34 երկիր համատեղ հայտարարությամբ է հանդես եկել՝ Արցախի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին Ժնևում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։

Հայտարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրականացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները և երաշխավորել հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Ըստ տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության զեկույցի, Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, տեղահանվել է Հայաստան: Զեկույցում նշվում են այն տառապանքները, որոնց նրանք ենթարկվել են նման փորձության արդյունքում:

«Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղում դեռևս մնացած հայերի անվտանգությունն ու իրավունքները և անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան գնալ իրենց տները: Հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը ևս պետք է երաշխավորվի։ Նաև, կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները: Կոչ ենք անում Հայաստանին՝ միջազգային համայնքի աջակցությամբ, շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել ճգնաժամի հետևանքով տեղահանված անձանց», – ասված է հայտարարության մեջ:




Լրահոս