ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջև ծառացած խնդիրներին:

Աիդան 9 տարեկան է, սիրում է K-pop ու Hip-hop ոճերը, լսում է BlackPink, Triple Charms, BTS խմբերին, հաճախել է պարի և վոկալի դասերի, երազում է ունենալ պարի և վոկալի սեփական դպրոցը: Ազատ ժամանակ զբաղվում է սերֆինգով:

Նենսին 11 տարեկան է, երգարվեստից բացի հետաքրքրված է նկարչությամբ, K-pop-ի սիրահար է՝ Black Pink, BTS: Հաճախում է Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելը նրա մեծ երազանքն է:

Սյուզաննան 10 տարեկան է, սովորում է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում բարձր առաջադիմությամբ, նվագում է դաշնամուր: Հաճախում է նաև գեղարվեստական մարմնամարզության: Սիրում է ժամանակակից երգեր և ազատ ոճի պարեր: Սյուզաննայի լավագույն ընկերն իր շնիկն է, որն էլ առաջինը լսում է նրա բոլոր երգերը:

Կամիլան 11 տարեկան է, հաճախում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, նվագում դաշնամուր և թմբուկ: Վոկալով զբաղվում է 4 տարեկանից: Սիրելի արտիստներն են Բրունո Մարսը, Մայքլ Ջեքսոնը, իսկ կոմպոզիտորը՝ Յոհան Սեբաստիան Բախը: Երազում է դառնալ հայտնի երգչուհի:

Նանեն 11 տարեկան է, 4 տարեկանից զբաղվում է երգով ու պարով, սիրում է աշխատել տեսախցիկի հետ: Նկարահանվել է երաժշտական ծրագրերում,գովազդային տեսահոլովակներում: Հոբբին նկարչությունն է:

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում:

 




Լրահոս