Մի քանի շաբաթ առաջ, երբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` Բուլկիին, «Ժողովուրդ»-ը հարց ուղղեց, թե ինչու Սեւանա լճի ափերը չեն մաքրվում, վերջինս ասաց, թե նման բան չկա: Ավելին, վստահեցրեց, որ աշխատանքները կատարվում են: «Ձեր նման մտածողներից մի քանի հոգի հավաքում եք` ռադիկալ, ես կազմակերպում եմ ձեր այցելությունը, դուք էլ գնում եք, տեղում տեսնում եք, եւ ձեր հարցերը կառուցապատողին ուղղում եք, եթե դուք չեք հավատում, որ մենք մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, տեղում կարող եք տեսնել»,-ամենայն պատասխանատվությամբ հայտարարություն-խոստում տվեց «մինիստր Հարությունյանը»: «Ժողովուրդ»-ն ընդունել էր նախարարի շրջայցի առաջարկը եւ ինչպես հրապարակավ (հոկտեմբերի 21-ին), այնպես էլ նախարարություն կատարած զանգի միջոցով տեղյակ էր պահել, որ նոյեմբերի 5-ին պատրաստ է Արամ Հարությունյանի հետ շրջայց կատարել Սեւանա լճի ափերով` այնտեղ տիրող իրավիճակը ներկայացնելու համար: Սակայն բնապահպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արեւիկ Զատիկյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ նախարարը պատասխանել է, թե օրերս իրենք Սեւանա լճում պետք է մանրաձուկ լցնեն եւ այդ օրը մեզ հետ կարող են շրջայց կատարել: Այսինքն` նախարարը երկու շաբաթ առաջ արված իր առաջարկը մերժում է: Իհարկե, հասկանալի է, որ Հարությունյանի վիճակը ծանր է, քանի որ Սեւանն իսկապես հիվանդ է, եւ նա լրագրողներին ցույց տալու բան չունի: Բայց նախարարն իր պահվածքով արդեն ցույց է տալիս, որ Սեւանն իրեն հետաքրքրում է միայն մանրաձուկ լցնելու ժամանակ, որտեղից հնարավոր է փող աշխատել: Իսկ ափերի մաքրությունը… կսպասի:
ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ԱՌԱՋԱՐԿԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ