ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՐՑԱԽԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ վաղ առավոտից, «Արցախբանկ»-ի մոտ հերթեր էին գոյացել. մարդիկ կտրոնը քաշել եւ սպասում էին, թե իրենց հերթը երբ կհասնի, որպեսզի հասկանան՝ ինչպես են կարողանալու ստանալ բանկում թողած իրենց հասանելիք գումարը կամ ավանդը:

 

Բնակիչներից մի քանիսի հետ խոսելիս հասկացանք, որ շատերը մնալու տեղ անգամ չունեն, եւ դա կապված է ոչ թե գյուղում կամ քաղաքում ապրելու նախապայմանի, այլ առաջարկված պայմանների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ պայմաններ են առաջարկվում արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց նրանք չեն համաձայնում:

Տիկին Արմինեն եկել էր Մարտակերտի շրջանից, ամուսնու հետ սպասում էին իրենց հերթին՝ հասկանալու համար, թե արդյոք կարող են բանկից վերցնել իրենց հասանելիք ավանդը, որն իրենց անունով չէր, այլ տատիկի, որը բավականին ծեր է, եւ վերջին դեպքերից ելնելով՝ անգամ տեղաշարժվել չի կարող: Մտահոգ սպասում էր իր հերթին՝ վստահ լինելով, որ բանկից առանց որեւէ բանի դուրս է գալու կամ էլ լավագույն դեպքում ասելու են. «Ձեր անունով չէ, տատիկին բերե՛ք»: «Եկել ենք Մարտակերտի շրջանից, տուն-տեղ, ամեն բան թողել եկել ենք։ Ներկա պահին անգամ մնալու տեղ չունենք, հիմա էլ սպասում եմ իմ հերթին, տեսնեմ՝ ինչ կասեն: Ավանդը մեր տատիկի անունով է. եթե ասեն իրեն բեր, չգիտեմ՝ ոնց բերեմ, էդքան ապրումներից հետո անգամ նորմալ խոսել չի կարողանում, դժվարանում է անգամ քայլել: Առանձնապես հույս էլ չունեմ, որ ինչ-որ բան կլինի»,-ասաց տիկին Արմինեն:

Իսկ տիկին Անահիտը լուռ ու մտահոգ սպասում էր՝ հասկանալու համար, թե, բանկից եղած իրենց հասանելիքից բացի, ոնց պիտի տուն գտնեն. «Ես եկել եմ Ասկերանի շրջանից, ներկա պահին ապրում ենք ամուսնուս ընկերոջ տանը։ Մեզ տարել են, Աբովյանի ինչ-որ գիշերօթիկի տարածք են առաջարկում, որտեղ սանհանգույցը եւ շատ այլ ուրիշ բաներ ընդհանուր են։ Ամուսինս առողջական խնդիրներ ունի. եթե անգամ ես էլ կարողանամ, նա հաստատ չի կարողանա։ Առավոտից ոնց հերթ կանգնի էդպես հիվանդ, որ մի բանից կարողանա օգտվի: Ես համաձայն եմ՝ թող գյուղում լինի, վերանորգված էլ չլինի, թեթեւ ապրելու պայմաններ լինեն։ Տան գները 250.000-ից են սկսվում, մենք էլ թոշակով ապրող մարդիկ ենք, ո՞նց տանք էդքան գումար: Գոնե հասկանանք՝ որտեղ ենք գտնում տուն, որ աշխատանք էլ գտնենք, հարմարվենք»:

Տիկին Անահիտը վերջում նշեց, որ իրենք եկել են ընդամենը մեկ պայուսակով: Ովքեր մեքենա են ունեցել, կարողացել են որոշ իրեր հետները բերել, ոմանք էլ հարեւանի հույսին են մնացել: Կարողացել են ընդամենը մի քանի շոր կամ կարեւոր փաստաթուղթ վերցնել:

ՕՖԵԼՅԱ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ այս ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ հետեւյալ ժամանակացույցով՝ աշնանային՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռային՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 18-ից 31-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ եւ գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:

ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՄԵՏՐՈՅՈՒՄ

Արդեն քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում տարբեր անձանցից այն մասին, որ չեն կարողանում օգտվել մետրոյից։ Պատճառն այն է, որ հատկապես առավոտյան ժամերին գնացքները գերծանրաբեռնված են լինում, իսկ կայարաններում շատերը մնում են դրսում։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանին՝ հասկանալու համար, թե որն է պատճառը։ Ի պատասխան՝ նա նշեց. «Երեկվանից սկսած՝ գնացքների միջեւ միջակայքը եղել է վեց րոպե, ուղեւորահոսքը կրկնապատկվել է։ Դա է պատճառը, որ մարդիկ դժվարությամբ են օգտվում մետրոպոլիտենից։ Սակայն մենք պահպանում ենք նաեւ անվտանգության կանոնները, որը մեզ համար ավելի կարեւոր է։ Գրաֆիկի համաձայն՝ գնացքների միջեւ միջակայքը եղել է վեց րոպե»։

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Բերդ համայնքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման մասին լուրը անհանգստություն է առաջացրել  համայնքի բնակիչների մեջ։ Բերդցիները դեմ են իրենց համայնքում երկրաբանական հետազոտություններին, դրանից հետո՝ մետաղական հանքավայրի շահագործմանը։ Նրանք մտավախություն ունեն, որ բաց եղանակով  հանքավայրի շահագործումը խնդիրներ կստեղծի շրջակա միջավայրի համար, կաղտոտի սարերից սկիզբ առնող խմելու ջրաղբյուրները։ Սեպտեմբերի 28-ին Բերդ քաղաքի մշակույթի տանը նախատեսված էր հանրային քննարկում, սակայն, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանին ուղղված «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի դիմումի հիման վրա, այն  հետաձգվել է: Դիմումի մեջ, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով վերջին օրերին Արցախի Հանրապետության բնակչության զանգվածային տեղահանության ֆոնին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված բարդ իրավիճակը, ինչպես նաեւ նպատակ ունենալով ապահովել «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների պատշաճ մասնակցությունը ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտի տարածքում՝ որպես ընդերքի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման ծրագրի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը (լսումներին)՝ խնդրում ենք հետաձգել 28.09.2023թ. ժամը 16։00-ին Բերդ համայնքի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կայանալիք հանրային բաց քննարկումը»: «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն հայտնել է, որ հանրային քննարկման անցկացման օրվա եւ ժամի մասին նախապես կտեղեկացնի։

 

 

ԿՈՎԵՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ, ՄՈՐԹԵԼ

Սեպտեմբերի 29-ին անասնագողություն է կատարվել Նոյեմբերյան համայնքի Ջուջեւան գյուղում։ Ջուջեւանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանը հայտնեց, որ այդ օրը՝ ցերեկով, միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող արոտավայրում անհայտ անձինք մորթել են գյուղի բնակիչ Արմեն Հարությունյանի կովը, տեղում թափել կովի փորոտիքը եւ մսեղիքը գողացել։ Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի վարչական ղեկավար Արարատ Թամրազյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի լույս 30-ի գիշերը Կողբ գյուղի ծայրամասում գտնվող «Պողոսի հող» տեղանքից գողացել են Կողբի բնակիչ Հմայակ Աբովյանի կովը: Անասնագողերը նույն ձեռագրով են գործել, անասունը մորթել, փորոտիքը թափել, մսեղիքը տարել են։ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում նախկինում նման եղանակով անասնագողություններ չեն եղել։ Դա կարող է նշանակել, որ գողերը  այլ մարզերի բնակիչներ են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս