ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: 

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝  որոշմամբ, որպես միջոցառման շահառու, կդիտարկվեն նաեւ Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք, որոնք հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված եւ 2022 թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ը ընկած որեւէ ժամանակահատվածում ՀՀ-ում հիվանդանոցային ձեւով բուժված անձինք, ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված եւ 2023 թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ-ում  գտնվող՝ ԼՂ-ի բարձրագույն, միջին մասնագիտական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողները, ինչպես նաեւ 2022 թ. դեկտեմբերի 12-ից հետո ԼՂ-ից ՀՀ-ում ուսման նպատակով տեղափոխված անձինք:

Անչափահաս շահառուի համար դիմում ներկայացնելու հնարավորություն է նախատեսվել նաեւ հոր եւ հոգաբարձուի համար: Ընդ որում՝ եթե անչափահաս շահառուի համար դիմումը ներկայացրել է հայրը կամ խնամակալը կամ հոգաբարձուն, եւ առկա է նաեւ մոր կողմից ներկայացված եւ չմերժված դիմում, ապա մերժվում է հոր կամ խնամակալի կամ հոգաբարձուի դիմումը:

ԼՂ-ից Հայաստանի Հանրապետություն տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1,103.0 մլն դրամ գումար կհատկացվի ՀՀ մարզպետների աշխատակազմերին անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար, որից Արագածոտնի մարզին՝ 108 մլն դրամ,  Արմավիրի մարզին՝ 50 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին` 250 մլն դրամ, Լոռու մարզին՝  220 մլն դրամ,  Կոտայքի մարզին` 234 մլն դրամ, Շիրակի մարզին` 30 մլն դրամ, Սյունիքի մարզին` 60 մլն դրամ, Վայոց ձորի մարզին` 50 մլն դրամ, եւ Տավուշի մարզին` 101 մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ՝ նախատեսվում է պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1,5 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանված 30000 անձանց հոկտեմբեր  ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու նպատակով՝ 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, եւ 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

 

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարության նիստի քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված էներգետիկայի բնագավառի ռազմավարական ծրագրում մինչեւ 2040 թվականի եւ այդ ծրագրի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

 

«Այս նախաձեռնությունը պայմանավորված է ոլորտում տեղի ունեցող մի շարք գործընթացներով եւ այդ գործընթացներով պայմանավորված ցուցանիշներում եւ նպատակներում, ինչպես նաեւ ժամկետներում փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ։

Առաջին հանգամանքն այն է, որ արդեն իսկ 2022 թվականին էներգետիկայի ոլորտում ներդրել ենք եւ անցել ենք ազատ շուկայավարման կանոններով կարգավորումներին, ինչը էականորեն փոփոխել է իրավիճակը։ Մասնավորապես՝ հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, ինչ ծավալներով նախատեսվում էր ռազմավարությունում եւ ծրագրում։

Եվ երկրորդ հիմնական հանգամանքը վերականգնվող էներգետիկայի ուղղությունների, հատկապես՝ արեւային ֆոտովոլտային կայանների ձեւավորման եւ շահագործման հանձնելու տեմպերն են։ Այս տեմպերը լավ իմաստով ավելի հուսադրող են եւ ավելի մեծ, ինչը մեզ հնարավորություն է տալիս՝ որոշակի ցուցանիշներ վերանայելու, բարելավելու եւ ավելի պոզիտիվ դարձնելու տրամաբանությամբ»,- ընդգծեց Տերտերյանը։

Փոխնախարարի խոսքով՝ ռազմավարության մեջ նոր ցուցանիշ են ֆիքսում, այն է՝ մինչեւ 2040 թվականը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսվում է առնվազն հասցնել 2000 ՄՎտ-ի։ Նրա խոսքով՝ արդյունքում վերականգնվող էներգետիկ ռե­սուրս­ների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50 տոկոսի, իսկ մինչեւ 2040 թվականը՝ շուրջ 60 տոկոսի։

 

 

ԿԽՄԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են եւ Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն: Այս մասին հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից։

«Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է. մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

 




Լրահոս