«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն մեկ ամսից ավել է՝ կուսակցական հավաքներ չի անցկացնում, մինչդեռ մինչև Արցախի կորուստը իշխող ուժը ամենշաբաթյա ռեժիմով՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին, վարչության և նախաձեռնող խմբի նիստեր էր անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Այսպիսով, ՔՊ-ն վերջին անգամ վարչության նիստ արել է ավագանու ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, որի ընթացքում քննարկվել էին ավագանու ընտրություններում կրած պարտության պատճառները, իսկ նախաձեռնող խմբի նիստ՝ օգոստոսի 3-ին:
ArmLur.am-ը ՔՊԿ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ վարչության և նախաձեռնող խմբի նիստերը չեն կայանում. «Աշխատանքային քննարկումներ ենք ունեցել բազմաթիվ, պայմանավորված է նաև աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, ինչպես գիտեք, հատկապես, մեր գործադիրի անդամները մեծ ծանրաբեռնվածություն ունեն՝ կապված ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հումանիտար կարիքները հոգալու հետ: Սրան զուգահեռ՝ կուսակցության տարածքային կառույցներում թե՛ խորհրդի, թե՛ նախաձեռնող խմբի նիստեր լինում են»-ասաց նա:
Հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ վարչության անդամների հանդիպում նախատեսվում է՝ հաշվի առնելով, որ վերջինս նոր է վերադարձել տարբեր երկրներում հանդիպումներից.
«Վարչապետի հետ հանդիպումները կրում են սիստեմատիկ բնույթ, պարբերաբար տեղի են ունենում։ Այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չկա նշանակված, բայց դրանք հաճախակի բնույթ են կրում»,-ասաց Ալեքսանյանը:
Քրիստինա Մուշեղյան