ՀՖՖ-Ն ԼՈՒՌ Է. ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի արտագնա հանդիպումը D խմբի առաջատար Թուրքիայի ընտրանու հետ:

Բնականաբար, տեղի ունեցած հանդիպումը իրենից ենթադրում էր սպորտային միջոցառում՝ թաքնված քաղաքական աստառով:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայկական հավաքականից եւ նրանց հետ Թուրքիա մեկնածները պատմել են, որ սեպտեմբերի 9-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի եւ Թուրքիայի ընտրանու հանդիպման նախորդ գիշերը թուրք երկրպագուները սուլոցներով, աղաղակներով շրջապատել են այն հյուրանոցը, որտեղ անցկացրել են գիշերակացը հայ ֆուտբոլիստները: Աղմկելով նրանք նպատակ են հետապնդել թույլ չտալ ֆուտբոլիստներին քնել, հանգստանալ եւ հաջորդ օրը հավուր պատշաճի խաղալ մարզադաշտում:

Դրանից զատ, բոլորս էլ տեսանք, որ հանդիպման ընթացքում բազմաթիվ ագրեսիվ գործողություններ կատարվեցին հենց մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հետ (սուլոցներ, հայհոյանքներ, շշերի նետում ֆուտբոլիստների վրա եւ այլն):

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ճշտելու, թե ՀՖՖ-ն այս առնչությամբ ինչ քայլեր է ձեռնարկել:

Ինչու՞ Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ դրոնով դաշտի վերեւում դուրս բերված Արցախի դրոշը Ադրբեջանը համարում է «սադրանք» եւ դիմում ՈՒԵՖԱ՝ որպես բողոք, իսկ ՀՖՖ-ն որեւէ բողոք չի ներկայացրել թուրքերի վարքագծի եւ անօրինականությունների մասով:

Այս առումով՝  «ձայն բարբառո հանապատի»: ՀՖՖ-ն նախ խոստացավ հնարավորինս արագ պատասխանել պաշտոնական հարցմանը, որը ուղարկվել էր մեր կողմից, ապա պարզապես ցուցաբերեց մեռելային լռություն, ինչպես հատուկ է իշխող քաղաքական ուժին, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր:

Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս ապրիլին, երբ Հայաստանում ընթանում էր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին ի սկզբանե նախատեսված էր ադրբեջանցի մասնակիցների ընդգրկումը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջել է հավելյալ անվտանգային միջոցառումներ, որոնց մասին բարձրաձայնել չցանկացավ: Ավելի ուշ դիզայներ Արամ Նիկոլյանը բացման միջոցառմանը վառեց Ադրբեջանի դրոշը, ինչի հետեւանքով Ադրբեջանի ջանքերով Ծանրամարտի աշխարհի առաջնության՝ Հայաստանում կայանալը չեղարկվեց:

Եվ այսպես, բոլոր ոլորտներում Ադրբեջանը կշարունակի «իրենը առաջ տանել», իսկ ՀՀ իշխանությունը փոխարենը կլռի ու բարձրագոչ հայտարարություններ կանի միայն ԱԺ ամենաբարձր ամբիոնից եւ միայն ընդդիմության հասցեին:

 

 

 

 

Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում  մշտական եւ լիազոր ներկայացուցչի հարցը մնում է առկախված: Դեռեւս այս տարվա սեպտեմբերի 5-ին  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ էր կանչել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից, եւ մինչ օրս այդ պաշտոնում նոր նշանակում չի եղել: Ստացվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, բայց եւ որեւէ մեկի չի նշանակում այդ կառույցում: Հիշեցնենք, որ Վիկտոր Բիյագովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել 2018 թվականին: 2017թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ Յուրի Խաչատուրովը: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը  հետ կանչեց Խաչատուրովին այդ պաշտոնից, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել  «Մարտի 1»-ի գործով. Խաչատուրովը մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու համար։ Մեղադրանքի առաջադրումը բողոքներ էր առաջացրել ՀԱՊԿ կառույցի ներսում: Ինչ վերաբերում է Բիագովին, ապա նա մինչ ՀԱՊԿ-ը` 2014-2018 թվականներին, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Բիյագովն այժմ նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին  Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր նոր ներկայացուցիչ չնշանակել: ԱԳՆ-ից, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»  օրաթերթը հետաքրքվեց՝ արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանը նոր ներկայացուցիչ նշանակելու է, թե ոչ, երբ եւ  ովքեր են թեկնածուները: Մեր այս հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ, ըստ սահմանված ընթացակարգի, ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակման ժամանակ կտեղեկացնեն: Այն, որ ՀԱՊԿ-ն անգործության է մատնված եւ վերածվել է մի անարդյունավետ կառույցի, անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների դեպքում է «խուլ ու համր» ձեւանում, դա փաստ է, բայց անհասկանալի է, թե ինչ է տալու այդ անվտանգային մեխանիզմից դուրս գալը, կամ դուրս չգալու մասին չհայտարարելը, բայց որեւէ մեկին չնշանակելը: Արդյոք Հայաստանի անվտանգության համար այլընտրանք ունի՞ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

Արցախից քայլելով եւ ադրբեջանցիներին բարեւելով Հայաստան տեղափոխված Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, եկած-չեկած, արդեն իր երկակի խաղերն է սկսել նաեւ այստեղ: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը Արցախից տեղահանված եւ Հայաստանում բնակություն հաստատած շատ արցախահայերի հորդորել է գնալ ու մասնակցել ընդդիմության՝ վերջերս ձեւավորված «Ազգային կոմիտե»-ի հանրահավաքներին: Բաբայանն այս քայլին գնացել է՝ հանուն «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի: Ինչպես մեր հավաստի աղբյուրներն են փոխանցում, Սամվել Բաբայանը արցախցիներին ասել է, թե պետք է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, քանի որ Թեւանյանը «մերն է»: Տեղահանված արցախցիների մեծ մասն էլ, ականջալուր լինելով Սամվել Բաբայանի կոչին, գնացել են ու մասնակցել են իշխանության հրաժարականի պահանջով հավաքներին, որոնք ընդամենը 2-3 օր տեւեցին: Ստացվում է, որ նույն Սամվել Բաբայանը, որը Արցախում համարվում էր Նիկոլ Փաշինյանի խոսնակը, երկակի խաղեր է խաղում՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա առաջ քաշած վտանգավոր թեզերն է պաշտպանում, մյուս կողմից՝ կոչ է անում արցախցիներին, որ նրա հրաժարականի պահանջով հանրահավաքներին մասնակցեն: Մեզ հետ զրույցում Անդրանիկ Թեւանյանը, անդրադառնալով այս տեղեկությանը, ասաց, թե այն չի համապատասխանում իրականությանը։ «Դա բամբասանք է: Ես ի՞նչ մեկնաբանեմ, եթե նման բան չկա: Ինչ վերաբերում է մեր հավաքներին, ապա դրանց բոլորն էլ պետք է մասնակցեն, այդ թվում՝ արցախահայերը: Մեր հավաքներին միշտ էլ մեծ թվով արցախահայեր են եղել եւ լինելու են»,- ասաց Թեւանյանը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, բացի անշարժ գույքից եւ ոսկյա իրերից, գրավադրված ապրանքների շարքում կան նաեւ կենդանիներ։ Քանի որ հայերս սովորություն ունենք ոսկյա իրեր գրավադնել, այս հարթակում կա ոսկյա իրերի լայն տեսականի, բայց կենդանիներն ինչպես են գրավադրվել, անհայտ է։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կարող եք գտնել 25 հազար 126 դրամ արժողությամբ Բուլդոգ ցեղատեսակի շուն, տարիքը՝ 8-9 ամսական։ Հաջորդ կենդանին եւս շուն է, եւ «Նկարագրություններ»  բաժնում գրված է. «Հավանաբար Տոյ Սպանիել/Պապիլոն/ եւ Չիխուախուա ցեղատեսակների խառնուրդ, մոտ 8-15 ամսական»։ Աճուրդում շատ են նաեւ առօրյա օգտագործման իրեր՝ մանկական հագուստ՝ 1000, 2000, 3000 դրամ արժեքով։ Ամենահետաքրքիրն այս շարքում 35 հազար 21 դրամ արժողությամբ սանրերի խուրձն էր՝ 744 հատ, նկարագրությունը՝ «Նոր, ապրանքային տեսքը պահպանված»։ Հաջորդը եւ ամենաուշագրավը  հեմոդիալեզի սարքերի՝ աճուրդում գտնվելն էր. այն արժե 64 հազար դրամ այն պատճառով, որ տեսքից այն բավականին հին է։ Բազմիցս առողջապահական ոլորտի մասնագետները բարձրաձայնում են, որ սակավ են հեմոդիալեզի սարքերը, եւ էքստրենալ արյան մաքրման այդ մեթոդով գործածվող սարքերը չեն բավականացնում։ Առողջապահության նախարարությանը բազմիցս դիմել ենք այս ոլորտում սարքերի եւ կայանների համալրման համար, սակայն ոչ մի պատասխան չկա։ Հիշեցնենք, որ Հայաստանում Առողջապահության նախարարության կողմից կան լիցենզավորված՝ բժշկական հաստատությունների 14 մասնագիտացված բաժանմունք: Քանի որ քրոնիկ երիկամային անբավարարությունը, ըստ մահվան պատճառների, զբաղեցնում է 11-րդ տեղը, այս դեպքում 14 բաժանմունքները եւս կարող են չբավարարել։ Մարզերում եւ Երեւանում բաշխված բաժանմունքները կան, սակայն պետպատվերները միայն Երեւանում կատարվող հեմոդիալեզի դեպքում է գործում։ Այլ տեղերում պետպատվերի համակարգ հեմոդիալեզի դեպքում չի գործում։

 

 




Լրահոս