ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչո՞վ է զբաղված ՀՀ գլխավոր դատախազությունը, երբ Ադրբեջանը ահաբեկչություն իրականացնելու «հանցակազմով» ձերբակալում կամ կալանավորում  է Արցախի հերոսամարտի գեներալների:

Սեպտեմբերի 27-ին Արցախը լքելու ճանապարհին Ադրբեջանը կալանավորեց  Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։ Երեկ Ադրբեջանի ԱԱԾ-ն հրապարակեց, թե ինչպես են ձերբակալել  ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, որը, Armlur.am-ի տեղեկություններով, եղել է Ռուբեն Վարդանյանի հետ նույն մեքենայում։ Ձերբակալված է նաեւ Արցախի նախկին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը:

Նկատենք, որ 2 տարի առաջ  Ազգային ժողովի ամբիոնից ԱԺ այն ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ահազանգում էր սպասվող վտանգի մասին. «Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մեր մի քանի հարյուր հայրենակիցների նկատմամբ (խոսվում է մոտ 380 մարդու մասին): Ցուցակում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը, ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը եւ այլք: Փոխարենը, մեր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի մի մարզական մեկնաբանի նկատմամբ»։ Ավելին՝ Թագուհի Թովմասյանը բազմիցս նախկին դատախազին հարցադրումներ է արել, թե ՀՀ  գլխավոր դատախազության կողմից ինչու որեւէ քայլ չի նախատեսվել Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով. «Ի վերջո, դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել տարբեր հանցագործություններ, իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են մի շարք կոնվենցիաներով ու օրենքներով։ Հիմա մեր ձեռքերն ազատ են հետախուզելու եւ դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան օգտվել տեղաշարժի իրենց իրավունքից։

Մենք պարտվել ենք պատերազմում, բայց դա չի նշանակում, որ իրավական հակակշիռներ չպետք է ստեղծել»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր պատգամավորն ու դատախազությանը սթափվելու կոչ արել։ Արդյունքում նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լուռ հետեւեց ու որեւէ քայլ  չիրականացրեց: Ներկայիս դատախազ Աննա Վարդապետյանը եւս որեւէ քայլ չի իրականացնում ու հանդիսատեսի նման հետեւում է, թե ինչպես են վարվում մեր ազգային հերոսների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե ինչով է զբաղված դատախազությունը, արդյոք որեւէ հակակշիռ քայլ  արել  է Ադրբեջանի գեներալիտետի, քաղաքական ղեկավարների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով։ Արդյոք Աննա Վարդապետյանը մտադիր չէ՞ հետախուզում  հայտարարելու գործընթաց եւ դժվարություններ ստեղծել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան օգտվել տեղաշարժի իրենց ազատությունից։

Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հորդորեցին դիմել գրավոր։ Կանենք:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ բացահայտել էր, որ ՔՊ կուսակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 1 օրում երկու բնակարան է ձեռք բերել, հաջորդ օրը՝ ավտոտնակ: Սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ մինչ պատգամավոր դառնալը 100 դրամով երթեւեկում էր երթուղայիններով, ոչինչ չուներ, նույնիսկ՝ կայուն աշխատանք: Այդուհանդերձ, Վայոց ձորի մարզպետ, ապա ԱԺ ՔՊ-ական պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել: Հիփոթեքով գնելու դեպքում եւս սա խնդրահարույց է. ինչպե՞ս է մարում 2 տների, 1 ավտոտնակի եւ մյուս վարկերը, հասցնում ապրել ու շքեղություններից օգտվել: Մեր այդ հրապարակումից հետո որեւէ գործընթաց իշխանական պատգամավորի նկատմամբ չէր սկսվել, կարծես արտասովոր ոչինչ չկա, եւ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ 1 օրում՝ երկու տուն, հաջորդ օրն էլ ավտոտնակ գնել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հետաքրքրվել Գլխավոր դատախազությունից, թե արդյոք տիկին Աննա Վարդապետյանին այս փաստը կասկածի տեղիք չի տվել: Առհասարակ, տեղա՞կ է դատախազը իշխանավորների ցոփ ու շվայտ կյանքի մանրամասներից, եւ եթե տեղյակ է, ի՞նչ է անում: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ դատախազությունից հայտնել են. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվող ուսումնասիրություններ սկսելու հանգամանքը, դրանց հիմքերը, ընթացքի վերաբերյալ եւ դրանց արդյունքում ստացված տվյալներն ամբողջությամբ գաղտնի են եւ ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Հետեւաբար, որոշակի անձանց պատկանող գույքերի նկատմամբ ուսումնասիրության առկայության առնչությամբ տվյալներ տրամադրվել չեն կարող»։ Թե դատախազությունը, «որոշակի անձ» ասելով, ում նկատի ունի, պարզ է, բայց անհասկանալի է, թե ինչու է դատախազը ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում, այլ ոչ ամենուր, ինչպես պարտավոր է անել՝ լինելով ՀՀ գլխավոր դատախազ:

 

 

 

Ազգային Ժողովի ներսում փակցված կարող եք տեսնել ցուցանակ, որի վրա գրված է. «Խնայե՛ք ջուրը, Save Water», «Խնայե՛ք էլեկտրաէներգիան, Save Energy», «Պահպանե՛ք անվտանգության եւ հակահրդեհային կանոնները, Keep safety and Fire-fighting rules»։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, թե պետական որ կառույցն ինչպես է օգտագործում խմելու քաղցրահամ ջուրը։ Այսպիսով, խմելու ջուր խնայելու մասին քարոզ անող Ազգային Ժողովը 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 28-ը 4 մլն 125 հազար դրամ արժողությամբ «ըմպելու ջուր» է գնել։ Գնումը կատարվել է «Ագրոսյան» ՍՊԸ-ից։ Ընկերության դեմ հարուցվել է վարչական վարույթ, եւ գանձման ենթակա գումարը կազմել է 1 մլն 556 հազար դրամ։ Վարչական ակտ ընդունելու մասին հարկ վճարողը պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն չի ներկայացել վարույթի նյութերին ծանոթանալու համար եւ որեւէ բացատրություն չի տվել:

 

 

 

Հաջորդ շաբաթ իշխանական պատգամավորները կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ կանի: Ինչպես իշխանական աղբյուրներն են փոխանցում, նիստը հերթականներից չի լինելու: Կարեւոր հարցեր կան քննարկելու, որոնք միայն ԱԺ նստաշրջանին չեն առնչվում, ուստի ՔՊ խմբակցության ղեկավարությունն ասել է, որ բոլոր պատգամավորները ներկա լինեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, քանի որ սպասվում է, որ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը լարված է անցնելու՝ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակով պայմանավորված: Իշխանականների համար ոչ հաճելի ելույթներ եւ հարցեր են հնչելու ԱԺ-ում, ուստի պետք է նախապես պատրաստվեն, որպեսզի ամեն ինչի պատասխանն ունենան ու կարողանան տակից դուրս գալ այդ հարցերի, թեեւ նախնական որոշում կա արդեն՝ ամեն ինչ բարդել նախկինների եւ ռուսների վրա: Հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը, խորհրդարան է գնալու նաեւ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ականները նաեւ պետք է իրար մեջ բաժանումներ անեն, թե ով ինչ հարց է այդ օրը տալու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա պատրաստվի:

 




Լրահոս