ՀՐԱՆՈԹԻՆ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԳԱԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2001 թվականին էր ծնվել Գագը՝ Գագիկ Աբրահամյանը:

 

Մայրիկը՝ տիկին Ռիտան, պատմում է, որ առողջական խնդիրների պատճառով մի փոքր ուշ էր ծնվել, բայց ոչ ուշացած, ու ամբողջ կյանքում էլ շտապող բնավորություն է ունեցել:

«Ամեն ինչ նախընտրում էր արագ անել, կարծես վախենում էր ուշանալ: Հիշում եմ՝ բուժքույրերը կես կատակ, կես լուրջ «արթունիկ» էին ասում Գագիս, քանի որ երբ մտնում էին սենյակ, տեսնում էին, որ Գագը, աչքերը բաց, այս ու այն կողմ է նայում, կարծես հսկում է բոլորին»:

Մոր խոսքով՝ հետագայում պատերազմի դաշտում հենց այդպես էլ եղավ.

«Հաշվարկի հրամանատար էր, հրանոթի վեց ամիս սերժանտական կուրսեր է անցկացրել Լուսակերտում, ապա տեղափոխվել Իջեւան, այնտեղ շատ քիչ ժամանակ ծառայելուց հետո դիմում է գրում, որ իրեն տեղափոխեն Արցախ:

Նա կարող էր Իջեւանում որեւէ խնդիր չունենալ, բայց Գագն այդ տղան չէր, որ որեւէ մեկի ստվերի, անվան տակ իրեն լավ զգար: Ամեն տեղ ինքն իր անունն էր ներկայացնում»:

Տիկին Ռիտան պատմում է, որ ինչ-ինչ պատճառներով տեղափոխությունն ուշանում է, եւ սեպտեմբերին սկսվում է պատերազմ.

«28 օր Գագը եղել է Արցախում, որի մասին ես միայն երրորդ օրն եմ իմացել: Մատաղիսում էր: Հիշում էր, որ հարմար պահ էր բռնացրել, որ կրակոց չլինի, զանգել էր, հարցնում էր, թե ինչպես եմ, ես ասացի, որ գիտեմ, թե որտեղ է, ասացի. «Գաս, գլուխդ ջարդելու եմ»: Միշտ մեկ րոպեից ավելի չէր խոսում, կարեւորը շեշտում էր, որ հաց կերել է, որովհետեւ գիտեր, որ ինձ համար դա չափազանց կարեւոր է: Ամեն անգամ զանգելիս ծիծաղում էր ու իր զրնգուն ծիծաղը մինչեւ հիմա ականջներումս է»:

Տիկին Ռիտան հիշում է, որ վերջին անգամ 19:01 է խոսել որդու հետ: Ասել է, որ լավ է, ու էլ զանգ չի եղել: Մայրը զգացել է, որ որդու հետ մի բան այն չէ, քանի որ ինչ էլ լիներ, Գագիկը կզանգեր մորը, իսկ այդ օրերի լռությունը ամեն բան ասում էր.

«29-ի առավոտյան արդեն իմացա, որ 5 զինվորներով  սպային օգնելու համար խրամատից դուրս են եկել, եւ այդ պահին հարված է հասցվել արդեն նաեւ իրենց»:

Գագիկը դարպասապահ էր, խաղում էր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում: Հասցնում էր նույնիսկ  հանգստյան օրերին աշխատել:

Շատ երազանքներ ուներ, խելացի էր, կարդացած:

«Եռաբլուր»-ում Գագի կողքին իր հրանոթն է, քանի որ հրանոթի հաշվարկի հրամանատար է եղել, մայրը տղայի սիրելի հրանոթը իրեն մոտ է բերել, քանի որ մեծ սիրով ու նվիրումով էր վերաբերվում իր հրանոթին:

 

 

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արցախյան պատերազմի հետեւանքով ավերվել է աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Աշխարհի հնագույն եկեղեցիներից շատերն այժմ գտնվում են պղծման կամ քանդման սպառնալիքի տակ: Այս մասին ասվում է Christian solidarity International (CSI) կազմակերպության հաղորդագրության մեջ։

«CSI-ի հավատարմությունը հայ ժողովրդին` առաջին քրիստոնյա ազգին, շարունակվում է: Մենք շտապ օգնություն ուղարկեցինք Հայաստանի հարավ Լեռնային Ղարաբաղից 120,000 փախստականների կարիքները հոգալու համար։ Նրանց ճանապարհը դեպի վերաբնակեցում կլինի երկար ու դժվար։ Այս կարիքները բավարարելու համար մենք աշխատում ենք Հայաստանում գործընկերների հետ:

Մենք բանակցում ենք նաեւ Հայաստանում Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնի վերականգնման շուրջ։ Ավելի քան 20 տարի կենտրոնը ժամանակակից օգնություն է ցուցաբերում 1988-1994, 2016 եւ 2020 թվականներին Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմների հետեւանքով հաշմանդամություն ունեցողներին եւ վիրավորներին։ Տա Աստված, որ այս գործը շարունակվի։

Հայ ժողովրդին սպառնացող վտանգը չի անցել. Հայոց ցեղասպանությունը փուլ առ փուլ տեղի է ունեցել 1894 թվականից։

Իսլամական գերակայության եւ պանթյուրքիստական ազգայնականության գաղափարախոսությունները կարծես պահանջում են ոչնչացնել այս ազատ քրիստոնյա ժողովրդին: Թուրքիան եւ Ադրբեջանն արդեն սպառնալից քայլեր են անում Հայաստանի հարավի նկատմամբ, իսկ ադրբեջանական պետական քարոզչությունը Հայաստանի Հանրապետության մեծ մասը կամ ամբողջը հռչակել է «Արեւմտյան Ադրբեջան» եւ հայտարարել. «Մենք պետք է այնտեղ վերադառնանք»։

ԷԼ ԱՍԵԼԻՔ ՉԿԱ…

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում նոր գրառում է կատարել։

«Ճանկողը դառնալու փոխարեն՝ նախընտրեցինք հա զոհը լինել..

էլ ասելիք չկա…

Զոհը հա զբաղված է մի կերպ մազապուրծ լինելով (ժամանակավոր իհարկե):

ճանկողը միշտ ունի ընտրություն, բայց եւ միշտ գործում է արագ ու նպատակային:

….Լեռները թշնամուն տվեցինք ու մնացինք ջրափոսի մեջ սպասող», – գրել է Նազենին։

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձեւավորված օպերատիվ շտաբը այսօր քննարկեց մի շարք աջակցության ծրագրեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով:

Մասնավորապես, ընկերությունը պատրաստ է ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության եւ կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել տեղահանված 300 ընտանիքի՝ համաձայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հաշվառված տվյալների:

Նախատեսվում է նաեւ հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» պանսիոնատի շահագործումն ու ենթակառուցվածքների վերականգնումը՝ տեղահանված ընտանիքներին լրացուցիչ կացարաններով եւ կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:

Զուգահեռ գույքագրվում են կարճաժամկետ աջակցության համար նախատեսվող այլ ռեսուրսներ՝ համակարգող մարմինների կողմից ներկայացվող կարիքներին համապատասխան»:

 

 

ԶԻՋՈՒՄ Է ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են հաջող ելույթներն աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում շարունակվում է շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունը: Կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 5  միավորով 2023 թվականի շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկան աղջիկների առաջնության առաջատարից կես միավոր է հետ:

Տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը դեռեւս վաստակել է 4,5 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 18-րդն է:

Աշխարհի 20 տարեկանների առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 231 շախմատիստներ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 11 տուրից: Մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 2-ին:

 

 

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

Սեւիլիայում թալանել են իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի առանձնատունը. հաղորդում է իսպանական ABC-ն։ Հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի «Սեւիլիա» – «Լանս» (1:1) հանդիպման ժամանակ։

Տանը եղել են «Սեւիլիայի» ֆուտբոլիստի երեխաները դայակի հետ։ Նրանք չեն տուժել։ Հանցագործները գողացել են թանկարժեք ոսկերչական զարդեր։ Սերխիո Ռամոսն այս ամիս է ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել «Սեւիլիա»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։

 

 

 




Լրահոս