Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, նախատեսված է Երեւանի ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում ընտրվելու են փոխքաղաքապետեր:
Հիշեցնենք, որ փոխքաղաքապետերի թեկնածուներն են ավագանու ՔՊ խմբակցության անդամներ Արմեն Փամբուխչյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը եւ «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը:
Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո հրավիրված ավագանու նախկին եւ սպասվելիք նիստերի արդյունքերի, ակնկալիքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազրույց է ունեցել «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքապետի նախկին թեկնածու, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի հետ:
-Կուզեմ անդրադառնանք ավագանու վաղվա նիստին. տեղյա՞կ եք՝ կոնկրետ ինչ են քննարկելու քաղաքային իշխանությունները վաղվա արտահերթ նիստում, մանրամասներ Ձեզ հայտնի՞ են:
-Գիտեմ, որ փոխքաղաքապետեր եւ վարչական շրջանների ղեկավարներ պիտի ընտրեն:
-Այդուամենայնիվ, քանի որ հայտնի է, որ փոխքաղաքապետեր պետք է ընտրվեն, եւ վարչական շրջանների ղեկավարներ նշանակվեն, ինչպե՞ս եք գնահատում հայտնի թեկնածուների պոտենցիալը:
-Բոլոր թեկնածուներին, ճիշտն ասած, չգիտեմ: Սարգիս Մադաթյանին անձնապես ճանաչում եմ՝ որպես մարդ. դրական կարծիքի եմ: Նաեւ Արմեն Փամբուխչյանին գիտեմ, որի արժանիքները, կարծում եմ, առավելապես ընդգծված են: Նա նոր մարդ է, թարմ դեմք է, որը կկարողանա քաղաքացի-ավագանի-քաղաքապետ կապը պահել։ Տեղակալների թեկնածուներից մնացածին չգիտեմ, բայց կարծում եմ՝ նրանցից ու նրանց ղեկավարումից շատ բան է կախված, որովհետեւ քաղաքապետի «մատից փուշ հանողը» հենց նրանք են: Ցավոք, չի կարող լեգիտիմ իշխանություն լինել, եթե 4 փոխքաղաքապետերից 3-ի վրա, եթե չեմ սխալվում, քրեական գործ ու ծանր մեղադրանքներ (կոռուպցիա, հովանավորչություն եւ այլն) կան: Եթե չեմ սխալվում, քաղաքապետարանի մի քանի վարչության պետերի վրա էլ քրեական գործեր կան։ Այսինքն՝ երեւանցին ո՞նց հավատա: Առանց այդ էլ վստահության խնդիր ունեն, որովհետեւ պատմության մեջ առաջին անգամն է, որ քաղաքապետն ընտրվեց 9% ձայնով, նույնիսկ 10% էլ չկարողացան հավաքել: Վարչական շրջանի ղեկավարներին էլ չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ եթե վարչական շրջանի լավագույն ղեկավարին էլ բերեն, որը լավագույնս կկատարի իր լիազորությունները, միեւնույնն է, այդ լիազորությունները այնքան աղքատիկ են, որ բացարձակ արդյունքի հասնել չեն կարող, մինչեւ տոտալ ռեֆորմ չարվի:
-Պարո՛ն Մնացականյան, այս ընթացքում՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո, մի քանի վարչական շրջանների ղեկավարներ դադարեցրին իրենց գործունեությունը՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված: Ի՞նչ եք կարծում, պատճառը ո՞րն էր: Արդյոք նրանք չէի՞ն անում այն, ինչ պիտի անեին՝ գնալով իշխանության նախատեսված պլանին կամ հոսանքին հակառակ:
– Ես նույնիսկ չգիտեմ՝ ում են հանել կամ արդյոք հանել են, թե, կապված կուսակցական այս հուշագրի կնքման հետ, կադրային փոփոխություն է եղել: Համենայնդեպս, ես չգիտեմ այնպիսի դեպք, որ 12 վարչական շրջանի ղեկավարներից գոնե մեկը նկատողություն, բողոք ստանա, կամ անվստահություն հայտնեն քաղաքապետը կամ ավագանին: Կարծես բոլորը բոլորից գոհ են այդ նիստերում, բայց գոնե նորերին նշանակելիս էլ հստակ իմանան՝ որին որ արժանիքի համար են նշանակում:
-Պարո՛ն Մնացականյան, անդրադառնանք ավագանու նախորդ նիստին, որի արդյունքում Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ. դա սպասելի՞ էր Ձեզ համար:
-Ես չգիտեմ՝ որն է ավելի ամոթ՝ այն, որ Դոգի «Հանրային ձայն»-ն է «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցում, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ «Հանրային ձայն»-ի: Ինչքան էլ ասում են՝ դա այդպես չէ, միեւնույնն է, ժողովրդին հիմարի տեղ չեն դնի, պետք է տղամարդկություն ունենալ, խոստովանել ամեն բան: Վատն այն է, որ երեւանցին հերթական անգամ խաբվեց: Կիսաամոթ ավագանու նիստեր են կայանալու: Վաղը նիստ կա. կարծում եմ՝ ադի-բուդին կառնեմ, կնստեմ, կնայեմ ավագանու նիստը, ու ինձ նման շատ երեւանցիներ, որովհետեւ վստահաբար շատ հետաքրքիր ու թեժ է անցնելու, բայց արդյոք դրանից Երեւանը կշահի՞:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան ուշադրությամբ հետեւում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին եւ ակնկալում, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Ինչպես հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
«Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերն՝ ուղղված խաղաղության եւ կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում։ Բոլորս համակարծիք ենք, որ դեռ պետք է ավելին անել։ Կանադան կոչ է անում Ադրբեջանին լիարժեքորեն հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ վերահաստատում է ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հետեւելու կարեւորությունը։ Կանադան նաեւ կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը եւ բարի կամք դրսեւորելով՝ ապահովել մարդասիրական օգնությունների անխոչընդոտ հասանելիությունը Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Մեր գործընկերների հետ շարունակաբար աշխատում ենք, որպեսզի մեղմենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ չհիմնավորված ռազմական օպերացիայի հետեւանքները, առավել եւս, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ամիսներ շարունակ գտնվում էին անօրինական շրջափակման մեջ»,- ասաց Կանադայի արտգործնախարարը։
Նա հավաստիացրեց, որ շարունակաբար աշխատում են, որպեսզի հակամարտության համար բանակցությունների միջոցով գտնվի տեւական լուծում։ Նրա խոսքով՝ այսօր առավել քան երբեւէ կարեւոր է, որ Կանադան եւ ամբողջ աշխարհը ցույց տան իրենց աջակցությունը հայ ժողովրդին՝ 1915 թվականի ցեղասպանության հետեւանքները կրած անձանց սերունդներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից հեռացած համայնքներին, ինչի արդյունքում այժմ առաջացել է մարդասիրական ճգնաժամ։
Ի՞ՆՉ Է ՔՆՆՈՒՄ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ
Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակելու գործով: Լուրեր կան, որ իրավապահները ձգձգում են գործը դատարան ուղարկելը, քանի որ ջանքեր են դրվում կողմերին հաշտեցնելու համար, որպեսզի այդպես կարողանան քրեական գործով անցնողների մեղադրանքները թեթեւացնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս միջադեպը բավականին խոր արմատներ ունի. միայն թաղապետի օգնականի վրա կրակելու վարկածը չէ, որ քննում են իրավապահները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի օգնական Կորուն Մխիթարյանն իր շրջապատի մի քանի մարդկանց հետ կռիվ է արել: Մասնավորապես, թաղապետի օգնականը ծեծի է ենթարկել Կոտայքի մարզի մի բնակչի՝ Ս. Ս.-ին՝ կոտրելով նրա ոտքերը:
Ու թեեւ իրավապահները քննում են վարկած, թե թաղապետի օգնականը հողակտորում շինարարության համար է կռվի մեջ ընկել, եւ կրակել են նրա վրա, այնուամենայնիվ, պարզվում է՝ դրանից առաջ էլ կա նախապատմություն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ռոման Համբարձումյանի օգնականի վրա ուղղված՝ մայիսի 19-ի կրակոցների գործով իրավապահները իրական կրակողին հունիսի 10-ին չէին գտել եւ որոշել էին կալանավորել Կոտայքի բնակիչ Ս. Ս.-ին, որպեսզի իրական կրակողը գար, ներկայանար: Կասկածներ ունեն, որ ոտքերը կոտրած քաղաքացու մտերիմներն են հաշվեհարդար տեսել թաղապետի օգնականի նկատմամբ: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ տվյալներ կան՝ միջադեպի օրը Դավիթաշենի թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանն է առաջինը մեքենայից կրակոցներ արձակել, երբ փայտերով հարձակվել են իր մեքենայի վրա։ Իսկ թե ինչ զենքով է կրակել, մեզ դեռ չհաջողվեց պարզել: Ստացվում է, չի բացառվում, որ թաղապետի օգնականը քրեական գործով հետագայում տուժողից դառնա մեղադրյալ։ Ինչեւէ, կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե գործը ինչ փուլում է։ Ի պատասխան՝ հայտնեցին՝ նախաքննություն է ընթանում. նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 19-ին մի խումբ անձինք, դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը, մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի օգնականի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության՝ դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոման Համբարձումյանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն: Թաղապետի տեղակալ Հրաչյա Հակոբյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ թաղապետի օգնականը հողակտորի զավթման հետ որեւէ առնչություն չունի եւ չի ունեցել, եւ իրենց համար կատարվածը առեղծված է։