«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաեւ ՔՊ կուսակցության վարչության անդամ է, վերջին շրջանում «երես է թեքել» իր թիմակիցներից, չի շփվում նրանց հետ: Անգամ երբեմնի իր մտերիմների համար Պապիկյանին գտնելն ու նրա հետ կապի դուրս գալը լուրջ խնդիր է դարձել, իսկ ՔՊ-ականների մի մասի հետ էլ առհասարակ չի շփվում: Վերջինս կուսակցական քննարկումներին անհաղորդ է, չի մասնակցում դրանց, անգամ սահմանային լարված իրավիճակներում, երբ ինչ-որ բան է պետք լինում ճշտել, թիմակիցներին չի հաջողվում Պապիկյանից իմանալ, շատ դեպքերում միջնորդներ են խառնում, որպեսզի նրա հետ կապի դուրս գան: Ինչպես մեր աղբյուրներն են պատմում, անգամ սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրություններից երկու օր առաջ կայացած ՔՊ-ի աղմկոտ հանրահավաքին Պապիկյանին մի կերպ են համոզել, որ գա ու մասնակցի: Իշխանականները տարօրինակ են համարում Պապիկյանի այս պահվածքը, քանի որ վերջինս ՔՊ-ում այն քչերից է եղել, որը բոլորի հետ լեզու է գտել ու թիմում առկա տարաձայնությունները հարթել է: Սուրեն Պապիկյանը ՔՊ-ում մշտապես Փաշինյանի սիրելիներից է համարվել, բայց հիմա Պապիկյանն այլ է դարձել:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղակալ Անի Իսպիրյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։ Անի Իսպիրյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2007 թվականին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել 2017 թվականին Ռուսաստանի Դաշնությունում, որը միանձնյա սեփականությամբ է գնված։ Էկոնոմիկայի փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 102 հազար ռուբլի եւ 3 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6500 ռուբլի եւ 2 մլն դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 հազար դրամ։ Նախարարի տեղակալի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 935 հազար դրամ, որից 14 մլն 901 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 33 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից։ Հավելենք նաեւ, որ Անի Իսպիրյանը մինչ փոխնախարարի պաշտոն ստանձնելը ապրել եւ գործունեություն է ծավալել Ռուսաստանի Դաշնությունում։ Մասնավորապես, 2014-2018 թվականներին նա աշխատել է Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի «Ցենտր» դաշնային պետական ունիտար ձեռնարկությունում (ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն)՝ որպես բիզնես վերլուծաբան, եղել է ռազմաարդյունաբերական ոլորտի ներդրումային նախագծերի ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար։ Այնուհետեւ՝ մինչեւ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիայում աշխատելը, Իսպիրյանը եղել է «Մոդուլ» ՍՊԸ շինարարական ընկերությունում գործադիր տնօրեն։ Կարճ ասած, եզակի ապահովված փոխնախարարներից է:
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում խորհրդարանում կսկսվեն բյուջեի նախագծի շուրջ քննարկումները, երբ խորհրդարան կգան կառավարության բոլոր անդամները։ Մինչ այս տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այս անգամ եւս որոշել է որպես նշաձող սահմանել 7 տոկոս տնտեսական աճը։ Ամեն դեպքում, այդպես է ամրագրված Նիկոլ Փաշինյանի ուղերձում։ Նաեւ նրա ուղերձում ընդգծվում է, որ մեծ թվով սպառնալիքներ եւ խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարել։ Հավելենք, որ նախնական նախագծում կար հատկացում նաեւ Արցախին 144 մլրդ դրամի չափով։
Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են Նուբարաշենի բանտի մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ալբերտ Բազեյանը դիմում է գրել բանտի ղեկավար կազմին իրեն թերթ տալ, ինչպես մյուս կալանավորներին են տալիս, կամ հեռուստացույց, սակայն դիմումին որեւէ պատասխան չի եղել։ Վերջինիս պաշտպան Գեորգի Մելիքյանը հայտնեց, որ Ալբերտ Բազեյանի նկատմամբ այս պատժամիջոցների՝ մենախցում պահելու, արտաքին աշխարհի հետ կապը կտրելու դրսեւորումների մասով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, ու մինչ օրս արձագանք չկա։ Նշենք, որ Ալբերտ Բազեյանն ԱԱԾ-ում ասել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ըստ ԱԱԾ-ի՝ «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին: Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: