Նոյեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, «Դիլիջան» ազգային պարկի 15 և Դիլիջանի ոստիկանության 1 աշխատակից։
Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Նոյեմբերի 7-ին` ժամը 07:00-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նոյեմբերի 7-ին` ժամը 15։00-ին, քամու ուժգնության հետևանքով հրդեհը շարունակում է տարածվել «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծնի տեղամասում։