«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվել է դեռեւս 2019թ. Նորատուս գյուղի բնակչի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 մեղադրյալի մասով:
2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, քննությամբ ինքնությունը դեռեւս չպարզված անձն իր մոտ ապօրինի գտնվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել Նորատուսի բնակչի՝ Սեւան-Մարտունի ավտոճանապարհով երթեւեկող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր, իսկ մեքենայում գտնվող նրա համագյուղացին՝ ստացել մարմնական վնասվածքներ:
Իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, պարզվել է, որ Երեւանի բնակիչներ Հ.Մ-ն եւ Հ.Դ.-ն քննությամբ ինքնությունը դեռեւս չպարզված անձի հետ համաձայնության են եկել վրեժխնդրության շարժառիթով 40-ամյա տղամարդու սպանության իրականացման շուրջ։ Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով անհայտ անձը ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող ինքնաձիգ։ Հ.Դ.-ն նրան, որպես հանցագործության կատարման միջոց, Հ.Մ.-ի միջոցով տրամադրել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը Հ.Դ.-ն վերցրել էր Երեւան քաղաքի մի բնակչից մեկ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով:
Այնուհետեւ վարույթով դեռեւս չպարզված անձինք նշված ավտոմեքենայով Երեւան քաղաքից մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ՝ Սեւան-Մարտունի ավտոճանապարհի Նորատուս համայնքի մոտակայքում, դարանակալել եւ սպասել են 40-ամյա տղամարդուն:
«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելու ընթացքում իրենց վարած ավտոմեքենայով հետեւելով վերջինիս՝ ժամը 09:30-ի սահմաններում վազանցել են այն, եւ անհայտ անձը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի տանիքի հատվածում առկա դիտանցքից իր մոտ առկա ինքնաձիգից կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ»-ի ուղղությամբ։ 40-ամյա տղամարդուն պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, իսկ նրա ուղեւորին՝ թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Հանցանքի կատարումից հետո անհայտ անձինք վերադարձել են Երեւան, որտեղ Հ.Մ.-ն, նախապես խոստացված կերպով օժանդակելով սպանության կատարմանը, «Մերսեդես Բենց»-ի վրա գտնվող կրակոցի արգասիքները վերացնելու նպատակով այն տվել է լվացման:
Բացի այդ, Հ.Դ.-ն ավտոմեքենան լվացել է Երեւանի մեկ այլ ավտոլվացման կետում դրա վրա առկա հետքերն իսպառ վերացնելու՝ հանցանքի նախապես խոստացված պարտակում կատարելու նպատակով:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ Հ.Մ.-ին եւ Հ.Դ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Հիշյալ 2 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ նրանց մասով վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով:
Ձեռնարկվում են միջոցառումներ ինչպես սպանությունը կատարած, այնպես էլ դրա կատարմանն օժանդակած այլ անձանց ինքնությունները պարզելու, հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
ՄԵԽ Է ԿՈՒԼ ՏՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Վանաձորի բանտում։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 1988 թվականի ծնված տղամարդուն օտար մարմնի ստամոքսաաղիքային տրակտի ախտանիշով տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց։
Պարզվել է, որ տղամարդը բանտում մեխ է կուլ տվել։ Բժիշկներն օգնել են կալանավորին, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Սերյոժա Թաթուլի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանումում, ենթակա է եղել զորակոչման 2022թ. ձմեռային զորակոչին։
Նա խախտել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, խուսափել է հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2022թ.-ի ձմեռային զորակոչից այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՆՎԱՎԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Հանցավորության դեմ համատեղ միջոցների միջպետական ծրագրի շրջանակներում, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համակարգմամբ, տարածքային ստորաբաժանումների հետ նրանց սպասարկման տարածքներում պարբերաբար իրականացվում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ:
Հերթական համատեղ միջոցառումն անցկացվեց ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ: Ստուգայցեր կատարվեցին սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների վարձակալած բնակատեղիներում: Հայտնաբերվեցին ու Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության անձնագրերի եւ վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի եւ անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման համապատասխան արձանագրություններ:
Նմանատիպ միջոցառումները շարունակվում են:
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է 22-ԱՄՅԱ ԲՆԱԿԻՉԸ
2023թ. հոկտեմբերի 16-ին «Ալավերդի բժշկական կենտրոն»-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Աքորի գյուղում՝ տներից մեկի դիմաց, մահացած անձ կա. վերջինս նույն տան բնակիչ 50-ամյա Ա.Ս.-ն է, որի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր: Դեպքի առթիվ 2023թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 16.10.2023թ.՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ Աքորի գյուղի 2-րդ փողոցում երթեւեկելիս, խափանվել է նույն գյուղի 22-ամյա երիտասարդի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհի բանուկ մասում մեքենան կայանելու առիթով վիճաբանություն է առաջացել նշված փողոցով իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկել ցանկացող, նույն գյուղի 50-ամյա բնակչի եւ նշված 22-ամյա երիտասարդի հոր՝ 45-ամյա բնակչի միջեւ: Դրա ընթացքում, ըստ առկա տվյալների, 50-ամյա տղամարդու կողմից հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, նշված երկու անձինք բռունցքներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Դեպքին միջամտել է 45-ամյա տղամարդու որդին, որը, «Վազ 2106» ավտոմեքենայի սրահից վերցնելով սուր կտրող առարկա, Ա.Ս.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ երեք անգամ հարվածել է վերջինիս ձախ թիկնային հատվածին, կրծքավանդակի առաջային մակերեսի աջ հատվածին եւ սպանել նրան, որից հետո դիմել է փախուստի: Նույն օրը՝ ժամը 01:30-ին, 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է իրենց տանը եւ տեղափոխվել ոստիկանության Թումանյանի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Քննիչի որոշմամբ՝ վերջինս ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։
Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ինչպես 22-ամյա երիտասարդը, այնպես էլ տուժողը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Աքորի գյուղի 22-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ 344-րդ հոդվածի 2-րդ մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, եւ մեղադրյալը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է: