ԿԱՐԵՎՈՐԸ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆՆ Է. ՖՈՒՏԲՈԼԸ ԿՍՊԱՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց «Եվրո 2024»-ի իր խմբի հետնապահ Լատվիայի հավաքականին՝ ցուցադրելով իր վատագույն խաղերից մեկը: Նկատենք, որ այսօր  ունենք ազգային թիմ, որը նույնիսկ հայախոս չէ.  գերիշխում է ռուսերենը, հետո հայերենն ու իսպաներենը, ազգային հավաքականի կազմում դաշտ դուրս եկած խաղացողների հայկական ֆուտբոլային դպրոցը ներկայացնողները փոքրամասնություն են՝ ի հակադրում նատուրալիզացվածների ու սփյուռքում ծնվածների: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քաղաքականության կամ դրա բացակայության արդյունքում շատ վատ հանդիպումներ են անցկացնում հավաքականի ռեզերվը, վաղվա օրը համարվող տարբեր տարիքային հավաքականները: Այսպես, մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին պարտվում է Իռլանդիայի իրենց հասակակիցներին խոշոր հաշվով (4:0), այսօր կխաղա Շվեյցարիայի դեմ, ու չկա մասնագետ, որը դրական արդյունք է ակնկալում: Այս հավաքականն անցած տարի 7:0 պարտվել է Նորվեգիային, 4:0՝ Իռլանդիային, եւ 2:5 հաշվով ավարտել է խայտառակ պարտությունների շարքը Բելառուսի հավաքականի դեմ խաղում: Խայտառակ պատկեր  է նաեւ 21 տարեկանների ազգային թիմի պարագայում. այս թիմի մրցակիցներն են Ռումինիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, ու կրկին լավ արդյունքներ ակնկալելը դժվար է: Չներկայացնելով այս ու մյուս տարիքային թիմերի գրանցած արդյունքները՝ պարզ է, թե ինչպիսին է լինելու մեր ազգային հավաքականի ապագան. հետո գալու են ֆեդերացիայի ղեկավարներն ու ասեն, որ մեր միակ ճանապարհը Սփյուռքի ու նատուրալիզացված «հայերի» հավաքական ունենալն է՝ «դե կադրեր չկան» հիմնավորմամբ:  Իսկ կադրեր չկան ֆեդերացիայի աշխատանքի բացակայության պատճառով, որոնք համոզում են, որ կարեւորն այսօր երկու նոր մարզադաշտ կառուցելն է (ինչը միլիարդների շրջանառություն է եւ «անվերահսկելի» ֆինանսներ) ու պատրաստվելը այս տարվա վերջին կայանալիք ՀՖՖ նախագահի հերթական ընտրություններին, որի ընթացքում իշխանությունների ձեռամբ նորից ընտրելու են Արմեն Մելիքբեկյանին, քանզի կարեւոր չէ, թե ինչ արդյունք կա ֆուտբոլում, եւ ինչ խայտառակ ձախողումներ են: Կարեւորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոհ է ոլորտը տապալած Մելիքբեկյանից՝ որպես ինքնուրույնություն չդրսեւորող ղեկավար:

 

 

Երեկ տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը, որի ավարտից հետո վերջինս պատասխանեց լրագրողների հարցերին: Կադրերի ընտրության մասին հարցերից մեկին ի պատասխան՝ նորընծա քաղաքապետը հեգնեց. «Ինչքան հարազատ «պրառաբ» ու մեբելի դիզայներ կար, վաչության պետ էր էստեղ»: Աշղեկի մասին ակնարկելով՝ Ավինյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ Հայկ Մարութանի ժամանակ շինարարության ու բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանին, ում մասին տեղեկություններ էին տարածվել, թե հայտնվել է այդ պաշտոնին՝ բացառապես շնորհիվ այն բանի, որ ժամանակին զբաղվել է Կարգին Հայկոյի՝ Հյուսիսային պողոտայի տան վերանորոգման աշխատանքներով, ու դա բավարար էր, որպեսզի այդ մարդը նշանակվեր նման պատասխանատու աշխատանքի: Ի դեպ, ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ մի քանի օր է, ինչ քաղաքապետարանի համապատասխան փաստաթղթեր են ուսումնասիրվում, եւ արդեն իսկ կան բավական հետաքրքիր տվյալներ, որոնք խոսում են Մարությանի իշխանության տարիներին շինարարական տենդերների կազմակերպման ու անցկացման խախտումների, խոշոր գումարների ծախսման մասին: Օրինակ՝ առանց նախագծման, վերանորոգել են Կորեայի ձորի կամուրջը, առանց նախագծման աշխատանքների, երեք տարի ճանապարհների նորոգում են անցկացրել՝ ընդհանուր շուրջ 12 մլրդ դրամ արժողության: Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ Մարությանի օրոք՝ 2021թ.-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշարձանի շինարարության մրցույթ են հայտարարել՝ չունենալով հիդրոտեխնիկական նախագիծ: Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ Մարությանի «պռարաբի»՝ վարչության պետ եղած ժամանակ «անհասկանալի» պատճառներով ճանապարհաշինական մրցույթներ են շահել հիմնականում նույն մարդիկ, յուրաքանչյուրը՝ 3-4 լոտ: Թե մինչեւ ուր կհասնեն ուժային կառույցները Երեւանի նախկին քաղաքապետի կառավարման տարիներին տեղի ունեցած միլիարդների բյուջետային շարժի գործով, ցույց կտա ժամանակը: Մենք շարունակելու ենք տեղեկությունների ուսումնասիրությունը եւ դրանք մեր ընթերցողին ներկայացնելը:

 

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պաշտոնի նշանակվել է 2018 թվականի հունիսին։ Նա այն պաշտոնյաներից է, որ, թեեւ եղավ իշխանափոխություն, եւ փոփոխվեց ամբողջ կառավարական համակարգը,  նա, միեւնույնն է, մնաց նույն ոլորտում եւ չընկավ ոլորտից ոլորտ։ Նա իր կարիերան սկսել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մեթոդաբանության եւ տեղեկատվության վարչության ուղղակի հարկերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնից։ Աստիճանաբար բարձրացել է, բաժնի պետ է դարձել, ապա մնալով նույն ոլորտում՝ աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարության վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետի տեղակալի պաշտոնում։ Փոխնախագահը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում եւ ավտոտնակ, որոնք ժառանգություն է ստացել, սակայն ումից՝ Մանուկյանը չի նշել։ Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մանուկյանն ունի նաեւ հիփոթեքով բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, որի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել  է 22 մլն 486 հազար դրամ։ Մանուկյանի հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 28 մլն 217 հազար դրամ, որը «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ից է։ Նրա բանկային ավանդները կազմել են 5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 272 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 11 մլն 50 հազար դրամ եւ 450 դոլար։ ՊԵԿ փոխնախագահի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 30 մլն 432 հազար դրամ, որից 17 մլն 193 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՊԵԿ-ից, նա նաեւ 887 հազար դրամ է ստացել կրկին ՊԵԿ-ից, ըստ երեւույթին, բնակարանի հիփոթեքը մարելու համար։ Նրա եկամուտների մյուս մասը եղել են վարկերը։ Ըստ հայտարարագրի՝ Մանուկյանը 11 հազար 500 դոլար հատկացրել է նվիրատվությանը, իսկ դստեր՝ Քնարիկ Մանուկյանի հայտարարագրից էլ հասկանում ենք, որ հենց իրեն էլ փոխանցված է այդ նվիրատվությունը։  Արթուր Մանուկյանը հանդիսանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ անտեղի ու կեղծ պատճառաբանություններով խուսափում է Արցախի վտարանդի կառավարության հետ շփումներից, այլ կերպ ասած՝ արհամարհում է նրանց: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Հայաստան տեղափոխված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը, ինչպես նաեւ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, որը դեռեւս Լաչինի միջանցքի շրջափակումից հետո մնացել էր Երեւանում, սպասում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի նրանց, նրա հետ ճշտեն իրենց անելիքները եւ նոր միայն գործեն: Փաշինյանն էլ ամեն անգամ մի պատճառաբանություն է բերում, որպեսզի խուսափի Արցախի վտարանդի կառավարության հետ հանդիպումից, այսպես ասած, չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել: Բանն այն է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մտադիր է, ի լուր Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների, ինչպես նաեւ միջազգային հանրության, հայտարարել, որ Ադրբեջանի ճնշման տակ է ստորագրել Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, ուստի այն ապօրինի է եւ իրավական որեւէ ուժ չունի: Հիմա արցախցի պաշտոնյաները փակուղում են հայտնվել. մի կողմից՝ ուզում են քայլեր ձեռնարկել, մյուս կողմից՝ չեն ցանկանում առանց ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցնելու գործել: Այս իրավիճակում տարօրինակ ու անհասկանալի դիրք է բռնել Ացախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, վերջինս զանգում է արցախցի նախարարներին ու պատգամավորներին ու ասում, որ իրենց հանրային խոսքում  չօգտագործեն Արցախի Հանրապետություն բառը, քանի որ Փաշինյանի խոսնակն էլ հանրային կերպով ներողություն խնդրեց Արցախ բառն օգտագործելու համար, ուստի ցանկալի չէ, որ իրենք օգտագործեն: Այս խոսակցություններից հետո արցախցի պաշտոնյաների եւ Սերգեյ Ղազարյանի հարաբերությունները լարվել են: Մեզ հետ զրույցում Սերգեյ Ղազարյանը կտրականապես հերքեց, որ արցախի պաշտոնյաներին նման բան է ասել. «Բացարձակ սուտ է, նման բան չկա, ես պարզապես ասել եմ, որ հիմա լրիվ այլ իրողություն ունենք եւ պետք է ըստ այդմ շարժվենք. չենք կարող գործել այնպես, ինչպես նախկինում: Ես որեւէ մեկին չեմ ասել՝ Արցախ բառը չօգտագործեք»,-ասաց նա: Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ այս նոր իրողություններում ինքն ինչով է զբաղված, ինչ աշխատանք է տանում։ Վերջինս ասաց, որ բռնի տեղահանված արցախցիների խնդիրներով է զբաղվում:




Լրահոս