ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԱՐԳՄԱՆՎՈՒՄ ԴՐԱՄԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ARMFilm» կայքը հայաստանում առաջին օնլայն հարթակն է, որը ներկայացնում է ոչ միայն մշակույթային, ուսուցողական, տնտեսական եւ համեղ ուտեստներ պատրաստելու մասին հետաքրքիր նյութեր, այլ նաեւ ֆիլմեր ոչ միայն հայկական, այլեւ արտասահամանյան, հիմնականում՝ կորեական:

 

Իսկ թե ինչպես ծնվեց այս կայքը եւ ինչ նախապատմություն ունի, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց կայքի հնչյունավորող Տաթեւ Սիրունյանը։

«2015 թվականին աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայեր որոշեցին բացել կայքը, որի գլխավոր նպատակը հայալեզու կոնտենտը մեկ կայքում հավաքելն էր։ Իմ սիրելի գործընկեր Գագիկ Մեհրաբյանի շնորհիվ իմացա կայքի հայտարարության մասին,  կարծեմ, Քովիդի ժամանակ էր, միացա իրենց թիմին ու չէի էլ մտածում, որ ուղղակի սիրողական թարգմանություններ անելը կդառնա իմ մշտական ու սիրելի աշխատանքը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչպես ծնունդ տվեցին այն մտքին, որ պետք է ֆիլմեր թարգմանել, այն էլ՝ կորեական, ինչ վախեր եւ ռիսկեր կար այս գործում: «Ցավալի էր տեսնել, որ տարբեր լեզուներով սիրողական թարգմանությունները այդքան հետաքրքրում էին հայերին, սակայն մենք չունեինք մեր մայրենի՝ հայերեն լեզվով սիրողական թարգմանությամբ զբաղվող կազմակերպություններ կամ կայքեր։ Այս պահին մեր նպատակն է հայալեզու սիրողական կրկնօրինակումը դարձնել այնքան սիրված, որ այլ լեզուներով դիտելու ցանկություն պարզապես չառաջանա մարդկանց մոտ։ Վախեր չեն եղել երբեք, բայց միշտ գիտակցել ենք՝ դժվար ճանապարհ է, պետք է սկսել զրոյից ։Փառք Աստծո, տարբեր դժվարությունների միջով անցնելով՝ արդեն ունենք լավ արդյունքներ, իսկ ձեռք բերած մակարդակը շատ բարձր է համարվում սիրողական գործունեության համար», – նշեց նա։

Մասնագիտական ուղղվածությունը Տաթեւին ավելի շատ օգնում է իր գործը արդյունավետ անել: «2 բուհ եմ ավարտել։ Առաջին մասնագիտությամբ մշակութաբան եմ, իսկ որպես մագիստրոս՝ լրագրող, հաղորդավար։ Կրկնօրինակման գործում ինձ շատ են օգնել լրագրողական հմտությունները, խոսքի վարպետությանը ծանոթ լինելը եւ մանկական իմ ամենանվիրական երազանքը՝ դերասանուհի դառնալը: Տարբեր թատերական խմբակներ հաճախելու շնորհիվ՝ ունեմ բազային գիտելիքներ, որոնք իմ նոր գործում ինձ համար դարձան մեծ խթան, եւ թող պաթետիկ չհնչի, բայց աշխատանքում հաջողելու իմ ամենակարեւոր գործոնը մեծ սերն է դեպի ոլորտը. ես հաճույք եմ ստանում իմ  աշխատանքից», – նշել է նա:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Բաբկեն Չոբանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ (հստակ չէր նշել ոչ ոքի ) ասել էր, որ ավելի լավ է չանել ոչ մի կրկնօրինակում, անելիս էլ պետք է շատ որակով անել, եւ դերասանի այդ տեսակետին Տաթեւը տեսանյութով արձագանքել էր.  խոսեցինք նաեւ այդ թեմայի շուրջ:

«Նախ՝ նշեմ որ շատ մեծագույն հարգանքով ու սիրով եմ մոտենում պարոն Չոբանյանի մանսագիտական վարպետությանը, բայց ինչպես նշեցիք, նա հարցազրույցներից մեկում խոսել էր կրկնօրինակողների մասին, «նկուղային հնչյունավորման» մասին՝ անուններ չտալով:  Այո, բայց ոլորտում միայն մենք ենք, ուստի ինձ իրավունք էի վերապահել հանրային կերպով հարց տալ, բայց ես չստացա պատասխան, թե ինչու պետք է կրկնօրինակմամբ զբաղվեն միայն բացառապես դերասանները (դա իր պնդումն էր), երբ, օրինակ, ռուսերեն կրկնօրինակում անում են գործը սիրող ու գեղեցիկ ձայն ունեցող մարդիկ, ովքեր արդեն պրոֆեսիոնալ կրկնօրինակման դերասաններ են, օրինակ՝ Պյոտր Գլանցը, Ելենա Սոլովյովան ու շատերը, որոնք զարգացրել են ոլորտը ու մասնագիտությամբ դերասան չեն. հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոչ մենք։ Մի քիչ էգոցենտրիկ են հնչում մեր ավագ սերնդի պնդումները՝ ըստ իս», – հավելեց նա։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է

Դերասան, շոումեն Ռաֆայել Երանոսյանը ֆեյբուքյան եւ ինստագրամյան իր էջերում տեւական դադարից հետո հրապարակել է անձնական լուսանկար՝ կից գրելով. «Նայելով օր օրի չարացող աշխարհին՝ հասկանում ես, որ չարի դեմ պայքարի մի ձեւ կա՝ բարությունը՝ բարին հայրենակցի հանդեպ, հարազատի, ընկերոջ, անծանոթի, պարզապես մարդու: Աշխարհին մանկան մաքրություն ու մարդկային բարություն է պետք»:

 

Նշենք, որ Ռաֆայել Երանոսյանը վերջին շրջանում չեղարկել էր իր շրջագայությունը Հայաստանի տարբեր քաղաքներում՝ պայմանավորված Արցախի ու արցախահայության հետ կապված վերջին դեպքերով, երեկ էլ հայտարարեց՝ ովքեր գնել են տոմսեր, վերադարձնեն, քանի որ դեռ չի կարող ասել՝ իրավիճակով պայմանավորված՝ ինչքան ժամանակով կհետաձգվեն ներկայացումները: Դերասանն իր հանդիսատեսից ներողություն է խնդրել պատճառված անհարմարության համար:

Հավելենք նաեւ, որ Ռաֆայել Երանոսյանը իր կամավորական թիմի հետ միասին հիմք էր դրել Unblock.AM խաղաղ նախաձեռնությանը, որի նպատակն էր Բերձորի՝ Լաչինի միջանցքի բացմումը: Կամավորական այս թիմը նաեւ արցախից եկած մեր հայրենիկցներին առաջարկում էին աշխատանքի, կրթության եւ այլ հնարավորություններ:

Հիշեցնենք նաեւ, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Ռաֆայել Երանոսյանը ինստագրամյան իր էջում գրել էր, որ բոլորս էլ պետք է վերականգնենք մեր գործունեությունը. «Սիրելի՛ հայրենակիցներ, բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, որ այս բարդ պայմաններում մենք ուշ պետք է վերսկսենք մեր աշխատանքային գործունեությունը: Հաճախ մեր աշխատանքը՝ ստեղծագործական, հումորային, շատ ավելի ակնառու է դառնում ճգնաժամային պայմաններում եւ իրականում շատ ավելի բարդ հենց մեզ համար, քանի որ մեր մտքերն ու նպատակները ուղիղ կապված են երկրում տիրող իրավիճակի հետ: Այս պահին հենց աշխատանքով է, որ պիտի փորձենք մեր առջեւ դրված նպատակները իրականացնել, կարողանալ հնարավորինս օգնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, օգնել ապրել նաեւ մեզ ու մեր ընտանիքներին, փորձել ուղղել այսքան կորացած մեր մեջքը: Մենք հայ ենք, մեր հայրենիքում ենք ու միահամուռ կերպով փորձելու ենք մեր աշխատանքով ու հայրենիքին նվիրվածությամբ հաղթահարել այս ծանր ժամանակները: Ի գո՛րծ»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

Հայ բռնցքամարտիկներն անհաջող են մեկնարկել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկությունում։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ են մտել Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանն (63,5 կգ) ու Զավեն Գալստյանը (71 կգ), որոնք պարտվել են ու ավարտել ելույթները։

Ավելի ուշ ռինգ դուրս եկան Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Էդգար Սեւիկյանն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց հերթական մարզումը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մարզմանը մասնակցեցին 20 ֆուտբոլիստներ:

Նախօրեին հավաքականի հետ առաջին մարզումն անցկացրին Էդուարդ Սպերցյանը, Գեորգի Հարությունյանը, Վահան Բիչախչյանը, Տիգրան Բարսեղյանը, Ստյոպա Մկրտչյանը եւ թիմի նորեկ Էդգար Սեւիկյանը:

Հոկտեմբերի 10-ին թիմը մեկնել է Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:

 

 

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԻ՞ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է երկարաձգել պայմանագիր Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հետ մինչեւ 2027 թվական։

Ռոնալդուն ցանկանում է մասնակցել 2026թ. աշխարհի առաջնությանը եւ մեկ տարի անց ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

Ռոնալդուն այս տարվա հունվարին է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Նրա պայմանագիրը «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ Նասրի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

 

 




Լրահոս