ՖՈՏՈ. Կապույտ գորգ՝ կարմիրի փոխարեն, փակ ցուցադրություն և հայտնի դեմքեր. կայացավ «Ռոզալի» ֆիլմի պրեմիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ hոկտեմբերի 26-ից էկրաններին կհայտնվի «Ռոզալի» ռոմանտիկ կատակերգությունը: Ֆիլմի սյուժեն կառուցված է արհեստական բանականության հիման վրա։ Հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում գիտնականները կարողանում են ստեղծել յուրօրինակ կին-ռոբոտ: Ռոզալին աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Սա աննախադեպ ձեռքբերում է նանո-տեխնոլոգիաների ոլորտում: Բայց որպեսզի Ռոզալին «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Ռոբոտի փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված ու սեփական ստերի մեջ խճճված մի երիտասարդ: Եվ եթե «բանական» ռոբոտը կարող է սիրահարվել սովորական մարդուն, ապա անուղղելի ստախոսն ու խարդախը, սիրահարվելով, կարող է դառնալ իսկական հերոս:

ArmLur.am-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պրեմիերան կայացել է յուրօրինակ մթնոլորտում, կապույտ գորգ կարմիրի փոխարեն, փակ ցուցադրություն և հայտնի դեմքեր։
Կապույտ գորգի բացումն արել են գլխավոր հերոսներին մարմնավորող Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը և Նաստասյա Գոլովկոն: Կապույտ գորգին նաև ներկա էին մի շարք հայ հայտնիներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ և ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Նախագծի բեմադրող ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմ ստեղծելիս միշտ մտածում են ստեղծել մի բան, որը նախկինում չի արվել, իսկ հետագայում այդ մտքի շուրջ կհավաքվեն համախոհներ:

«Ֆիլմի հիմնական սպառողները երիտասարդներն են, որոնց թեման հետաքքիր է, բայց կարծում ենք, որ սիրո և ազնիվ արժեքների թեման արդիական է ցանկացած սերնդի համար: Մեր ֆիլմն ունի կարևոր գաղափար՝ «դարձեք մարդ», քանի որ մեր ռոբոտը մարդկայնանում է՝ ձեռք բերելով մարդկային արժեքներ»,- նշեց Դավիթ Բաբախանյանը:

Խոսելով գլխավոր դերակատարի՝ Տարոն Իսպիրյանի մասին, պրոդյուսեր Արման Միտոյանը նշեց.
«Մենք վստահ էինք, որ այս հումորային ժանրում Պոնչը կկարողանա իրեն դրսևորել, քանի որ Պոնչը, թե՛ շնորհալի երիտասարդ է, թե՛ սիրված դերասան: Պոնչը մարմնավորում է երիտասարդի, որը մարդկային կերպարանափոխությունն ավելի ակնառու է, քան ռոբոտի կերպարանափախությունը մարդուն: Նաստասյայի դեպքում մեզ պետք էր դերասանուհին, որին կկարողանայինք կերպարանափոխել և հանդիսատեսը տեսնելու է, թե ինչքան տարբեր կերպարներում է ներկայանալու նա»։

Մարիամ Ղազարյան




Լրահոս