ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ժամանել է Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի անդամները երկօրյա այցով ժամանել են Վրաստան՝ քննարկելու պաշտպանական բարեփոխումները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ռազմական կոմիտեի պատվիրակությունը գլխավորել է նրա ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը, որին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

«Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում բարեփոխումների գործընթացում Վրաստանի ձեռք բերած առաջընթացը։ Նշվել է համատեղ զորավարժություններին վրացական պաշտպանական ուժերի մասնակցության և Վրաստանում միջազգային վարժանքների անցկացման կարևորությունը»,-հայտնում է ՊՆ-ն։

Բացի այդ, կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերներն ու նրբությունները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

Սպասվում է, որ այցի շրջանակներում ռազմական կոմիտեի անդամները կայցելեն վրացական «Դիդգորի-2023» զորավարժությունների վայր և լիագումար նիստ կանցկացնեն Թբիլիսիում։

Մինչ այս՝ Վրաստանի խորհրդարանի անդամ Մակի Բոչորիշվիլին ասել էր, որ երկրին անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից հանրապետությանն աջակցելու հստակ ուղերձներ։




Լրահոս