Որքան ունեցվածք ունի իշխանությունների սրտի դատավորը. նա նոր պաշտոնի հույս ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որը մերժեց արցախցի Տաթեւիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը, պայքարում է ԲԴԽ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար։

Մխիթարյանը հայտարարագրել է հիփոթեքով ձեռք բերված մեկ բնակարան Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ դեռ կառուցվող շենքում։ Հայտարարագրից հասկանում ենք, որ հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմում է 21 մլն 685 հազար դրամ։ Բնակարանը ձեռք է բերվել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ից։

Դատավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ կազմել է 26 մլն 71 հազար դրամ։ Ունեցած վարկերը գրեթե հավասար են դատավորի եկամուտներին. դրանք կազմել են 28 մլն 638 հազար դրամ։

Եկամուտներից 12 մլն 230 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից։ 67 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից, որից քաղաքացիական այլ պայմանագրերից ստացել է նաեւ 20 հազար դրամ։

Մխիթարյանը հիփոթեքի մայր գումարը մարելու համար Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 934 հազար դրամ, որը ստացել է՝ եկամտահարկի վերադարձի մասին օրենքի համաձայն։

Եկամտի 15 մլն 385 հազար դրամը վարկ է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ եւ 8 հազար 150 ԱՄՆ դոլար։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 726 հազար դրամ։

Դատավորը հայտարարագրել է նաեւ 2000 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 2011 թվականին։

Հիշեցնենք նաեւ, որ սա իշխանությունների «սրտի» այն դատավորն է, որը, 2018թ.-ից սկսած, քաղաքական հնչեղություն ունեցող որոշ գործեր է քննել, մասնավորապես՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ Լեւոն Քոչարյանի կալանքի որոշումները տվել է նույն Ռուբիկ Մխիթարյանը:

Հիմա ակնկալում է իր ծառայության դիմաց փոխհատուցում՝ նոր պաշտոնի տեսքով։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս