Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը:
Ինչպես նշել է Զարուհի Մանուչարյանը, 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվել է շուրջ 100 հազար անձ: Այս շաբաթ իրականացվել է վճարում նաև կեցության և կոմունալ ծախսերի համար նախատեսված 40+10 հազար դրամի աջակցության ծրագրի շրջանակում: Արդյունքում ծրագրից արդեն իսկ օգտվել է 73 196 անձ: Նրանցից 69 199-ը ստացել է աջակցությունը 40+10 հազար դրամի, իսկ 3997 -ը՝ 10 հազար դրամի չափով: Նշվել է նաև, որ վերջին փոփոխություններով ընդլայնվել է շահառուների շրջանակը. միանվագ դրամական սոցիալական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, անդրադառնալով 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ընթացքին, նշել է, որ հոկտեմբեր ամսվա համար դիմումների ներկայացման պահանջ չի եղել: Ըստ փոխնախարարի՝ նոյեմբերից սկսած՝ աջակցությունը կտրամադրվի հատուկ պայմաններով: Նախ՝ շահառու չեն հանդիսանա բոլոր այն մարդիկ, որոնց համար կեցության խնդիրն ապահովվում է պետական միջոցներով: Խոսքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում մնացող մարդկանց մասին է: Նոյեմբերի համար անհրաժեշտ կլինի նաև մեկ անգամ առցանց դիմում լրացնել: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դիմում ներկայացնելու ժամանակ տրամադրվելու են անձնական տվյալներ, նույն հասցեում բնակվողների անձնական տվյալները, հասցեն, պետք է լրացվի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և էլեկտրաէներգիայի ծառայության բաժանորդի համարը: Անչափահասների դեպքում կցվելու է նաև երեխայի ծննդյան վկայականի լուսապատճենը, իսկ եթե դիմողը խնամակալն է կամ հոգաբարձուն՝ նաև այդ փաստը հաստատող փաստաթուղթը»,- ասել է Աննա Ժամակոչյանը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ ընթացակարգը հնարավորինս պարզեցված է. առցանց դիմումի հղումը նախարարությունը կներկայացնի առաջիկայում, կլինեն նաև դիմումի լրացման ուղեցույցներ: