«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քիչ առաջ Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանի որդին՝ Հայկ Մաթեւոսյանը, ներկայացել է իրավապահներին եւ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ Նոր Հաճնում 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում է Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Մաթեւոսյանը:
Հ. Մաթեւոսյանը Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւսյանի որդին է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 19-ին դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլեւմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 31-ամյա Գեւորգ Բ.-ն է: Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները վերադարձել են հիվանդանոց, սակայն բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 32-ամյա Նարեկ Ա.-ն է: Կարճ ժամանակ անց ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել էին, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց եւ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Մ.-ի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հայկ Մ.-ն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ էր հասցրել Գեւորգ Բ.-ին եւ Նարեկ Ա.-ին: Գեւորգ Բ.-ն «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՐԻՄԻՆԱԼ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 19-ին Նոր Հաճնում 31 եւ 32-ամյա երիտասարդները ստացել են դանակի մի քանի հարվածներ ու տեղափոխվել հիվանդանոց. կասկածյալը Նոր Հաճնի քաղաքապետի որդին է՝ 25-ամյա Հայկ Մաթեւոսյանը։ Նա ձերբակալված է։
Հոկտեմբերի 20-ին կրակոցներ են հնչել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում. կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել Աշտարակի քաղաքապետի տեղակալին, որը Աշտարակի քաղաքապետի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է։ Ըստ լուրերի՝ քաղաքապետ, ՔՊ-ի թիմակից Թովմաս Շահվերդյանը եւս եղել է դեպքի վայրում, նրան եւս հարվածներ են հասցրել, իսկ թեման հողի հարցի շուրջ առաջացած տհաճ խոսակցությունն էր։
Սա միակ աղմկահարույց կրակոցներն ու միջադեպերը չեն, որոնք արձանագրվել են մարզերում քաղաքական իշխանության ներկայացուցիչների կամ նրանց հարազատների մասնակցությամբ։
2023թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում՝ Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, բնակավայրի բնակիչ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Գործը դատարանում է։
2022 թվականին Ապարան քաղաքում կրակոցներ հնչեցին, որը ունեցավ ողբերգական հետեանքներ։ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան թեմայի շուրջ վիճեցին այլ
երիտասարդների հետ, որի հետեւանքով հնչեցին կրակոցներ, ու 3 անձ սպանվեց։ Քրեական գործով շոշափվեց ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբոր՝ Գրզո Ասատրյանի անունը, որին, սակայն, «ջրից չոր դուրս հանեցին»։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ՉՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էդգար Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 27.03.2019թ. կցագրվել է ՀՀ ՊՆ Շիրակի զինկոմիսարիատում, ապա հասնելով զորակոչային տարիքի, պարտավոր լինելով ներկայանալ Գյումրիի զինկոմիսարիատ՝ չի ներկայացել եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից: «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է, որ իրավապահները մեկը մյուսի հետեւից մեղադրանքներ են առաջադրում բանակում ծառայել չցանկացողներին։
Տիգրան Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով ավագ հետախույզի զինվորական հատուկ մասնագիտություն, հանդիսանալով պահեստազորում հաշվառված զինապարտ ՀՀ քաղաքացի, ՀՀ կառավարության՝ 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության եւ զորահավաքային զորակոչի ժամանակ՝ 44-օրյա պատերզամի ընթացքում՝ 26.10.2020 թվականին, հրաժարվել է իր անվամբ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված եւ իրեն հասցեագրված ծանուցագիրը ստանալուց՝ դրանով իսկ խուսափելով զորահավաքային զորակոչից:
Կարեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. ապրիլի 12-ին կցագրվել է ՀՀ ՊՆ Շիրակի զինկոմիսարիատում, ապա հասնելով զորակոչային տարիքի, պարտավոր լինելով ներկայանալ Գյումրիի զինկոմիսարիատ՝ չի ներկայացել եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից:
ԹՈՂԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Վեդիի ծննդատանը մոր կողմից տղա երեխային լույս աշխարհ բերելու եւ նրանից հրաժարվելու դեպքից։
Մեզ հայտնի դարձավ, որ նորածնի ծնողները ամուսնալուծված են։ Դեպքի մասին իմացել է երեխայի հայրը, որը ներկայացել է հիվանդանոց ու ասել, որ ինքը երեխայի հայրն ու իր երեխային կպահի։ Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները գտել են մորը ու տարել բաժին։
Shamshyan.com-ը գրել էր՝ հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում եւ ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Վեդիի ծննդատանը երեխա է ծնվել, ում մայրը, երեխային թողնելով հիվանդանոցում, հեռացել է՝ ասելով, որ ինքը հրաժարվում է երեխայից:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ