Հոկտեմբերի 12-ին «Էրեբունի ամրոց» գարեջրատանը կրակոցների գործով իրավապահները ձերբակալել են գարեջրատան մատուցողուհուն ու մենեջերին։ Ավելին, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նրանց ձերբակալել են կասկածանքով, որ նրանք իբր օժանդակել են, որ կրակոցներ իրականացրած ենթադրյալ հանցագործը կարողանա փախչի դեպքի վայրից։ Ավելին, նախաքննական մարմինը միջնորդել է, որ մենջերին ու մատուցողուհուն կալանավորեն, սակայն դատարան նախ ոչ իրավաչափ է համարել նրանց ձերբակալումը ու ավելին չի բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը նրանց կալանավորման մասով, ու նրանք ազատ են արձակվել։ Իսկ ահա իրավապահները փնտրում են կրակոցներ իրականացրածին, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք, Երեւանում, հոկտեմբերի 12-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել. Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել։
Shamshyan.com-ի Պարեկների մի մասը ենթադրյալ վիճաբանության վայրին մոտեցել է Արցախի փողոցից դեպի Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մի մասը՝ Էրեբունի մասիվից և Նուբարաշենի խճուղուց, քանի որ վիճաբանության ու կրակոցների վայրի մասին հստակ տեղեկություն չկար:
Պարեկներին հաջողվել է հետապնդել և ենթադրյալ կռվի մասնակից կասկածյալներից մեկին վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին:
Կռվի մյուս մասնակիցները, տեսնելով մոտեցող պարեկային ծառայողների՝ փարոսիկները միացված ավտոմեքենաները, դիմել են փախուստի:
Տեղում ոստիկանները հայտնաբերում են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի, ոտքի ու ձեռքի հարվածի հետքեր, դիմապակին էլ՝ վնասված:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից արձակած մոտ 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է Խաչիկ Դաշտենց փողոցի 2/1 հասցեում գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան խցերից մեկում, որն այնուհետև շարունակվել է ռեստորանի դիմաց, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնված կասկածյալը Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Հակոբյանն է:
Քնար Մանուկյան