«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ։

 

-Պարո՛ն Հակոբյան, տարիների պայքարից հետո Արցախն ընկավ, հունվարի 1-ից փաստացի Արցախի Հանրապետությունը լուծարվելու է: Ինչո՞ւ այս իրավիճակին հասանք, որտե՞ղ սխալվեցինք:

-Մենք այս իրավիճակին հասել ենք 2018թ.-ին

-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ եթե հեղափոխություն չլիներ, ապա հնարավոր կլինե՞ր խուսափել Արցախի կորստից:

-Իմ կարծիքով՝ այո: Իշխանափոխություն չպետք է անեին: Հազար մանրուք կա. եթե ղեկավարը երկիրը տանում է կործանման, հասնում ենք կործանման: Իսկ թե ինչ սխալներ արեցին, ով սխալ արեց, չեմ կարող հիմա ամբողջը վերլուծել. բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ՝ սխալները որոնք էին:

-Պարո՛ն Հակոբյան, բայց գործող իշխանություններն էլ հակառակն են պնդում, ասում են, որ այս իրավիճակը 30 տարվա բանակցությունների արդյունք է, իրենք վատ ժառանգություն էին ստացել, ու այլեւս հնարավոր չէր այս իրավիճակից խուսափել:

-Թող իշխանություն չվերցներ։

-Ժողովուրդն էր 2018թ.-ին պահանջում իշխանափոխություն, փողոցներ էին փակում, անհնազանդության ակցիաներ էին անում:

-Թող իրենք էլ հրաժարվեին, եթե տեսնում էին, որ վատ ժառանգություն են ստացել, թող հրաժարվեին, ասեին՝ ժողովո՛ւրդ ջան, չենք կարող ձեր ցանկությունները կյանքի կոչել։ Հազար մարդ կա, որ պաշտոն են առաջարկում, հրաժարվում է:

-Պարո՛ն Հակոբյան, իսկ վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ իշխանափոխությունը, ի՞նչ դեր խաղաց այստեղ։ Հայաստանի իշխանությունները պնդում են՝ դա է առիթ հանդիսացել, որ իրավիճակը լարվի:

-Դա որեւէ նշանակություն չունի: Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել. ես հազար անգամ անդրադարձել եմ սրան, անգամ այնպիսի խոսքեր եմ ասել, որ մարդիկ հասկանան, ասել եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանի կինը հասկանար, թե իր ամուսինն ինչ փաստաթուղթ է ստորագրել, նրան չէր թողնի՝ տուն մտնի: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ամեն բան գրված է. այս գործընթացը, որ հիմա գնում է, դրա հետեւանքն է, բայց դեռեւս չի ավարտվել: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր կետերը կատարվել են՝ բացառությամբ 2 կետի:

-Պարո՛ն Հակոբյան, հաշվի առնելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հաճախ են խոսում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, հնարավո՞ր է Սյունիքում սահմանային լարումներ լինեն առաջիկայում:

-Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ սեւը սպիտակի վրա գրված է, ցանկացած մարդ, որը զբաղվում է ղեկավարմամբ, քաղաքականությամբ, պետք է կարողանա կարդալ, հասկանալ դա: Փաստաթղթում գրված է ամեն բան. ով քիչ թե շատ հասկանում է քաղաքականությունից, պետք է կարդա դա ու հասկանա այդ կետերի հետեւանքները:

-Արցախի մի շարք պաշտոնյաներ եւ ՊԲ հրամանատարներ գերեվարվել են, Ադրբեջանը ձերբակալել է նրանց ու շինծու մեղադրանքներ առաջադրել. այս մասին ի՞նչ կասեք:

-Սպասելի էր դա, անսպասելի ոչինչ չկա:

-Պարո՛ն Հակոբյան, իսկ նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ ապագայում բանակցությունների միջոցով կարողանանք հետ բերել Արցախը:

-Ես երազանքներով չեմ ապրում: Ուզում է աշխարհը շուռ գա, այն, ինչ կորցնում ես, կորցնում ես, վե՛րջ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՔՊ-Ն ԱՆԱՐԳՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ

ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվություն ստանալու իրավունք: Մասնավորապես, հարցման հասցեատերը պետք է կա՛մ 5-օրյա ժամկետում պատասխանի հարցերին, կա՛մ նշի մերժման պատճառները, կա՛մ պահանջի 30-օրյա ժամկետ՝ հավելյալ աշխատանքի համար: Այս հոդվածների մասին տեղյակ չլինելը ամոթ չէ, բայց օրենսգրքի էջերը չթերթելը գոնե հավելյալ հուշումներից հետո էլ, մեղմ ասած, անհասկանալի է, հատկապես՝ այն դեպքում, երբ դու իշխող ուժ ես կամ ուժի ներկայացուցիչ:

 

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 3-ին տեղեկատվություն ստանալու մասին հարցում էր ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե հուլիսի 31-ին «Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ՔՊ կուսակցության դրամահավաքի նվիրատուներն ովքեր են: 5-օրյա ժամկետն անցավ՝ լռություն: Ենթադրելիք 30 օրյա ժամկետն անցավ՝ լռություն: Սեպտեմբերի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է կուսակցությանը. «Հարգելի՛ գործընկերներ, նամակ ունեք, վերանայե՛ք»: Կրկին լռություն:

Դեպքի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հնարավոր ելքեր կան նման պարագայում: Փաստացի արհամարհվում է օրենքն իշխող ուժի կողմից: Պարզվում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ թե որեւէ իքս լրատվամիջոցի չի պատասխանում, այլ բոլորին: ԻԱԿ-ը եւս 2023 թվականի օգոստոսի 23-ին հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությանը նույն թեմայով՝ նույն մեռյալ լռությանն արժանանլով. փորձը կրկնել է սեպտեմբերի 11-ին: Լռության հերթական ալիքից հետո հիշեցրել են սոցցանցերով:

Նշենք, որ օրենքի որեւէ կետով սահմանված չէ, որ պետք է հարցումն ուղարկելուց հետո անընդհատ նաեւ հիշեցումներ անել սոցիալական տարբեր էջերով: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ իշխող քաղաքական կուսակցությունը կա՛մ խուսափում է նվիրատուների ու իրենց հավաքի մասին հարցերից, կա՛մ արհամարհում է օրենքը:

«Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշեցում.

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 51

1.Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

  1. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաեւ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

6-րդ հոդված

1.Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը։

11-րդ հոդված

  1. «Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը»։

 

 

 

 

ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ԿԱՌԵՐԵՍՎԻ ԶԻՆՎՈՐԻ ՀՈՐ ՀԵՏ

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը կառերեսվեն։ Բանն այն է, որ պատգամավորի ու զինվորի հոր  ցուցմունքներում հակասություն կա, ուստի իրավապահները Հովիկ Աղազարյանին կկանչեն կոմիտե՝ առերեսման։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են կանչել ու հարցաքննել, որտեղ նա ցուցմունք է տվել ու ասել, որ իրեն հայհոյել են, իսկ ինքը որեւէ հայհոյանք չի տվել։ Քննիչը, լսելով ՔՊ-ական պատգամավորին, ավելի ուշ այլ բան է պարզել. նրան պաշտպանական կողմը ներկայացրել է տեսանյութ, որով հիմնավորվել է, որ պատգամավորը կեղծ ցուցմունք է տվել:

Իրականում Աղազարյանը եւս հայհոյել է զոհվածի ծնողին եւ առանց ամաչելու ստել է քննիչին՝ փաստացի կեղծ ցուցմունք տալով: Նշենք, որ Հովիկ Աղազարյանը առաջին անգամ չէ նման պատմության մեջ հայտնվում։ Նա ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլն էր ոտքով հրել ու թափել, սակայն իրավապահները նրան խուլիգանության համար պատասխանատվության չկանչեցին: Արցախցի Տաթեւ Վիրաբյանին էր անձնական նամակով հայհոյել ու կրկին անպատիժ մնացել։

Այնինչ, երբ ՔՊ-ականի հայհոյեցին, ապտակեցին, իրավապահները անմիջապես զինվորի հորը կալանավորեցին. սա ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումն է:

Ընդգծենք, որ սուտ ցուցմունք տալը քրեորեն պատժելի է:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բանակցությունների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ԱՀ երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ Արցախում մնացած կառավարության մեծ մասը, ուժայինների ղեկավարությունը հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձել են Հայաստան:

Հիշեցնենք, որ Հակարիի կամուրջը հատելիս ադրբեջանցի սահմանապահները գերեվարել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նրանց հետագայում կալանավորել են ու շինծու քրգործեր հարուցել նրանց դեմ։

Ադրբեջանի «սեւ ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել էր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Նրան Ադրբեջանում կալանավորել են եւ կեղծ մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի ավելի քան 25 հոդվածներով։

Չորս ձերբակալվածների ազատ արձակման շուրջ բանակցություններ են ընթանում։

 

 




Լրահոս