Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունն այլեւս գոյություն չի ունենա, իսկ արցախցիները պաշտոնապես կդառնան ՀՀ քաղաքացիներ: Մինչ այս Արցախը պաշտոնապես լքել է 100 625 անձ, որոնցից 29 հազարը երեխաներ են։
Պետությունը որոշել է միանվագ 100 հազար դրամ հատկացնել արցախցիներին. այդ գումարների մի մասը երեկ փոխանցվել է 50 հազար արցախցու։ Միանվագ 100 հազար դրամն արցախցիներից շատերը դժվարանում են ծախսել, քանի որ այդ գումարով ո՛չ կարող են տան վարձավճարը մարել, ո՛չ սնունդ գնել մինչեւ այն պահը, երբ կգտնեն աշխատատեղեր կայուն եկամուտ ունենալու համար։
Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում՝ ամեն տարի, Արցախի կարիքների համար միլիոնավոր գումարներ է փոխանցել պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։
2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։
Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։
Հայաստանի ցանկացած մարզում նորմալ պայմաններով տուն կամ բնակարան գնելու համար միջինում անհրաժեշտ է 50 հազար դոլար։
Առանց Հայաստանի բյուջեի հավելյալ ծախսի, եթե ստացված գումարը բաժանեն 50 հազար դոլարի համարժեք դրամի, այսինքն՝ 20 մլն դրամի, կստացվի 7 հազար 794:
Այսինքն՝ արցախահայերի համար Հայաստան եկած գումարների եւ բյուջեի կանխատեսվող փոխանցումների արդյունքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար կարող ենք գնել 7794 հատ տուն կամ բնակարան։
Հայաստանը, ունենալով 11 մլդ արտաքին պարտք, կարող է նույնիսկ հատկացում չանել արցախահայերին բնակարանով ապահովելու համար, քանի որ այդքան բնակարանը կբավականացնի 100 հազար արցախցիներին՝ ըստ ընտանիքների:
Եթե այս միլիոններից հետո յուրաքանչյուր արցախցի ընտանիք Հայաստանում չունենա սեփական տուն կամ բնակարան, կարող ենք ասել, որ իշխանությունները, «պոզով պոչով կոռուպցիա» ասելով, հենց իրենց էլ նկատի ունեն։
Արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։ Բալյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք համատեղ սեփականությամբ՝ 1 ավտոտնակ, 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հասարակական նշանակության շինություն Արաբկիր վարչական շրջանում, բաժնային սեփականությամբ անհատական բնակելի տուն Կենտրոն վարչական շրջանում։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 500 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 194 հազար դրամ, որից 11 մլն 87 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, իսկ 2 մլն 106 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ ԱՆ ՀՀ ՀԿԱԾ-ից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 305 հազար դրամ, որից 15 մլն 900 հազարը առաջին բնակարանի հիփոթեքն է, իսկ 14 մլն 174 հազար դրամը՝ երկրորդ բնակարանինը։ Հիշեցնենք նաեւ, որ վերջերս՝ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում, Բալյանը ներկայացրել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ դատավորների աշխատանքի վարձատրության համար 60 տոկոս հավելում կսահմանվի։ Սա՝ այն դեպքում, երբ դատական համակարգում աշխատող Բալյանի պես պաշտոնյաները նվազագույնը ունեն հիփոթեքով բնակարան։ Ինչ միջոցներով է նա ձեռք բերել ունեցվաքը, թերեւս կպարզեն համապատասխան կառույցները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ակտիվ քննարկվում են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող գործողությունները։ Տեղեկացանք, որ ուժային կառույցների ղեկավար կազմը ներքին խոսակցությունների ժամանակ եկել է այն եզրահանգման, որ որքան էլ ջանքեր, գործիքակազմ կիրառեն ու այս կամ այն միջազգային կառույցներ դիմեն, միեւնույնն է, Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի վերադարձի հարցը քաղաքական է, ու միայն քաղաքական համապատասխան որոշումով կլինի նրանց վերադարձը Հայաստան: Դա, թերեւս, ուժայինների գործը չէ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի դատախազը հետեւողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում եւ կալանավորում: Քաղաքական բարձրագույն ղեկավարը միայն աչքի է ընկնում կյանքը վայելելու կադրերով: Նիկոլ Փաշինյանը դստեր հետ ընթրիքի է մասնակցում՝ չպահանջելով մեր հայրենակից բոլոր գերիների վերադարձի հարցով քաղաքական ճնշումներ բանեցնել։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստը վերջապես հոտեմբերի 3-ին կայացել է, սակայն գործով տուժող՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դատարան չի գնացել, ու նիստը կայացել է առանց տուժողի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական նիստը կողմերի համաձայնությամբ առանց տուժողի շարունակվել է, քանի որ ներկա է եղել նրա ներկայացուցիչը, սակայն այստեղ հարցը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերաբերմունքն է դատական համակարգի նկատմամբ։ Այսպես իրավաբան հանձնաժողովի նախագահն իր վերաբերմունքն արտահայտում է երրորդ իշխանության՝ իրավաբանության նկատմամբ: Դատական համակարգում դժգոհ են, թե իշխանական երեսփոխանը վեր է դասում իրեն եւ դատարան չի ներկայանում: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս գործով դատական նիստերը չէին կայանում, քանի որ պաշտպաններն առաջին նիստի օրը չէին ներկայացել դատարան՝ նշելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն: Արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը հերթական նիստն էր նշանակել հունիսի 26-ին, բայց էլի նիստը չէր կայացել: Նկատենք, որ չնայած դատապաշտպանները չէին ներկայանում, բայց մեղադրյալ պատգամավոր Մհեր Սահակյանը բոլոր նշանակված նիստերին անձամբ նրկայացել էր դատարան: Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 31-ին Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում վիճաբանել էր Վլադիմիր Վարդանյանի հետ, երբ նա պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել էր ՔՊ պատգամավորի ձախ հոնքին: