Շուռնուխի գյուղապետն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ազատվել է աշխատանքից։ Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Արշակյանին աշխատանքից հեռացրել են 2023 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցից հետո:

Սյունիքի տեղական իշխանությունները բացատրում են, թե Հակոբ Արշակյանը ալկոհոլ է հաճախ օգտագործել, դրա համար են հեռացրել, որ երիտասարդ կադր նշանակեն, բայց իրականում մեր աղբյուները փոխանցում են, որ Հակոբ Արշակյանը ազատվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ գյուղապետն իրեն պահանջված չափով իշխանահաճո չի դրսեւորել, կոպիտ է եղել, ըստ իշխանական բացատրության՝ անհարկի արտահայտություններ է արել։ Ահա դրանից հետո էլ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը որոշել է նրան ազատել աշխատանքից։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Հակոբ Արշակյանի եւ Առուշ Առուշանյանի հետ՝ բացատրություններ ստանալու, սակայն մեր զանգերը արդեն 3 օր անպատասխան են մնում։ Այնուամենայնիվ, կապ հաստատեցինք Գորիսի համայնքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Հակոբ Արշակյանը աշխատանքից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն. ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալու»։ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկությունները շտապեց հերքել՝ ասելով, թե նման բան չկա։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն էլ քաղաքական ըմբոստ դիրքորոշումների համար հանիրավի բանտարկվեց եւ բանտից դուրս գալուց հետո շարունակում է աշխատանքը որպես Գորիս համայնքի ղեկավար, բայց այլեւս քաղաքական կոշտ տեքստեր չի արտաբերում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս