Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում փաստաբանությամբ կզբաղվի․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur․am-ի տեղեկություններով` Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը ՀՀ փաստաբանական պալատի կողմից՝ 2021թ. ստացած արտոնագրի հիման վրա սկսել է զբաղվել փաստաբանությամբ:

Հետաքրքրական է, որ Գուրգեն Ներսիսյանն աշխատանքի է անցել LSA փաստաբանական գրասենյակում (https://legalservices.am), որը պատկանում է նախկին դատավոր Արսեն Սարդարյանին: Մեր տեղեկություններով՝ Արսեն Սարդարյանը մի քանի տարի աշխատել է դատական համակարգում, այդ թվում Արցախում:

Armlur․am-ը կապ հաստատեց Գուրգեն Ներսիսյանի հետ, ով հաստատեց լուրը և հայտնեց, որ փաստաբանությամբ զբաղվել էր նաև 2020թ.՝ Արցախի Հանրապետության դատախազության համակարգից դուրս գալուց հետո, սակայն այն ընդհատվել էր 2020թ. 44-օրյա պատերազմի պատճառով:

Մեր այն հարցին, թե նոր գործունեությամբ պայմանավորված կան արդյոք Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի նախկին նախագահներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու ծրագրեր, Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ այդ գործընթացին անմիջականորեն ներգրավելու մի շարք խոչընդոտներ կան.

«Բայց իմ մասնագիտական և գործնական հնարավորությունների սահմաններում որոշակի աջակցող աշխատանքներ կատարելու նպատակներ ունեմ, ընդ որում դա վերաբերում է ոչ միայն նախկին նախագահներին, այլև Ստեփանակերտում կամ ՀՀ տեղափոխվելիս ձերբակալված մյուսներին: Հասկանալի պատճառներով զերծ կմնամ այդ անելիքների մասին հրապարակային խոսելուց»:

Սոնա Գրիգորյան




Լրահոս