Ո՞ՒՄ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ՊԱՊ ՊՈՂՈՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք, օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, եթերում կհայտնվի «Մալենա» ֆիլմը: Պրոդյուսերը Սոս Կարապետյանն է, տնօրենը՝ Անի Երանյանը:

 

Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Բարոն 92 մականվամբ երիտասարդին, մարմնավորում է ամերիկաբնակ դերասան Պապ Պողոսյանը:

Բարոն 92-ը սարկաստիկ, ընկերասեր, հետաքրքիր բնավորություն ունի: Իր գործի գիտակն է, որը մարդկային շփումը փոխարինել է համակարգչի՝ վիրտուալ իրականության հետ, ինչի արդյունքում մարդկային փոխհարաբերություններում մի փոքր այլ է, տարբերվում է: Նա եւ՛ մտածում է, եւ՛ վերլուծում, եւ՛ իրավիճակին գնահատական տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պապն անկեղծանում է՝ Բարոնն ինքնին իր տեսակին ինչքան էլ նմանվող գծեր ունի, նույնքան էլ չունի, այդ թվում եւ նրա ինտրովերտ լինելը: Պապի խոսքով՝ ինքը եւս հետաքրքրված է համակարգչային ծրագրավորմամբ եւ հետաքրիր է եղել Բարոն 92-ին մարմնավորելը:

«Ֆիլմում նկարահանվելու եւ կերպարին մարմնավորելու առաջարկը ստացել եմ Անի Երանյանից: Այդ պահին Հայաստանում էի, վերադառնալուն պես հանդիպեցինք, քննարկեցինք, եւ քանի որ թիմը կազմված էր պրոֆեսիոնալ, տաղանդավոր եւ լավ մարդկանցից, ինչն էլ, բացի հետաքրքիր կերպարից, առաջարկվող դերից, շատ մեծ նշանակություն ունի սիրով ինտեգրվելու եւ պրոդուկտիվ աշխատելու մեջ, եւ առաջարկն ընդունելիս ստիպեց՝ երկմտանքի առաջ չկանգնեմ եւ սիրով ընդունեմ առաջարկը՝ աշխատելու թե՛ կերպարիս եւ  թե՛ այս թիմի հետ»:

Պապի խոսքով՝ մինչ այս գտնվում էր ստեղծագործական դադարի մեջ, բայց ոչ ամբողջությամբ. «Հակառակ աղմկոտ աշխարհի՝ լուռ էի, կենտրոնացած ինձ վրա: Տեւական ժամանակ դադար էի տվել, բայց ոչ ամբողջությամբ. մտքերս թղթին էի հանձնում, գրում էի, ջնջում: Նաեւ ներկայացումների եմ մասնակցել մի քանի՝ Լոս Անջելեսի մանուկներին ուրախություն եւ հետաքրքիր գույներ պարգեւելով»:

Անդրադառնալով ապագա պլաններին՝ Պապը նախընտրում է լռել. պլաններ կան, բայց թե որից ու երբ կսկսի, չգիտի:

«Հայրենիք վերադառնալու պլաններ միշտ  ունեմ թե՛ գործունեությամբ եւ թե՛ որպես պարզապես հայ: Հայրենիքին կպնելու ցանկություն միշտ կա եւ կլինի, հենց դրա արդյունքում էլ հաճախ եմ լինում հայրենիքում: Ամեն դեպքում, այստեղ, թե այնտեղ, աշխատանքս հայ հանդիսատեսի համար է»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

Օսկարակիր դերասան Ջորջ Քլունին եւ հոլիվուդյան այլ բարձր վարձատրվող դերասաններ «Էկրանի դերասանների գիլդիա -հեռուստատեսության եւ ռադիոյի արտիստների ամերիկյան ֆեդերացիա» (SAG-AFTRA) արհմիությանը 150 միլիոն դոլար են առաջարկել, որպեսզի օգնեն գրեթե 100 օր շարունակվող գործադուլի դադարեցմանը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

 

Ըստ հրապարակման՝ առաջարկի փաստը հոկտեմբերի 19-ին հաստատել է Ջորջ Քլունիի խոսնակը։ Այն նախատեսում է արհմիությանը երեք տարվա ընթացքում տրամադրել լրացուցիչ 150 միլիոն դոլար՝ օգնելու ֆինանսավորել առողջության ապահովագրությունը, որի պայմանները պետք է բարելավվեն։

Քլունին հոլիվուդյան Deadline պարբերականին հայտնել է, որ բարձր վարձատրվող բազմաթիվ դերասաններ ցանկանում են մասնակցել լուծումներ գտնելու գործին։

«Կարծում ենք՝ արդար է, որ մենք արհմիությանն ավելի շատ վճարենք», – ասել է նա։

SAG-AFTRA-ից առայժմ մեկնաբանություն չեն տվել այս հրապարակումների առնչությամբ։

Արհմիության անդամները գործադուլի են դուրս եկել հուլիսից։ SAG-AFTRA-ի եւ ֆիլմերի ու հեռուստատեսային շոուների պրոդյուսերների արհմիության միջեւ բանակցություններն անցյալ շաբաթ տապալվել են։

Գործադուլի պատճառով խաթարվել է ֆիլմերի եւ հեռուստաշոուների արտադրության գործընթացը, նկարահանող անձնակազմի հազարավոր անդամներ, ինչպես նաեւ դերասաններ մնացել են առանց աշխատանքի։

Դերասանները պահանջում են, որպեսզի իրենց արդարացի վճարեն սթրիմինգային ծառայությունների ստացած եկամուտներից, պաշտպանություն ապահովվի արհեստական բանականությունից, որը կարող է օգտագործել իրենց կերպարը կամ փոխարինել իրենց աշխատանքը։

Հոլիվուդյան սցենարիստները նույնպես գործադուլ էին անցկացնում, սակայն նրանք հոկտեմբերին համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ, որը վերջ է դրել սցենարիստների 148-օրյա գործադուլին։

 

 

 

«ՅՈՒՆԱՅԹԵԴ»-Ի ՓՈՐՁԵՐԸ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 25-ամյա իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին. հաղորդում է TEAMtalk-ը։ «Ինտերը» Դիմարկոյի տրանսֆերից ակնկալում է առնվազն 50 միլիոն եվրո։ Դիմարկոյի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալը»։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիմարկոն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 7 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

 

 

 

ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ֆուտբոլում գլխավորի մասին։

«Մեր մարզաձեւում ամենակարեւորը հաղթելն է, ոչ թե փիլիսոփայություն վաճառելը։ Ֆուտբոլում նպատակը արդարացումներ վաճառելը չէ, այլ հաղթող դառնալը։ Միակ նպատակը հաղթանակին հասնելն է։ Ես ունեմ գործընկերներ, որոնք ամբողջ կարիերայի ընթացքում ոչ մի տիտղոս չեն նվաճել, բայց նրանք էլ հաղթող են, քանի որ հասնում են ինչ-որ նպատակի։ Հաղթանակը չի նշանակում, որ դու անպայման տուն կբերես մեդալ կամ գավաթ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gameplan-a.com-ը։ Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ պորտուգալական «Բենֆիկան», «Ունիան Լեյրիան», «Պորտուն», անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը», Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Ռեալը»։

 

 

 

ՕԳՆԵԼ Է ՍԵՎԻԿՅԱՆԻՆ

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանն իր խորհրդով նպաստել է, որպեսզի իր ղեկավարած թիմի հարձակվող Էդգար Սեւիկյանն ընտրի Հայաստանի հավաքականը, թեեւ հրավեր ուներ նաեւ Ռուսաստանի հավաքականից։ «Չեմ թաքցնի, որ զրույց եմ ունեցել Սեւիկյանի հետ։ Ես նրան ասացի, որ ֆուտբոլային կյանքը կարճ է։ Իհարկե, ես կցանկանայի նրան տեսնել Ռուսաստանի հավաքականում, բայց ես չգիտեմ, եւ ոչ ոք չգիտի՝ երբ մեզ կվերադարձնեն միջազգային մրցումներ։ Հայաստանի հավաքականում հիմա հավաքվել են լավ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայից։ Ամեն ֆուտբոլիստ էլ ցանկանում է խաղալ Եվրոպայի եւ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներում, հնարավոր է նաեւ եզրափակիչ մրցաշարում։ Ֆուտբոլից պետք է վերցնել առավելագույնը։ Էդգարն արձագանքեց. «Ես հասկացա։ Ցանկանում եմ սկսել հենց հիմա»։  Եվ նա ընտրեց Հայաստանի հավաքականը։ Այս պահին համարում եմ դա ճիշտ որոշում։ Պետք է խաղալ»,- Յուրանի խոսքը մեջբերում է Sport-express-ը։ 22-ամյա Էդգար Սեւիկյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է Լատվիայի թիմի դեմ «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղում՝ 70-րդ րոպեին փոխարինելով Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին։ Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտվել է 0:2 հաշվով։

 




Լրահոս