ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ «ՄԱԼԵՆԱ» ՖԻԼՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ից 16 մասից բաղկացած «Մալենա» ֆիլմը կհայտնվի եթերում: Ֆիլմի պրոդյուսերը Սոս Կարապետյանն է, տնօրենը՝ Անի Երանյանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում Սոս Կարապետյանը մանրամասներ է պատմել ֆիլմից:

«Արդեն 3.5 տարի է՝ ապրում եմ Միացյալ Նահանգներում, եւ այստեղ իմ նկարահանած ֆիլմերից «Մալենան» 9-րդն է», -նշել է նա:՝

Սոսի խոսքով՝ «Գործարք՝ Վեգասում»-ից հետո, որը մեծ հաջողություն ունեցավ, Անի Երանյանին առաջարկվել է, որ, բացի որպես դերասան հանդես գալը, նաեւ հանձն առնի ֆիլմի ղեկավարումը՝ որպես տնօրեն:

Ֆիլմն ուրույն ոճ ունի. Անին ու Սոսը համատեղ որոշել են փոփոխություններ կատարել, եւ հեռուստադիտողը էկրաններին արդեն կտեսնի կրիմինալ դրամա:

Նկարահանումները արդեն չորս ամիս է՝ ընթացքի մեջ են: Մայամի, Լոս Անջելես, Մեքսիկո եւ այլ քաղաքներ, շուրջ 36 նկարահանման հրապարակ, բարդ նկարահանումներ…

«Մեծամասշտաբ այս ֆիլմը պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է»,- ընդծում է Սոս Կարապետյանը.

«Մեծ թիմ է աշխատել այս ֆիլմի վրա, միայնակ հաջողել չէինք կարող: Շատ բարդ նկարահանումներ ենք ունեցել, որոնց տակից պատվով ենք դուրս եկել, որի համար շնորհալակություն եմ ուզում հայտնել իմ թիմին: Մենք, մի բռունցք ենք դարձած, կարողացել ենք այս դժվար ճանապարհ, անցնել», – հավելեց նա:

Ներկայացնելով մանրամասներ նկարահանումներից՝ Սոսը պատմում է, որ վտանգավոր նկարահանումներ եւս ունեցել են, օրերով անտառներում են մնացել, 18 հոգով Մայամի են մեկնել, որտեղ չափազանց շոգ է եղել։ Դիզայները որոշել է, որ բաց եւ կարճ շորեր չպիտի հագնեն դերասանները, քանի որ ֆիլմը դրա մասին չէ, լուրջ աշխատանք է տարվել, դա եւս դժվարություններ է առաջացրել:

Փակագծերը չբացելով՝ պրոդյուսերը պատմում է, որ ֆիլմը մի ընտանիքի մասին է, որտեղ փոքրիկ Մալենան, որի կերպարը կերտում է հենց Անի Երանյանը, կորցնում է ծնողներին, նրանց սպանում են, եւ աղջիկը փորձում է ամեն ինչ անել, որ գտնի այն մարդուն, որն իրականացրել է սպանությունը, եւ վրեժ լուծի: Ֆիլմի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ սպանողը բավականին լուրջ մարդ է՝ մաֆիոզ:

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Անի Երանյանը, Գարիկ Չեպչյանը, Սոս Կարապետյանը, Պապ Պողոսյանը, Ջուլիանա Հարությունյանը եւ այլք:

Ռոժիսորը Արտյոմ Հարությունյանն է, երկրորդ ռեժիսորը Անի Միսակյանն է, բեմադրող օպերատորը՝ Ռոբերտ Խաչիկյանը, ֆիլմի սցենարն էլ վստահվել է Անի Մաղաքյանին:

«Ես իմ բոլոր նախագծերը իրականացրել եմ US Armenia-ի հետ համատեղ, որի հետ համագործակցում եմ արդեն երկար տարիներ, ինչ գտնվում եմ Միացյալ նահանգներում: Շնորհակալ եմ աջակցելու ու օգնելու համար», – հավելեց նա:

Խոսելով իր իսկ մարմնավորած կերպարի մասին՝ Սոս Կարապետյանը բացահայտում է. ֆիլմում դրական կերպարի է մարմնավորելու՝ Մալենայի ոչ հարազատ եղբորը, իսկ թե ինչպես է մարմնավորել, թողնում է հեռուստադիտողի դատին:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը կիսաեզրափակչի 6 մասնակից կունենա։

 

Քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել եւ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը պայքարը կսկսի կիսաեզրափակիչ փուլից՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Բարեղամ Հարությունյանը մեկնարկային մենամարտում 5:0 հաշվով առավելության է հասել լեհ Յակուբ Սլոմինսկիի նկատմամբ, Ռուսլան Ասլիկյանը պարտության է մատնել Սլովակիայի ներկայացուցիչ Տիբոր Կատոնային, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արթուր Բազեյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով առավելության է հասել Ռումինիան ներկայացնող Ադրիան Ֆլորին Պրեդայի նկատմամբ, Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը քառորդ եզրափակչում նույն՝ 5:0 հաշվով պարտության է մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով Դիմիտրովին, իսկ աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել ալբանացի Գելիան Ռայկուից։

Հոկտեմբերի 13-ին հայ բռնցքամարտիկները պայքար են մղել եզրափակչի ուղեգրերի համար։

Ցերեկվա մրցահերթում Բարեղամ Հարությունյանը (48 կգ) մենամարտեց  Բուլղարիայի ներկայացուցիչ Էրգյունալ Սեբահտինի հետ, Ռուսլան Ասլիկյանը (54 կգ)՝ Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Կուզնեցովի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) ուժերը չափեց բելառուս Ալեքսեյ Ալֆիրոյի հետ։

Երեկոյան մրցահերթում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը մրցեց Մալթայի ներկայացուցչի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը իսպանացի Գաբրիել Էսկոբարն էր, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակիչ դուրս գալու համար պայքարեց Հունաստանի ներկայացուցիչ Վագկան Նանիցանիանի հետ։

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր մյուս բռնցքամարտիկները՝ Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ), տարբեր փուլերում պարտություններ են կրել եւ դուրս մնացել հետագա պայքարից։

Մրցավայր են մեկնել նաեւ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը, բժիշկ Հարություն Պրազյանը: Եվրոպայի գավաթի խաղարկության մրցավարական անձնակազմում ներգրավված է միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը։

 

 

ՊԵՏՐԱԿՈՎԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիայից կրած պարտությունը վերցնում է իր վրա:

«Նախ շնորհավորում եմ Լատվիային արժանի հաղթանակի կապակցությամբ: Այս պարտությունը ես վերցնում եմ ինձ վրա: Սա իմ մարզչական պարտությունն էր: Դեռեւս առավոտյան նախավարժանքին տեսա, որ ինչ-որ բան այն չէ: Գուցե նրանից է, որ ես՝ որպես մարզիչ, չկարողացա համոզել նրանց, եւ նրանք դուրս եկան մարզադաշտ խաղին առանց տրամադրվելու»,- «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Պետրակովը:

Մասնագետի խոսքով` Լատվիայի ընտրանին պայքարեց մինչեւ վերջ եւ հավաքված խաղ ցույց տվեց:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում պարտվեց 10-ը ֆուտբոլիստով հանդես եկող Լատվիային 2:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաջորդ հադիպումը կացկացնի նոյեմբերի 18-ին` Երեւանում ընդունելով Ուելսին: Մրցաշարի վերջին խաղում նոյեմբերի 21-ին Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Խորվաթիային:

 

 

 

 

ԿԱՐԼՍԵՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Նորվեգացի գրոսմայստերը սեւ ֆիգուրներով մրցել է համաշխարհային դասակարգման 578-րդ համար, Ղազախստանը ներկայացնող 23-ամյա գրոսմայստեր Ալիշեր Սուլեյմենովի հետ եւ պարտվել է 31 քայլում։

Կարլսենն ունի 1 միավոր։ Առաջատարներն են երկուական հաղթանակ տարած ամերիկացի Հիկարու Նակամուրան, հոլանդացի Անիշ Գիրին, հնդիկ Արջուն Էրիգայիսին։

Հայաստանից հանդես է գալիս Էմին Օհանյանը, որը 2 տուրից հետո ունի 1 միավոր։

Մրցաշարին մասնակցում է 160 շախմատիստ, մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

 

 

 

ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ՀԱՂԹԵՑ

Ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում մեկնարկել են երրորդ տուրի հանդիպումները։

Արգենտինայի հավաքականը նվազագույն հաշվով պարտության մատնեց Պարագվայի թիմին պորտուգալական «Բենֆիկայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդիի գոլի շնորհիվ։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 53-րդ րոպեին։

Բրազիլիայի հավաքականը տանը մրցեց Վենեսուելայի հետ եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1:

Արգենտինայի հավաքականը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բրազիլիան երկրորդն է՝ 7 միավոր։

 

 




Լրահոս