ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՏՆՕՐԵՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ավարտվել է «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական անփութություն, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իրեն վստահված գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ հիմնավորվել է, որ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ.-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսեւորել է անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք՝ անզգուշությամբ էական վնաս պատճառելով կազմակերպության եւ պետության օրինական շահերին, ինչպես նաեւ պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում ներառելով կեղծ տեղեկություններ՝ հափշտակել է իրեն վստահված գույքը:

Մասնավորապես, հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը իր պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պատշաճ հսկողություն չի իրականացրել դասախոսների եւ ուսանողների՝ սահմանված կարգին համապատասխան գործելու նկատմամբ, ինչի պայմաններում 2014-2015թթ. ուսումնական տարվա դասամատյանում՝ ՀՀ-ից դուրս գտնվող երկու ուսանողի անվան դիմաց՝ «առաջադիմությունների եւ հաճախումների ընթացիկ հաշվառում» էջերի գրառումներում, չեն գրանցվել վերջիններիս՝ մի քանի ամիսների բացակայությունները, դասամատյանում նշանակվել են կեղծ գնահատականներ, նշանակվել են ստուգարքներ եւ քննություններ:

Արդյունքում կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հիշյալ ուսանողների ուսումը շարունակելու հիմք են հանդիսացել, որոնց հիման վրա՝ փաստացի դասընթացներին չմասնակցած եւ համապատասխան գիտելիքներ չստացած ուսանողներին հնարավորություն է տրվել փոխադրվել հաջորդ կուրս:

Բացի այդ, «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը 2014-2019թթ. ընթացքում որպես վարորդներ աշխատանքի է ընդունել 5 անձի, որոնց ամրակցել է կազմակերպության հաշվեկշռում հաշվառված, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետեւ հիշյալ ավտոմեքենայի երթուղային թերթերում եւ վառելիքի պահանջագրերում, նույն կազմակերպության տնտեսվարի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ավտոմեքենան շահագործելու պատրվակով 9971 լիտր բենզինի օգտագործման վերաբերյալ, եւ այդ կեղծված փաստաթղթերը հաստատվել են տնօրենի կողմից։

Արդյունքում նշված 9971 լիտր բենզինի համար ելքագրված՝ կազմակերպության տնօրենին վստահված պետական միջոցները հափշտակվել են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, 445-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Որոշում է կայացվել որպես այլընտրանքային խափանման միջոց պաշտոնավարման կասեցում ընտրելու մասին:

Կազմակերպության տնտեսվարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

 

 

ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԱՆԵՐՁԱԳԸ

2023թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է հարձակվել իր վրա, ինչից հետո ինքը խողովակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին: Նույն օրը՝ ժամը 21:57-ին, հաղորդում է ստացվել նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ շտապօգնության խումբը Երեւանի Կոնդի փողոց 37 տան մոտից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երեւան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդու, որը որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացված քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու նախնական մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ դեպքի օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձի՝ Երեւան քաղաքի 28-ամյա բնակչի եւ տուժողի միջեւ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս, նախնական տվյալներով, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարձակվել է երիտասարդի վրա։

Վերջինս, ի պատասխան, գետնից վերցրել է երկաթյա խողովակ եւ հարվածել տուժողի գլխին եւ մարմնին, ինչի հետեւանքով տղամարդը վայր է ընկել, որից հետո փորձել է ոտքի կագնել, սակայն երիտասարդը ոտքով հրել է վերջինիս, եւ նա կրկին ընկել է գետնին:

Դեպքից անմիջապես հետո երիտասարդը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել կատարվածի մասին: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Նախաքննության ընթացքում վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մատնացույց է արել դեպքի վայրը, ներկայացրել վարույթի համար էական նշանակություն ունեցող մանրամասներ: Զննության ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել են հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա խողովակը, տուժողի մոտ եղած դանակը, կատարվել են նմուշառումներ:

Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն:

 

 

 

ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սամվել Բալդրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային կազմի պահեստազորային, կոչումով շարքային, պատշաճ ծանուցված լինելով տարածքային ստորաբաժանում ներկայանալու մասին, վարժական հավաքներին մասնակցելու նպատակով չի ներկայացել Տավուշի մարզի թիվ 2 տարածքային ստորաբաժանում եւ չի մեկնել վարժական հավաքի։

 

 

 

ՀԱՐՎԱԾ՝ ԳԼԽԻՆ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոնդի տներից մեկում իր նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա, եւ ինքը պաշտպանվելով խողովակով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, նաեւ` գլխին: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե: Մարմնական վնասվածքներ ստացած եւ անգիտակից վիճակում գտնվող 43-ամյա նախկին փեսային շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ահազանգողը` Սիսիանի բնակիչ 28-ամյա երիտասարդը, ժամը 21:45-ին, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել եւ տեղափոխվել է Կենտրոնական բաժին: Ժամը 22.45-ին հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ 43-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է: Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

 

 

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 3.20-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվել է հաղորդում, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Բաղրամյան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է Երեւան-Էջմիածին ճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուքում պարզվել է, որ գիշերային ակումբում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է ծագել տուժածի, նրա 18 ու 19 տարեկան համագյուղացիների եւ Այգեշատ գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդի ու նրա ընկերոջ միջեւ: Դրսում վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում խաթարվել է ակումբի բնականոն աշխատանքը, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը: Ծեծկռտուքի ժամանակ էլ 23-ամյա այգեշատցին իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 34-ամյա բաղրամյանցուն ու դիմել փախուստի: Հետագա միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը դանակահարողը կամավոր ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ խոստովանել արարքը: Նա եւ նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

 




Լրահոս