Հայաստանի օգտակար մրգերն ու բանջարեղենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական հողն ու ջուրը մոգական ուժ ունեն, և դրա շնորհիվ մեր երկրում անասելի համեղ ու օգտակար պտուղներ են աճում։

Հայաստանում աճում են դեղձ, խնձոր, տանձ, ինչպես նաև` օգտակար պտուղներ` բալ, կեռաս, հոն, հաղարջ, սմբուկ, ձմերուկ և այլն։ Հայկական մրգերի արքան օգտակար և համեղ ծիրանն է, որը լատիներեն թարգմանաբար նշանակում է «հայկական միրգ» (Prúnus armeniáca)։ Այն առանձնանում է յուրահատուկ համով և արևահամ Հայաստանի բույրով։

Եվ այսպես, բազմաթիվ պտուղներ հասունանում են տարվա տարբեր եղանակներին, սակայն Sputnik Արմենիա պորտալն ընտրել է հայկական հողում աճող տասը ամենաօգտակար աշնանային պտուղները, որոնք վիտամինների իսկական գանձարան են։

Դեղձ

Այս քաղցրահամ, անչափ հյութեղ միրգը ոչ միայն հաճելի համ ունի, այլ նաև հարուստ է վիտամիններով։ Դեղձն ունի միզամուղ և թույլ լուծողական ազդեցություն, խթանում է ստամոքսային արտազատումը, կարգավորում է մարսողությունը։

Դեղձն օգտակար է սակավարյունություն և գաստրիտ ունեցողների, սիրտ–անոթային համակարգի աշխատանքի խախտումներ ունեցող մարդկանց համար։ Ի դեպ, դեղձը նաև հիանալի կանխարգելիչ միջոց է մրսածության, ավիտամինոզի, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Դեղձից կարելի է օգտակար խյուս, հյութեր, կոմպոտներ, մուրաբա պատրաստել։

Դդում

Եթե արևմտյան երկրներում դդումը Հելոուինի գլխավոր զարդն է համարվում, ապա Հայաստանում այն ավելի կիրառական նշանակություն ունի։ Դդումը վիտամինների «գանփատուփ» է։ Դդմից մուրաբա, թխվածք, ձիթաբլիթներ են պատրաստում, եփում կամ տապակում են` վրան շաքարավազ կամ աղ ցանելով։

Դդումն օգտակար է տուբերկուլյոզով, փորկապությամբ, դիաբետով տառապողների, պոդագրա, միզաքարային հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Դդումը հզոր միզամուղ է, որը նաև լավացնում է երիկամների, սրտի աշխատանքը, այն օգտակար է հղիներին, կիրառվում է կոսմետոլոգիայում, լավացնում է տղամարդկանց և կանանց սեռական համակարգի աշխատանքը, բարձրացնում է իմունիտետը։

Դդմիկ

Դդմի «կրտսեր եղբոր»` դդմիկի բուժական հատկությունների մասին կարելի է մի ամբողջ ատենախոսություն գրել։ Դդմիկը տարվա մեջ ընդամենը մի քանի ամսվա «ուրախություն է» պարգևում Հայաստանի բնակիչներին։ Դդմիկը լավացնում է մարսողությունը, թարմացնում է մաշկը, օգտակար է ատամների, մազերի, տեսողության, ուղեղի, սրտի և լյարդի աշխատանքի համար։

Դդմիկի օգտագործման շնորհիվ օրգանիզմից դուրս են մղվում թունավոր նյութերը։ Այն օգտակար է արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակություն ունեցող և այտուցներից տառապող մարդկանց համար։ Դդմիկը չափազանց անհրաժեշտ է հատկապես ծերունիներին, այն լավացնում է ստամոքսի և աղիների աշխատանքը, բարենպաստ ազդեցություն է ունենում արյունաստեղծ համակարգի վրա, խոչընդոտում է աթելոսկլերոզի զարգացումը։ Բայց սրանք դդմիկի բոլոր օգտական հատկությունները չեն։

Դդմիկը կարելի է տապակել, եփել, պատրաստել գոլորշու վրա, ինչպես նաև չորացնել ձմռան համար։

Թուզ

Թուզը նույնպես հայկական մրգերի, բանջարեղենի և պտուղների «արքայական ընտանիքի» անդամ է։

Թուզն օգտակար է աթերոսկլերոզի, երիկամների և ստամոքսի հիվանդությունների դեպքում։ Ժողովրդական բժշկությունում այն կիրառում են հարբուխի, անգինայի, շնչուղիների հիվանդությունների և լնդերի բորբոքման ժամանակ։ Թուզն օգնում է հիպերտոնիայի և երակային անբավարարության դեմ պայքարում, օգնում է սրտի հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, թուզը բարձրացնում է տրամադրությունը։ Չորացրած թուզն օգնում է ձեզ ավելի առողջ լինել։

Սերկևիլ

Սա իսկապես հրաշագործ պտուղ է։ Հայկական հողում աճող սերկևիլը ոչ միայն անկրկնելի համ և բույր ունի, այլ նաև հիանալի բժիշկ է։ Սերկևիլն օգնում է աղեստամոքսային խնդիրների, երիկամների, սիրտ–անոթային համակարգի, բրոնխիալ աստմայի, սակավարյունության դեպքում, սերկևիլով կարելի է բուժելու այրվածքները։

Սերկևիլը հիանալի հակասեպտիկ է և խորխաբեր, այն բարելավում է մարսողական համակարգի գործունեությունը և բուժում է խոցերը։

Բուրավետ սերկևիլից համեղ մուրաբաներ, հյութեր, կոմպոտներ են պատրաստում։

Նուռ

Բնության արվեստի նմուշներից մեկը` վիտամիններով հարուստ նուռը, Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Նուռն օժտված է ամենաաներևակայելի բուժիչ հատկություններով։ Համարվում է, որ յուրաքանչյուր պտուղը պարունակում է ճիշտ 365 կորիզ` տարվա օրերի չափով, սակայն այդ ֆենոմենի տրամաբանական բացատրություն դեռևս չկա։

Կալցիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, երկաթով և նատրիումով հարուստ նուռը կարողանում է կարգավորել օրգանիզմի գործունեությունը` դրական ազդելով սրտամկանի վրա, կարգավորում է ջրաաղային փոխանակումը, հիանալի պայքարում է հիպերտոնիայի, արյան շրջանառության անբավարարության դեմ։ Նուռը նաև անգնահատելի է մարսողական օրգաններում առկա բորբոքումների դեպքում։

Խաղող

Եվս մի օգտակար պտուղ, որը հասունանում է աշնանը և որից պատրաստում են աշխարհահռչակ հայկական կոնյակը։ Ամենագեղեցիկ պտուղներից մեկը պարունակում է մեծ թվով հանքային աղեր և միկրոէլեմենտնոր, որոնք օգտակար են մարդու օրգանիզմի համար։

Խաղողն օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի համար։ Դրանում պարունակվող գլյուկոզան և C վիտամինն օգտակար են ամբողջ օրգանիզմի համար։ Խաղողը շատ օգտակար է շնչուղիների սուր բորբոքումների, բրոնխիալ ասթմայի և պլևրիտի ժամանակ։ Իսկ չամիչն առողջարար չորամիրգ է։ Խաղողն ու չամիչը հակացուցված են միայն շաքարախտով հիվանդներին։

Արքայանարինջ կամ խուրմա

Խուրման օգտակար է աղիքային ցուպիկի և ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ պայքարում։ Այդ միրգն օգնում է ավիտամինոզների դեպքում, բարձրացնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, բուժում է աթերոսկլերոզը։

Խուրմայի պրովիտամինները բարենպաստ ազդեցություն են գործում օրգանիզմի վրա չարորակ գոյացությունների և լեյկեմիայի բուժման ժամանակ։ Նույն նյութերն օգնում են վերականգնել գլխուղեղի նորմալ գործունեությունն էնցեֆալիտների և արյունազեղումների ժամանակ, հանգստացնել գրգռված նյարդային համակարգը, բարձրացնել աշխատունակությունը։

Չիչխան

Չիչխանը չափազանց կարևոր է այն մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեն աղիների հետ, տառապում են վիտամինների պակասից, ճաղատությունից։ Վիտամինների և օգտակար այլ նյութերի բարձր պարունակությունը բարենպաստ ազդեցություն է գործում աղեստամոքսային տրակտի, մաշկի վրա, պտուղները բուժում են հարբուխը և կոկորդի ցավերը։ Ւ դեպ, չիչխանի յուղը լայնորեն կիրառվում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, այրվածքների, աչքի և մաշկի հիվանդությունների, կանանց հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպես նաև կոսմետոլոգիայում։

Հոն

Հոնի պտուղները խորհուրդ են տալիս օգտագործել հոդատապի, սակավարյունության, թութքի, դիզենտերեայի, տիֆի, աղեստամոքսային հիվանդությունների, արտրիտի և մաշկի հիվանդությունների ժամանակ։ Հոնն օժտված է լեղամուղ, միզամուղ, հակացինգային, հակամանրէային, ջերմիջեցնող և հակաբորբոքային հատկություններով։

Դրանցում պարունակվող պեկտինի շնորհիվ հոնի հատիկներն արագացնում են օրգանիզմի մաքրումը նյութափոխանակության արգասիքներից։ Հոնը նպաստում է թրթնջուկաթթվի և միզաթթվի արտազատմանը։ Կենսաբանորեն ակտիվ նյութերը, որոնք պարունակվում են հոնի պտուղներում, կարգավորում են զարկերակային ճնշումը, գլխուղեղի անոթների ճնշումը, վերացնում են գլխացավերը, նախազգուշացնում են սկլերոզը։




Լրահոս