ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները մեզ են փոխանցել մի բացառիկ ձայնագրություն, որը կատարվել էր 2023թ. օգոստոսի 4-ին։ Այնտեղ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սամվել Բաբայանը կտրուկ դեմ է արտահայտվում Աղդամի ճանապարհը բացելուն եւ կողմ արտահայտվում շարունակաբար դիմանալու մոտեցմանը: Ինչպես միշտ, Սամվել Բաբայանը հրապարակային այլ բան է խոսել, ներսում՝ այլ:

 

Հենց ձայնագրության օրվա նիստից հետո Բաբայանը քննադատում էր իշխանություններին եւ առաջ քաշում այն տեսակետը, որ պետք է բանակցել ադրբեջանական կողմի հետ, բացել ճանապարհները: Իսկ երբ իշխանական շրջանում սկսում էին շրջանառվել Ադրբեջանի հետ հանդիպման կամ Աղդամի ճանապարհը բացելու մասին կարծիքներ, Սամվել Բաբայանն ու նրա թիմակիցները սկսում էին ամենակեղտոտ քննադատությունները հնչեցնել իշխանությունների հասցեին:

Տեղի ունեցած իրադարձությունների եւ ձայնագրությունում տեղ գտած խոսակցության համադրությունից պարզ է դառնում, որ նույնիսկ շրջափակման ընթացքում Արցախում ընթանում էր իշխանության կռիվ, որի ընթացքում ոմանք պատրաստ էին նույնիսկ վնաս հասցնել Արցախի շահերին: Դա էր պատճառը, որ երբ Արցախի նորընտիր իշխանությունները որոշեցին բացել Աղդամի ճանապարհը, Սամվել Բաբայանն ու նրա թիմակիցները զարմանալիորեն նորից սկսեցին քննադատել իշխանություններին, թեեւ նրանք անում էին այն, ինչի ջատագովն էին նույն «Միասնական Հայրենիք»-ն ու հայաստանյան կառավարման տակ գտնվողները:

Իրականում, սակայն, խնդիրը նրանց՝ իշխանության գալու միակ թեզի ոչնչացման մեջ էր: Ի վերջո, ժողովուրդը հոգնել էր շրջափակման հետեւանքով ստեղծված վիճակից, եւ այդ պահին կարող էր իշխանության գալ միայն այն անձը, որը պատրաստ էր զիջումների հաշվին բացել ճանապարհները, ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ, ինչը թուլացած ժողովրդին կտար շնչելու, սնունդ, դեղորայք, վառելիք ձեռք բերելու հնարավորություն, իսկ իշխանությունների կողմից այդ քայլին գնալը փակում էր Սամվել Բաբայանի բոլոր ճանապարհները:

Իշխանության համար կռվողներից բարձր գտնվեց միայն Ադրբեջանը, որը լուռ հետեւում էր այդ ամենին ու զարմանում նրա վրա, թե ինչպես են իշխանատենչ այդ սուբյեկտները կարծում, որ Աղդամի ճանապարհը բացվելուց հետո խնդիրները կհամարվեն լուծված, եւ արցախահայությունը կվերադառնա մինչբլոկադյան կյանքին: Չէր լինելու այլեւս դա:

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը պատանդ է պահում 30 երեխայի։ Այս մասին նա հայտարարել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։

«30 երեխա առեւանգվել է «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչների կողմից»,- ասել է Իսրայելի նախագահը։

Խոսելով առեւանգվածների ազատ արձակման մասին՝ Հերցոգն ընդգծել է, որ «ոչ մի տարբերություն չկա Իսրայելի քաղաքացիություն ունեցող քաղաքացիների կամ այլ քաղաքացիություն ունեցողների միջեւ: Ի վերջո, յուրաքանչյուր իսրայելցի իսրայելցի է, եւ մենք ցանկանում ենք, որ նրանք վերադառնան որքան հնարավոր է շուտ»:

 

 

 

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Նոյեմբերի 13-ին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման քննարկման թեման լինելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական հանձնաժողովը:

Նշվում է, որ ժամանակային սահմանափակումների պատճառով նախկինում օրակարգում ընդգրկված այս հարցը չի քննարկվել հոկտեմբերի 23-ի նախարարների հանդիպմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին քննարկումններ կլինեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, որը Լյուքսեմբուրգում կայանալիք Արտաքին հարաբերությունների խորհրդի օրակարգային կարեւոր հարցերից մեկն է։

 

 

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ

Հոկտեմբերի 23-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը։

Նիստին քննարկվել է Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմամբ եւ Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների հետեւանքով երկրում ստեղծված սոցիալական ու քաղաքական վիճակը։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներին։

Իրականացվել է կատարված աշխատանքների վերլուծություն, բացթողումների եւ թերացումների վերհանում, որոնց հետ կապված՝ տրվել են հասցեական հանձարարականներ։

Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են հանձնարարականներ նաեւ ներկուսակցական աշխատանքների կազմակերպման եւ իրագործման վերաբերյալ։

Քննարկվել են նաեւ Հայաստանում քաղբանտարկյալների, ինչպես նաեւ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելուն ուղղված գործողությունները։

 

 

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի հերթական նիստում քննարկել է դրանք. այս մասին տեղեկացրին ԿԸՀ-ից:

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը եւ «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին։

Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լեւոն Գագիկի Լեւոնյանին եւ «Հանրապետություն» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Աշոտի Բեջանյանին։

Հավելենք, որ ինքնաբացարկ հայտնած անձինք համարվում են փոխքաղաքապետերի թեկնածուներ։

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՈՒ ՄԵՐԺՎԵ՞Լ Է

Որեւէ մեկին որեւէ պաշտոնում նշանակելու առաջարկ անելու համար նախ այդ թեկնածուն  անցնում է հայկական ընթացակարգով. այս մասին հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու առաջարկին։

«Ո՞նց եք կարծում,  առանց ինձ առաջարկ անելու,  գաղտնի իմ թեկնածությունն ուղարկել են Ռուսաստանի Դաշնություն, որից հետո ՌԴ-ն եթե ասի՝ ես համաձայն եմ, նոր ես պետք է որոշեմ՝ գնալու եմ, թե ո՞չ»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք գնալու է դեսպան աշխատելու, Արսենյանը պատասխանեց. «Եթե դուք ընդունվել եք ինստիտուտ, փաստաթղթերը տվել եք, քննությունները հանձնել եք, դուք այդ ինստիտուտում սովորելո՞ւ եք, թե՞ չէ: Այդ հարցն եք տալիս մոտավորապես»:

Ճշտող հարցին՝ դեսպան նշանակվելու առաջարկ արվել է արդյոք, պատգամավորն արձագանքեց. «Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում»:

Գուրգեն Արսենյանը ապատեղեկատվություն որակեց այն լուրը, թե ՌԴ-ն մերժել է իր թեկնածությունը այդ երկրում նոր դեսպանի պաշտոնում։ «Չունեմ պարզաբանում, որովհետեւ ապատեղեկատվության պարզաբանումով ես չեմ զբաղվում»,- ասաց նա։

Նշենք, որ «Իրավունք» թերթն երեկ գրել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշել են փոխել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Ըստ պարբերականի` Ռուսաստանը, սակայն, մերժել է խորհրդարանի գործող պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածությունը նոր դեսպանի պաշտոնում։

 




Լրահոս