ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի պարեկները հայտնաբերել են ապօրինի զենքեր ու կեղծ թղթադրամներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին Տավուշի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են «Պորշ» մակնիշի մի մեքենայի. կասկածը, որ մեքենայում կա զենք ու զինամթերք, հաստատվեց: Մեքենայում գտնվող իջևանցի երեք տղամարդուց մեկը ներկայացրել է իր անվամբ հաշվառված «Սայգա» մոդելի լիցքավորված հրազեն և չորս տուփ փամփուշտ: Պարեկները ատրճանակի նմանվող առարկա են նկատել նաև մեքենայի գրպանիկում, որը, սակայն, 29-ամյա իջևանցին հրաժարվել է ներկայացնել:

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով երեքն էլ ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ 36-ամյա իջևանցու մոտ հայտնաբերվել են 20-հազարանոց՝ տասնմեկ և 50-հազարանոց՝ յոթ կեղծ թղթադրամներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ձեռք էին բերել իրացման նպատակով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են «Մակարով» տեսակի և գազային մեկական ատրճանակ ու փամփուշտներ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս