Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին, որ չի ցանկանում պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում և ստիպված կլինի միջամտել, եթե Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսվի, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ պորտալի՝ Իրանի արտաքին գործերի նախարարը Բեյրութում հանդիպել է Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վեննեսլանդի հետ։ Պորտալի զրուցակիցների խոսքով՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել Իրանի ԱԳ նախարարին՝ օգնել կանխել հակամարտության ընդլայնումը Մերձավոր Արևելքում։
«Իրանի արտաքին գործերի նախարարը պատասխանել է, որ Իրանը չի ցանկանում, որ հակամարտությունը վերածվի տարածաշրջանային պատերազմի, և ցանկանում է օգնել Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող խաղաղ բնակիչների ազատ արձակմանը: Բայց Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանն ունի իր կարմիր գծերը, և Եթե Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվի, հատկապես եթե Իսրայելը կատարի Գազայի հատվածում ցամաքային հարձակման իր խոստումը, Իրանը ստիպված կլինի պատասխան տալ»,-ասվում է հաղորդագրությունում:
Պորտալի աղբյուրները հայտնել են, որ Վեննեսլանդը զանգահարել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդականին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու փոխանցել Իրանի ուղերձը։
Tasnim գործակալությունն էլ իր հերթին հաղորդել է, որ Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ երեկոյան Կատարում հանդիպում և բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հետ, կողմերը քննարկել են ռազմական իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ժամանակ։