Պատգամավորից նախարար, հետո քաղաքապետի տեղակալ․ ովքեր են Երևանի ապագա փոխքաղաքապետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստ կհրավիրի: Նիստին քննարկվելու է փոխքաղաքապետերի նշանակման հարցը:
ArmLur.am-ը գրել էր, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում Տիգրան Ավինյանն առաջարկել է Արմեն Փամբուխչյանի թեկնածությունը:
Արմեն Փամբուխչյանն իր քաղաքական գործունեությունը սկսել է ԱԺ-ից. 2018թ-ին ընտրվել էր պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Վերջինս խորհրդարանից գործուղվել էր գործադիր՝ 2022թ-ից զբաղեցնելով ԱԻ նախարարի պաշտոնը:
Այս տարվա հունիսի 30-ից՝ ԱԻՆ-ի լուծարումից հետո, Փամբուխչյանը մնացել էր անգործ:
Արմեն Փամբուխչյանը, որը նաեւ ՔՊ վարչության անդամ է, Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջն» է լինելու քաղաքապետարանում, փոխքաղաքապետի պաշտոնում նրան նշանակելը հենց Փաշինյանի որոշումն է եղել:

Փոխքաղաքապետերի պաշտոններում առաջադրվել է նաեւ Լեւոն Հովհաննիսյանի թեկնածությունը: Հովհաննիսյանը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը»կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
2021-2023թթ-ին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2023թ-ի մարտից ՝ նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից հետո նա էր կատարում քաղաքապետի պարտականությունները:

Փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրվել է նաև Սուրեն Գրիգորյանի թեկնածությունը: Վերջինս, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է տարբեր պաշտոններ զբաղեցնել՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ գործադիրում, այժմ նաև քաղաքապետարանում:
Վերջինս իր քաղաքական գործունեությունը սկսել է խորհրդարանից. 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2021 թվականի ապրիլի-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
2022 թվականի փետրվարի 8-ին Երևանի ավագանու նիստում՝ նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։
Ի տարբերություն Արմեն Փամբուխչյանի, որը Նիկոլ Փաշինյանի «մարդն է» քաղաքապետարանում, Լևոն Հովհաննիսյանը և Սուրեն Գրիգորյանը Տիգրան Ավինյանի մտերիմներն են:

Փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրվել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանի թեկնածությունը: Վերջինս առանձնապես հարուստ քաղաքական կենսագրություն չունի: Նա 2022թ-ից Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է հանդիսանում:

Սարգիս Մադաթյանն ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Էդուարդ Մադաթյանի եղբորորդին է:
Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետի տեղակալներին ներկայացնում է քաղաքապետը, նշանակում կամ ընտրում է Երևանի ավագանին։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս