Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) X սոցիալական ցանցում հայտնել են, որ արկ է ընկել Լիբանանի հարավում՝ Նաքուրա քաղաքում գտնվող կենտրոնակայանի վրա. զոհեր չկան։
«Այսօր արկ է ընկել Նաքուրայում UNIFIL-ի կենտրոնակայանում, բարեբախտաբար, այն չի պայթել, ոչ ոք չի տուժել, սակայն մեր բազան վնասվել է, արկը հանվել է, և մենք աշխատում ենք հարձակման պատճառները պարզելու ուղղությամբ», – ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես է UNIFIL-ի սարքավորումներով շարասյունը հարավային Լիբանանից շարժվում դեպի Բեյրութ։ Տեղական մի շարք լրատվամիջոցներ շտապեցին հայտնել, որ խաղաղապահները կարող են լքել հարավային Լիբանանը «Հեզբոլլահի» զինյալների և իսրայելական բանակի միջև լայնամասշտաբ ռազմական բախումներից առաջ։
Լիբանանի հարավի բնակավայրերում իրավիճակը կայուն է. իսրայելական անօդաչու թռչող սարքերն ու ռազմական ինքնաթիռները մշտապես պարեկում են Լիբանանի օդային տարածքը։ Սահմանամերձ Հուլա գյուղի տեղի բնակիչները «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ լիբանանյան և իսրայելական բանակների դիրքերի սահմանազատման գծում սահմանային հենակետում նույնպես մնացել են կապույտ սաղավարտներ։
Լիբանան-իսրայելական սահմանին «Հեզբոլլահի» և Իսրայելի պաշտպանության բանակի հրետակոծությունները շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ: Իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողության մասին։