի պաշտպան Գեւորգ Մելիքյանը հայտնեց, որ դատարանը 2 ամսով կալանավորեց Ալբերտ Բազեյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին տարել են ԱԱԾ եւ բռնի կերպով իշխանության յուրացման համար ձերբակալել են։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Բազեյանի տուն գնացել է ԱԱԾ երկու մեքենա, որից հետո սկսել են տունը խուզարկել։ Վերջինիս բնակարանից տարել են որսորդական զենքը, Վազգեն Աարգսյանի կողմից պարգեւատրած զենքը ու մեկ համակարգիչ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ալբերտ Բազեյանը ԱԱԾ-ում ասել է, որ ինքն այս պահից հացադուլ է հայտարարում, ու իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ինքը պետք է այսօրվա հանրահավաքին ելույթ ունենար։

Հավելենք, որ խուզարկության ժամանակ անգամ Բազեյանի որդուն թույլ չեն տվել ներս մտնել: Հանցագործության մասին հաղորդում տալուց հետո նոր փաստաբաններին են թույլ տվել մտնել տուն:

 

 

ՎԻՃԵԼ ԵՆ, ԿՐԱԿԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սպանություն է տեղի ունեցել Աշտարակում։

Մասնավորապես, երեկ՝ գիշերը ժամը 6-ի սահմաններում, սարի վրա՝ վրանի մեջ, երկու հովիվ վիճել են, որի ժամանակ 1996 թվականին ծնված հովիվը վերցրել է որսորդական զենքը ու կրակել 58-ամյա տղամարդու ուղղությամբ։

Տղամարդը գլխի շրջանում ստացել է մահացու վիրավորում ու տեղում մահացել է։ Դեպքի վայր են գնացել իրավապահները, ձերբակալել են 1995 թվականին ծնված տղային, որն իրավապահներին հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ են վիճել, որի ժամանակ իր ընկերը հնչեցրել է հայհոյանք, ինչի համար էլ նա վերցրել է զենքը ու սպանել 58-ամյա տղամարդուն։

 

 

ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

Վստրեչի կամրջից արցախցի կինը փորձել էր ցած նետվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ինքնասպանության փորձ կատարած կնոջը տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրա երեքամյա դստերը՝ ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոն:

Քննությամբ պարզվել է որ կինը հեգաբանական լուրջ խնդիրների առաջ է, ու նրան պետք է կոնտրոնի հսկողողության տակ պահել:

Հիշեցնենք, որ դեպքը գրանցվել էր սեպտեմբերի 25-ին։ Ժամը 11։20-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին, երեխային գրկած, սպառնում է ցած նետվել: Կինը հայտնել էր, որ ինքն Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել. այլեւս չի ուզում ապրել։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՆ ՍԿՍԵԼ

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ փաստաբանների կողմից բազում դատապարտող հայտարարություններ են տարածվում վերջին օրերին տեղի ունեցող անօրինականությունների վերաբերյալ։

«Կարծում եմ, որ հայտարարությունները, ելույթները, ասուլիները, ֆեյսբուքյան ստատուսներն ու «լայվերը» բավարար միջոցներ չեն տոտալ անօրինականության դեմ պայքարելու համար։ Անհրաժեշտ է արձանագրել հետեւյալ անառարկելի իրողությունները՝

  1. դատավարական գործընթացների հիմքում դրված ապացույցներն արհեստական եւ շինծու են, հետեւաբար՝
  2. դատավարական բոլոր գործընթացներն ի սկզբանե անօրինական են,
  3. անօրինական գործընթացների միակ քաղաքական նպատակը անհնազանադներին արգելանքի տակ պահելն է,
  4. փաստաբանները, մասնակցելով այդ անօրինական գործընթացներին, ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ են դրանք։

Եվ հիմա ի՞նչ եմ առաջարկում.

շտապ հավաքվել եւ միասնական որոշում կայացնել այդ գործերով մեր մասնակցության վերաբերյալ։

Ես ունեմ իմ անձնական կարծիքը, սակայն մարտավարական առումով այն չեմ հրապարակում։ Հավաքվե՛ք՝ խոսենք, այսպես շարունակվել չի կարող։

Հ.Գ. Կոչս վերաբերում է նաեւ բոլոր այն գործընկերներիս, ում չեմ հիշել եւ չեմ նշել»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻ

Սեպտեմբերի 25-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում եւ Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել:

Արդեն տեղում՝ որպես արոտավայր օգտագործվող տարածքում տեղադրված պոլիէթիլենային սավաններով պատրաստված տնակում տեղադրված մահճակալին, գլխի մասը ամբողջովին ջախջախված, հայտնաբերել են տղամարդու դի: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 58-ամյա Արթուր Թ.-ն է: Մինչ դատաբժիշկը դեպքի վայրում կաշխատեր, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով, սպանությունը կատարելու համար ծագած հիմնավոր կասկածանքով, Օրգով գյուղի սարերից մեկում հայտնաբերում են կասկածյալին՝ Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարուժան Գ.-ին: Դեպքի վայրում քննիչները հայտնաբերում են հանցագործության գործիք որսորդական հրացանը եւ կրակված 1 պարկուճ՝ վրանի մեջ, իսկ 1 պարկուճն էլ հայտնաբերվում է հրացանի մեջ:  Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կասկածյալը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է:

 

 

 




Լրահոս