ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երեւանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին 15-16 տարեկան բռնցքամարտիկներ կմասնակցեն տղաների եւ աղջիկների 13-ական քաշային կարգերում:

 

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ IBA օրացույցում աշխարհի պատանեկան առաջնություն է գրանցվել 8 տարվա դադարից հետո: Պատանիների վերջին մրցումներն անցկացվել են 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում, իսկ աղջիկներինը՝ չինական Թայբեյում։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի համատեղ ձեւաչափով:

IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային շարունակական աջակցության համար եւ վստահություն հայտնել, որ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով:

«Երեւանն արդեն մի քանի մասշտաբային միջոցառումներ է հյուրընկալել, եւ մենք միանգամայն վստահ ենք, որ աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի բացառիկ չափանիշներով»,- ասել է Ումար Կրեմլյովը:

Նշենք՝ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի նախկին «Միկա» մարզահամալիրում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը պատանեկան ԱԱ-ն անցկացնելու հայտ է ներկայացրել՝ հաշվի առնելով, որ այդ տարիքային խմբում արդեն իսկ լավ ձեւավորված հավաքական ունենք:

«Մեր պատանի բռնցքամարտիկները սկսել են լուրջ արդյունքներ ցույց տալ: Մասնագետների կարծիքով՝ նրանց շրջանում ապագա շատ լուրջ բռնցքամարտիկներ կան: Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ որոշեցինք հայտ ներկայացնել, որն էլ բավարարվեց»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Այս տարվա ապրիլին Երեւանում անցկացվել էր Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով՝ Հայաստանի թիմը 1 ոսկե, 2 արծաթե ու 10 բրոնզե մեդալ էր նվաճել:

Ավելի վաղ հայ պատանի բռնցքամարտիկները նաեւ 2 ոսկե եւ 7 արծաթե մեդալ էին նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Հիշեցնենք՝ Երեւանում 2022 թվականին առաջին անգամ անցկացվել է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), փոխչեմպիոններ էին դարձել Արթուր Բազեյանն (57 կգ) ու Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ, իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

 

 

 

ՇՊՌՈՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երգչուհի Շպռոտը Հայաստանում է։ Նա ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է. «Պատրաստվում ենք գնալ Անաիս Սարդարյանի մոտ։ Գնումներ կատարեցինք արցախահայության համար։ 90.984 դրամի սնունդ եւ խնամքի պարագաներ։ Շնորհակալություն բոլոր կամավորներին, դուք հրաշք եք»։

Նշենք, որ դերասանուհի Անաիս Սարդարյանը ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ այս պահին կամավորների, իր թիմի եւ նվիրատուների ջանքերով օգնություն է տրամադրում մեր հայրենակիցներին։

Հավելենք, որ մինչ այս մեծաքանակ օգություն է տրամադրել ամրիկահայ երգչուհի Լիլուն, ռուսաստանաբնակ երգիչ Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը եւ այլք։

 

 

 

ԼՅՈԿԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Վալերի Ղազարյանը՝ ռեփեր Լյոկան, ինստագրամյան իր էջում անդրադարձել է Արցախի նախկին նախագահների ձերբակալությանը Ադրբեջանի կողմից. «Նենց չի՝ աչքիս լույսն է, գիտեմ, որ ամենամեծ մեղավորների ցանկում ինքը իր ուրույն տեղն ունի, ոնց պաշտոնյաների մեծ մասը: Շատ բան գիտեմ, բայց մի տեսակ սիրտս ցավում է, որ սենց տեսնում եմ՝ ոնց են չուլի տեղ տշում աջ ու ձախ, վերջիվերջո հայ է, հայրենակից է, հա, դավաճան է, առեւտրական է, խաբեբա է, ծախել է, բայց հայ է, չէ՞։ Այս քայլով ոչ թե Արայիկին, Բակոյին, Դավիդին կամ Ռուբենին են անպատվում, այլ ամբողջ Հայաստանին. հայ է, չէ՞։ Պետք է ամեն ինչ անել, դուրս բերել սրանց ադրբեջանական բանտերից, բերել Հայաստան, ստեղ մեր ուզած ու իմացած ձեւերով դատենք, բայց մենք անենք, հայը անի, ոչ թե ադրբեջանցին»,- գրել է Լյոկան՝ տեղադրելով Արայիկ Հարությունյանի՝ Ադրբեջանի կողմից ձերբակալության կադրերը։

Հիշեցնենք, որ Լյոկան մշտապես առանձնացել է իշխանությունների նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ։

Վերջին շրջանում նրա անձի շուրջ բուռն քննարկումներ էր սկսվել այն բանից հետո հատկապես, երբ ՀՀ կառավարությունը նրան էր վստահել Սնուփ Դոգի՝ Երեւանում կայանալիք համերգի բացումը, որի մասին ռեփերը հայտնել էր ինստագրամյան իր էջում։ Ավելի ուշ համերգը հետաձգվեց, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

100-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Չավին 100-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում 1:0 հաշվով հաղթելով պորտուգալական «Պորտուին»։

Իսպանացի մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2021թ. նոյեմբերին։ Նրա ղեկավարությամբ կատալոնական թիմը 100 խաղում ունեցել է 64 հաղթանակ, 17 ոչ-ոքի, 19 պարտություն։

Չավին «Բարսելոնայի» պատմության մեջ 11-րդ գլխավոր մարզիչն է, որն անցկացնում է 100 հանդիպում. հաղորդում է Opta-ն։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը՝ երկրորդ ետղը գրաված «Ռեալին» գերազանցելով 10 միավոր։

 

 

 

ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ ԳՎարդիոլան մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը գերմանական «Լայպցիգի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում։

«Հրաշալի խաղացինք երկու պարտություններից հետո եւ հասանք հաղթանակի Լայպցիգում։ Նախորդ երկու հանդիպումները լավ չէին դասավորվել, քանի որ հեշտ չէ խաղալ տուգանային հրապարակում 10 ֆուտբոլիստներով պաշտպանվող թիմերի դեմ։ Սրության պակաս ունեինք այդ հանդիպումներում, բայց ես լիովին վստահում եմ իմ ֆուտբոլիստներին։

«Լայպցիգի» դեմ բոլոր խաղացողները կատարյալ էին։ Այո, երկու կամ երեք անցում բաց թողեցինք մեր դարպասի մոտ, բայց խաղը մեր վերահսկողության տակ էր»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են E, F, G, H խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ`  E խմբում «Սելթիկ»-ը, տանն ընդունելով «Լացիո»-ին, զիջել է 1:2 հաշվով, «Ատլետիկո»-ն առավելության է հասել «Ֆեյենորդ»-ի նկատմամբ (3:2):

F խմբում ՊՍԺ-ն պարտվել է «Նյուքասլ Յունայթեդ»-ին 4:1 հաշվով, «Բորուսիա»- «Միլան» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0:

G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով հաղթել է «Լայպցիգ»-ին, «Յրվենա Զվեզդա»-«Յանգ Բոյզ» խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2:

H խմբում «Բարսելոնա»-ն նվազագույն հաշվով հաղթել է «Պորտու»-ին, «Անտվերպեն»-ն էլ 2:3 հաշվով զիջել է Դոնեցկի «Շախտյոր»-ին:

 

 




Լրահոս