Դեսպան Տեր-Ստեփանյանն անգնահատելի դեր է ունեցել Ֆրանկոֆոնիայի և նրա անդամ պետությունների հետ ՀՀ-ի կապերի զարգացման գործում. Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառմանը Փարիզում:

«Ես խորին ցավով հարգանքի տուրք եմ մատուցում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ մեր սիրելի գործընկեր Ն.Գ. պրն Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին, ով կյանքից հեռացավ նոյեմբերի 7-ին՝ 72 տարեկան հասակում:

Դեսպան Տեր-Ստեփանյանն ականավոր դիվանագետ էր, որն իր մեծ ներդրումն է ունեցել Հայաստանի դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում՝ հպարտորեն ներկայացնելով մեր երկիրը միջազգային տարբեր հարթակներում:

Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր կյանքի վերջին տարիները նվիրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային արժեքների ու սկզբունքների խթանմանը և կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության ամրապնդմանը:

Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ՝ դեսպան Տեր-Ստեփանյանն անգնահատելի դեր է ունեցել Ֆրանկոֆոնիայի և նրա անդամ պետությունների հետ Հայաստանի կապերի զարգացման գործում:

Քրիստիան Տեր-Ստեփանյանի երեսնամյա մասնագիտական գործունեությունը նշանավորվել է Հայաստանին ծառայելու և ազգային առաջնահերթություններն ու միջազգային համագործակցությունը խթանելու նվիրումով, պրոֆեսիանլիզմով և անխոնջ աշխատանքով: Նա կհիշվի դիվանագիտական հանրության կողմից՝ որպես ներկա պահին այստեղ գտնվող շատ դիվանագետների համար լավ ընկեր և հրաշալի անձնավորություն։

Ես խորին ցավակցություն եմ հայտնում դեսպանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր այն մարդկանց, ովքեր սգում են նրա մահը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:




Լրահոս