Գլխավոր դատախազը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հայտնում են դատախազության Հանրային կապերի բաժնից:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Վասիլիս Մարագոսի՝ տարածաշրջանի զգայուն խնդիրների վերաբերյալ խոր իրազեկվածությունը կնպաստի առաքելության արդյունավետ իրականացմանը, օրենքի և մարդու իրավունքների գերակայության ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին և ՀՀ դատախազության կողմից օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին՝ ուղղված Քրեական օրենսգրքով արգելված արարքներ կատարած անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելուն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցությանն ուղղված համաձայնագրի մշակման աշխատանքներին: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցությունը կնպաստի անդրազգային հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի հետ համագործակցության ձևաչափին, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ ոլորտային համատեղ ծրագրերի շրջանակներին:




Լրահոս