Նոր մանրամասներ Աջափնյակի դատարանի մոտ տեղի ունեցած կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր գրել էր, որ ձերբակալվել է Աջափնյակի դատարանի մոտ կրակոցներ արձակած անձը: Նա 1983 թվականին ծնված քաղաքացի է, որն իրավապահներին հայտնել է, որ ինքն է կրակել Շենգավիթում քրեական պատմություններով հայտնի Սահակի վրա ու հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։

ՀՀ քննչական կոմիտեն այս դեպքի մասին  մանրամասներ է հայտնել․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի մոտ 54-ամյա տղամարդու նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները:

2023թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:40-ին «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել վերոնշյալ տղամարդը:

Դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և 1 գնդակ: Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:

Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված գնդակը։

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը:

Տուժողի հետ անհրաժեշտ քննչական գործողությունները հնարավոր չի եղել իրականացնել՝ առողջական վիճակի պատճառով;

2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևան քաղաքի 40-ամյա բնակիչը՝ միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` փամփուշտներով:

Վերջինս ներկայացվել է քննչական բաժին։ Ստացված նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով հանցագործության պատճառ է հանդիսացել միջանձնային խնդիրները։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է»:




Լրահոս