Նոր մանրամասներ Ալավերդիում տեղի ունեցած միջադեպից․ ինչից է սկսվել վեճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 16-ին սպանություն է տեղի ունեցել Ալավերդիում։

Քննչական կոմիտեն այս դեպքից մանրամասներ է հայտնել։ «2023թ․ հոկտեմբերի 16-ին «Ալավերդի բժշկական կենտրոն»-ից  ՀՀ ՆԳն ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Աքորի գյուղում՝ տներից մեկի դիմաց, մահացած անձ կա, վերջինս նույն տան բնակիչ 50-ամյա Ա․Ս․-ն է, որի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:

Դեպքի առթիվ 2023թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ։

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 16.10.2023թ.՝ ժամը 21:00-ի սահմաններում, Աքորի գյուղի 2-րդ փողոցում երթևեկելիս խափանվել է  նույն գյուղի 22-ամյա երիտասարդի կողմից վարած «Վազ  2106» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհի բանուկ մասում մեքենան կայանելու առիթով վիճաբանություն է առաջացել  նշված փողոցով իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել ցանկացող, նույն գյուղի  50-ամյա բնակչի և նշված 22-ամյա երիտասարդի հոր՝ 45-ամյա բնակչի միջև: Դրա ընթացքում, ըստ առկա տվյալների, 50-ամյա տղամարդու կողմից հնչել են  սեռական բնույթի հայհոյանքներ, նշված երկու անձինք բռունցքներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Դեպքին միջամտել է 45-ամյա տղամարդու որդին, ով, «Վազ 2106» ավտոմեքենայի սրահից վերցնելով սուր կտրող առարկա, Ա․Ս․-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, երեք  անգամ հարվածել է վերջինիս ձախ թիկնային հատվածին, կրծքա­վան­դա­կի ա­ռա­ջա­յին մա­կե­րե­սի աջ հատ­վա­ծին և սպանել նրան, որից հետո դիմել է փախուստի:

Նույն օրը՝ ժամը 01:30-ին, 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է իրենց տանը և տեղափոխվել ոստիկանության Թումանյանի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։

Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ինչպես 22-ամյա երիտասարդը, այնպես էլ տուժողը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա Աքորի գյուղի 22-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օ­րենսգր­քի 155-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով (սպանություն) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (․․․տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը․․․):

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, և մեղադրյալը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է»:




Լրահոս