ԳՆՈՒՆԵՑԻ ՎԱՐԱԶԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղադրյալի աթոռին է հայտնվել Հակոբ Ծառուկյանը, որին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ապօրինի կերպով ձեռք բերած եւ իր մոտ պահվող ատրճանակով զինված, 2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղամ Սիրեկանյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի, 35 SD 097 համարանիշի տաքսի ավտոմեքենայով Երեւան քաղաղի Սայաթ-Նովա եւ Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկի հատվածից ուղեւորվել է դեպի Վարզադատ Գասպարյանի գտնվելու վայր՝ Երեւան քաղաքի Ջեյմ Բրայսի 13/4 հասցեում տեղակայված «Լեդի Մերի բյութի լաունջ եւ սպա» գեղեցկության սրահի մոտակայք եւ սպասել Վարազդատ Գասպարյանի սպանությունն անվրեպ իրականացնելու նպաստավոր պայմաններ ընտրելու համար:

 

Ժամը 22:00-ի սահմաններում, երբ Վարազդատ Գասպարյանը դուրս է եկել նշված գեղեցկության սրահից եւ գտնվել է դրա դիմաց, Հակոբ Ծառուկյանն անսպասելի մոտեցել է նրան եւ իր կրած՝ հրազեն հանդիսացող, 7,62մմ տրամաչափի ատրճանակից Վարազդատ Գասպարյանին դիտավորությամբ սպանելու նպատակով մոտ տարածությունից մեկ կրակոց է արձակել նրա դեմքին՝ պատճառելով ձախ ստորին կոպի միջային անկյան շրջանի եւ աջ ծոծրակային շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք:

Սպանությունն իրականացնելուց անմիջապես հետո Հակոբ Ծառուկյանը դեպքի վայրից վազքով դիմել է փախուստի, անցել Երեւան քաղաքի Այգեձոր թաղամասով, Օրբելի եւ  Բաղրամյան փողոցներով, հասել է Հրաչյա Քոչարի 2ա հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետի ավտոկայանատեղի, որտեղից նստել է Գրիգոր Խոջայանի «Օպել Աստրա» մակնիշի, 37 CR 330 համարանիշի տաքսի ավտոմեքենան եւ ուղեւորվելով Դավիթ-Բեկ ու Սարի Թաղ 27 փողոցների մոտակայք, իջնելով ավտոմեքենայից՝ ոտքով հեռացել է անհայտ ուղղությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայտնի դարձավ, որ մինչ սպանությունը Վարազդատ Գասպարյանն անցել է եւս մեկ քրեական գործով: Մասնավորապես՝ 2021 թվականի հուլիսի 18-ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում՝ ԱԱԾ Երեւանի վարչության դիմաց. կրակել էին սեւ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երեւան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի եւ մյուս կողմի՝ Երեւանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջեւ:

Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետեւանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։ Այս գործով մեղադրյալի աթոռին էր հայտնվել Ռոբերտ Սուքիասյանը, ինչպես նաեւ Վարազդատ Գասպարյանը, որին սպանեցին, եւ սպանության գործը դատարանում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էդգար Արշակի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես՝  նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում հաշվառված զինապարտ, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ին օրենքով սահմանված պատշաճ կարգով ծանուցվել է:

 

Ծանուցագիրն անձամբ ստանալուց, ծանուցագրի ստացականում անձամբ ստորագրելուց ու իր անձնական տվյալները գրառելուց հետո, զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով պարտավոր լինելով ծանուցագրում նշված երկօրյա ժամկետում ներկայանալ հիշյալ տարածքային ստորաբաժանու, չի ներկայացել, այն է՝ ռազմական դրության ժամանակ դիտավորությամբ խուսափել է զորահավաքային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Իսկ Վահագն Գագիկի Ռուստամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում հաշվառված զինապարտ, ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ին օրենքով սահմանված պատշաճ կարգով ծանուցվել է:

Ծանուցագիրն անձամբ ստանալուց, ծանուցագրի ստացականում անձամբ ստորագրելուց ու իր անձնական տվյալները գրառելուց հետո, զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով պարտավոր լինելով ծանուցագրում նշված երկօրյա ժամկետում ներկայանալ հիշյալ տարածքային ստորաբաժանում, չի ներկայացել, այն է՝ ռազմական դրության ժամանակ դիտավորությամբ խուսափել է զորահավաքային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՇԱՌՔՆ ՈՒ ԲԱԺՆԻ ՊԵՏԸ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու եւ ընթացք չտալու հարցում պաշտոնատար անձին կաշառք տալու միջոցով օգնելու համար վերջինիս հայրը՝ Ս. Հ.-ն, դիմել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի պահեստապետ Գ. Գ.-ին: Վերջինս էլ կաշառք տալուն օժանդակելու դիտավորությամբ նշված հարցով դիմել է իր մտերիմ, ՀՀ ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ին, որն ընդունել է կաշառքի առաջարկը:

Այնուհետեւ Է. Ա.-ն, իր ծառայողական եւ իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, զինծառայողի օգտին ապօրինի անգործություն կատարելու՝ վերջինիս մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու եւ ընթացք չտալու համար պահեստապետ Գ. Գ.-ի օժանդակությամբ զինծառայողի հորից 2023 թվականի սեպտեմբերի 12-ին բանկային փոխանցման եղանակով ստացել է խոշոր չափերի՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում իրականացված խուզարկության ժամանակ ՌՈ բաժանմունքի պաշտոնատար անձանց աշխատասենյակներում հայտնաբերվել է առանց օրինական հիմքերի պահվող զինամթերք:

26.10.2023 թ.-ին ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն, վերջինիս կաշառք տված Ս. Հ.-ն եւ նրան օժանդակած Գ. Գ.-ն ձերբակալվել են:

Մարտունու ՌՈ տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, իսկ Գ. Գ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Է. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը դատարանի կողմից բավարարվել է:

 




Լրահոս