Տավուշի մարզի բնակիչներն ահազանգում են, որ Իջևանի համայնքապետարանը, դեռ հինգ ամիս առաջ, գնելով անհրաժեշտ քանակի ծաղկամաններ և աղբաններ, ներկա պահի դրությամբ ոչինչ չի տեղադրել: «Դեռ ապրիլին Իջևանի համայնքապետարանը ձեռք է բերել 60 փոքր աղբաման 1․794․000 դրամ արժեքով և 20 ծաղկաման 495․000 դրամ արժողությամբ։ Դրանք նախատեսված են փողոցների բանուկ հատվածների, այգիների, ճեմուղիների համար։ Անցել է ավելի քան հինգ ամիս, դեռ գեթ մի հատ աղբաման կամ ծաղկաման չի տեղադրվել»,-պատմում է քաղաքացին։
ArmLur.am-ը, ուսումնասիրելով գնումների օնլայն համակարգը,նկատեց, որ ծաղկամանների և աղբամանների վերաբերյալ կար հստակ քանակ, թե որքան է գնվել և որքան է կազմել ընդհանուր գումարը: Քանի որ շուտով ձմեռ է, բնակիչները մտահոգած են, թե երբ են պատրաստվում տեղադրել այդ ծաղկամաններն ու աղբարկղերը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, ում փոխանցեցինք բնակիչների մտահոգություններն ու հարցերը, թե ի՞նչ է կատարվում տվյալ համայնքում և, եթե եղել են նման գնումներ, ինչո՞ւ մինչև հիմա դեռ ոչ մի աղբարկղ կամ ծաղկաման չի տեղադրվել: Ի պատասխան բնակիչների բողոք-դիմումների՝ պարոն Ղալումյանը նշեց, որ միանգամից մեկնաբանություն տալ չի կարող, մեզ հետ ավելի ուշ կապ կհաստատի, սակայն այդպես էլ արձագանք չստացանք:
ArmLur.am-ը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից պաշտոնական մեկնաբանություն ստանալուց հետո անմիջապես կհրապարակի այն:
Օֆելյա Հովհաննիսյան