ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐՎԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին էկրաններին կհայտնվի «Ռոզալի» ռոմանտիկ կատակերգությունը: Հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում գիտնականները կարողանում են ստեղծել յուրօրինակ կին-ռոբոտ: Ռոզալին աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ, այլեւ նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Սա աննախադեպ ձեռքբերում է նանո-տեխնոլոգիաների ոլորտում:

 

Որպեսզի Ռոզալին «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Ռոբոտի փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված ու սեփական ստերի մեջ խճճված մի երիտասարդ: Եվ եթե «բանական» ռոբոտը կարող է սիրահարվել սովորական մարդուն, ապա անուղղելի ստախոսն ու խարդախը սիրահարվելով կարող է դառնալ իսկական հերոս:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆիլմը նկարահանվել է «Շարմ Հոլդինգի» հետ համագործակցությամբ: «Իր ֆիլմադարանում «Շարմ Հոլդինգն» ունի մի շարք ֆիլմեր՝ «Մեր բակը. 25 տարի անց», «Հյուսիս-հարավ», «Փեսացուն կրկեսից», «Poker.am», «Պահանջվում է միլիոնատեր», «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ. 25 տարի անց», «Քայլ ձիով», «Վիշապ» եւ այլն: Այս անգամ եւս ստեղծողները ներկայացրել են որակյալ արտադրանք՝ իրենց բնորոշ ոճով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեցին «Շարմ Հոլդինգ»-ից: Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակները՝ Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանն ու Ռուբեն Ջաղինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ստեղծողների կողմից սցենարիստների հետ միասին մանրակրկիտ հետազոտություն է իրականացվել նախքան նկարահանումները: «Այսօր արհեստական բանականությունը շատ գրավիչ է, եւ, առհասարակ, միջազգային տենդենց կա այդ ուղղությամբ, ու մենք, ելնելով պահանջարկից, ստեղծել ենք ֆիլմ այն մասին, որ ինչքան էլ արհեստական բանականությունը գնալով հայտնվում է առաջատար դիրքերում, միեւնույնն է, մարդկային զգացմունքները՝ սերը, բարությունը մնում են ամենաարդիականն ու արժեքավորը»,- տեղեկացնում են «Շարմ Հոլդինգ»-ից:

Նկարահանումները անցկացվել են Հայաստանում՝ Երեւանում եւ մարզերում: Ինչ վերաբերում է դերասաններին, նրանք նույնպես ընտրվել են արհեստական բանականության միջոցով: «Արհեստական բանականությունը եկավ, գտավ այն դերասաններին, որոնց մենք հետագայում հրավիրեցինք նկարահանվելու»,- հայտնում են ֆիլմը ստեղծողները: Հավելենք, որ գլխավոր դերերում են Տարոն Իսպիրյանը, Նաստասյա Գոլովկոն, Սուրեն Թումասյանը, Վազգեն Զաքարյանը, Ալբերտ Սաֆարյանը, Լիլիթ Ավդալյանը եւ այլք:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԱԴԵԼՆ ՈՒ ԴՐՈՇԸ

Երգչուհի Ադելը Լաս Վեգասում ունեցած իր համերգից հետո զրուցում էր հանդիսատեսի հետ՝ Հայաստանի դրոշը ձեռքին:

Երգչուհու մարքեթինգային թիմը հրապարակել է հոլովակ, որտեղ Հայաստանի դրոշը ձեռքին նա մոտենում է եւ երկրպագուներից մեկից վերցնում այն նկարը, որը նկարել է, երբ 7 տարեկան է եղել:

Մեկ այլ հրապարակումից պարզ է դառնում, որ դրոշը Ադելին նվիրել է հայ երկրպագուն՝ դերասան Տիգրան Ալթունյանը, որը հայտնի է «Էլենի օրագիրը» սերիալից:

«Ինչ տեղի ունեցավ Վեգասում, կմնա ինձ հետ ընդմիշտ: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի կնոջը իմ երազանքն իրականություն դարձնելու համար»,- Ադելի եւ իր համատեղ նկարին կից գրել է Տիգրանը:

 

 

 

ՎՃԱՐ՝ ՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Շատ պարողների համար Մադոննայի հետ համագործակցելը երազանք է, սակայն լեգենդար երգչուհու հետ աշխատելը իրականում ծանր է։

«Պարեր աստղերի հետ» շոուի ժյուրիի անդամ Քերի Էն Ինաբան, որն իր կարիերայի սկզբում շրջագայել է նրա հետ, դա շատ լավ գիտի։

«Նա նախկինում շատ խիստ էր,- Ջենիֆեր Հադսոնի շոուում ելույթի ժամանակ ասել է Ինաբան:- Նա մեկ կանոն ուներ, որի համար ես նրան շնորհակալ եմ. ուշանալու յուրաքանչյուր րոպեի համար պարողը պետք է վճարեր իր աշխատավարձից 100 դոլար»։

Թեեւ նման կանոնը հեշտությամբ կարող էր հիասթափության պատճառ դառնալ, Ինաբան, կարծես, չի նեղացել: Նրա խոսքով՝ այժմ ինքն ամեն տեղ ժամանակին է լինում, նույնիսկ «շատ շուտ է գալիս»։ Ինաբան ասել է, որ Մադոննայի մոտ աշխատելն իր երազանքն է եղել՝ չնայած աշխատանքային խիստ պայմաններին։ «Այն ժամանակ կային Մայքլ Ջեքսոնը, Փրինսը եւ Մադոննան, այդպես չէ՞։ Ես հայտնվեցի Մադոննայի հյուրախաղերին եւ մտածեցի՝ սա այն ամենն է, ինչ ինձ պետք է»,-ասել է նա:

Այն բանից հետո, երբ Ինաբան ավարտել է իր շրջագայությունը երգչուհու հետ, նա 23 տարեկանում հեռացել է պարարվեստից:

 

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 8 ՇԱԽՄԱՏԻՍՏ

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները մեկնարկում են ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարում:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Մեն կղզում կանցկացվի 2023 թվականի ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը եւ Մանուել Պետրոսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

 

 

 

ՍԻՐԵԼԻ ԹԻՄԸ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի մայրը պատմել է, թե մանկության տարիներին որ թիմին է երկրպագել որդին։

«Կիլիանը տանը խոսում էր միայն «Միլանի» մասին։ Եթե նրանք պարտվում էին, նա նետում էր հեռուստացույցի հեռակառավարման վահանակը եւ իտալերեն վիրավորական բառեր էր ասում»,- Ֆայզա Լամարիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

 

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը վնասվածք է ստացել պորտուգալական «Բրագայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթել էր 2:1 հաշվով, հաղթական գոլը խփել էր Բելինգեմը, որը վնասվածքի պատճառով փոխարինվել էր 89-րդ րոպեին։

«Լուրջ վնասվածք չկա։ Բելինգեմի մասնակցությունը «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղին վտանգված չէ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ԽԱՂԻՆ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի տնային խաղում ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ գրառելով. «Աշխատանքը Չեմպիոնների լիգայում կատարված է, հաջորդ կանգառը՝ Ա Սերիա, «Ինտեր» – «Ռոմա»»։

Մխիթարյանը «Զալցբուրգի» դեմ խաղացել էր մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել էր ընդմիջմանը։

Չեմպիոնների լիգայի D խմբում իսպանական «Ռեալ Սոսիեդադն» ու «Ինտերը» վաստակել են 7-ական միավոր, որն առաջին տեղում է։

Իտալիայի առաջնության 10-րդ տուրի «Ինտեր» – «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։




Լրահոս