Երևանում տեղի ունեցավ քաղցկեղին նվիրված միջազգային գիտաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին, Երևանում տեղի ունեցավ «Քաղցկեղի կանխարգելում, վաղ ախտորոշում եւ բուժում» միջազգային գիտաժողովը, որը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 200 առողջապահական ոլորտի մասնագետների, քննարկելու քաղցկեղի արդիական թեմային վերաբերվող հարցեր։

Բացման արարողությանը ներկա էր Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ով ողջույնի խոսք հղեց մասնակիցներին և նշեց, որ քաղցկեղի դեմ պայքարը Հայաստանում առողջապահական ոլորտի առաջնահերթություններից է։ Խոսնակների շարքում էին հյուրեր Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սոֆիայից և այլ քաղաքներից։

Գիտաժողովի ժամանակ խոսնակները անդրադարձան քաղցեկեղի ռիսկի գործոններին, դրանց ռիսկի նվազեցմանն ուղված քայլերին ու մոտեցումներին, քննարկվեցին կանանց ու տղամարդկանց մոտ առանձին օրգան համակարգերի քաղցկեղների ախտորոշման ու բուժման ժամանակակից մեթոդները։

Պետրովի անվան ուռուցքաբանական ինստիտուտի ուռուցքների աճի կենսաբանության գիտական ամբիոնի վարիչ Եվգենիյ Իմյանիտովը անդրադարձավ ճարպակալման և ծխելու թեմաներին նշելով որ՝ «Ավելի հեշտ է կանխարգելել քաղցկեղի առաջացումը քան հետո բուժել այն։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սնվել հավասարակշռված, վարել ֆիզիկապես ակտիվ կյանք, իսկ ծխողներին պետք է խրախուսել հրաժարվել այս վնասակար սովորությունից, կամ օգնել անցում կատարել նիկոտինի ստացման ավելի անվնաս եղանակների, ինչպիսիք են նիկոտինային թերապիան կամ նիկոտինի էլեկտրական փոխարինիչները»։

Մոսկվայի Լասկովի անվան կլինիկայի ղեկավար Միխայիլ Լասկովն էլ, խոսեց քաղցկեղի սխալ զննման և վաղ ախտորոշման հետ կապված խնդիրների և բացթողումների մասին, որոնք երբեմն խնդիրներ են առաջացնում քաղցկեղի հնարավոր բուժման հարցում։

«Քաղցկեղի կանխարգելում, վաղ ախտորոշում եւ բուժում» գիտաժողովը կազմակերպվել էր «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ի կողմից, որը Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում արդեն տարիներ շարունակ։




Լրահոս