Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Մ․ Պ․-ն, որը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն, ուղեկցում իրականացնող ծառայողներին դիմել է սանհանգույցից օգտվելու խնդրանքով։
Մինչ խնդրանքը բավարարելը, ծառայողները սահմանված կարգով զննության են ենթարկել սանհանգույցը, ինչի արդյունքում զուգարանակոնքի աջ կողմում՝ հատակին տեղադրված մաքրող խոզանակի միջից, հայտնաբերել են պոլիէթիլենով ամրացված փաթեթ, որում եղել է 4 առանձնացված փաթեթ, իսկ վերոնշյալներից մեկում՝ ևս 2 փաթեթ։
Զննության արդյունքում պարզվել է, որ բոլոր փաթեթներում ընդհանուր առկա է եղել 22 գրամ քաշով, թմրանյութին նմանվող, դեղնականաչավուն, մանրացված զանգված։
Մ.Պ.-ն բանավոր հայտարարել է, որ տեղյակ չէ փաթեթից:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։