ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ է ստացել Ռ. Հարությունյանի անվան ԲԿ-ի մի քանի աշխատակիցներից, որ ոչ միայն խախտվում են աշխատակիցների աշխատանքային իրավունքները, այլեւ չեն պահպանվում Աշխատանքային օրենսգրքով եւ կառավարության որոշումներով հաստատված աշխատանքային պայմանները։

 

Աշխատակիցների դիմում-բողոքները ուղղված էին Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան  ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյանի եւ, ինչպես նշում են աշխատակիցները, իր աշխատելաոճի վրա աչք փակող՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի դեմ:

«Օրինական կարգով մրցույթ չի հայտարարվել, եւ Վարդան Մանուկյանը մոտ երկու տարի է՝ հանդիսանում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ստիպում է աշխատողներին կատարել տնային հերթապահություններ, որի համար աշխատակիցները չեն վճարվում: Կնքվել են բազմաթիվ իրավախախտումներով աշխատանքային պայմանագրեր, եւ ներկա պահին մի քանի աշխատակիցներ չեն ստացել աշխատավարձ, ինչի արդյունքում կուտակվել է բավականին մեծ գումար, եւ աշխատակիցներն այդ հարցը որոշել են լուծել դատական համակարգի միջոցով: Հիվանդանոցում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ՝ կապված սարքավորումների հետ, ինչպես, օրինակ, ռենտգենաբանական կաբինետում օգտագործվում են ոչ սարքին ապարատներ, ֆլյուրոգրաֆիկ ապարատը ճառագայթվում է նորմայից ավելի, ինչը վնասում է թե՛ հետազոտվողին եւ թե՛ առավելապես աշխատողներին: Ռենտգենաբանական կաբինետներում չեն գործում օդափոխության համակարգերը, տարիներ շարունակ աշխատել են չլիցենզավորված անձինք»,- պատմում է աշխատակիցներից մեկը:

«Ժողովուրդ» օրաթերթը նախ փորձեց կապ հաստատել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու ժամանակին մրցույթ չի հայտարարվել, եւ ինչու է նման իրավիճակ ստեղծվել Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնում: Մեր հարցերին ի պատասխան՝ պարոն Ահարոնյանը պատասխանեց. «Եթե իրականում կան բողոքներ, այն էլ՝ նման բնույթի, անգամ դատական գործ կարելի է հարուցել: Ես տեղյակ եմ մեկ աշխատակցի հետ կապված խնդրի մասին եւ նաեւ գիտեմ, որ խնդիրը հասել է դատարան, ինչպես նաեւ տնօրենը բողոքարկել է տեսչական մարմնի որոշումը: Կարող են դիմել դատարան, թող դատարանը որոշի՝ աշխատակիցն է ճիշտ, թե տնօրենը, իսկ եթե տնօրենն է սխալ, ուրեմն պատասխանատվությունը կկրի տնօրենը: Տեխնիկական հագեցվածության մասին խոսելիս նախ պետք է նշեմ, որ մարզերում կա խնդիր, սակայն  այնպիսի տեխնիկական հագեցվածություն, ինչպիսին Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնում  է, կարծում եմ՝ չկա: Դատարանի կողմից կայացրած վճռի ժամանակ նոր կհասկանանք՝ տնօրենն է ճիշտ, թե աշխատակիցը: Իսկ մրցույթ հայտարարելու եւ տնօրեն նշանակելու հետ կապված՝ պետք է նշեմ, որ ֆիքսված ժամանակ չկա, հետո տվյալ բժշկական կենտրոնում եղել են ստուգումներ, որի արդյունքում տվյալ ժամանակահատվածում նպատակահարմար չենք գտել մրցույթ հայտարարել: 2024 թվականի հունվարին կլինի նոր մրցույթ, որի ժամանակ էլ կորոշվի, թե ով կընտրվի տնօրեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաեւ կապ հաստատել Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, եւ արդյոք ճիշտ են աշխատակիցների դիմում-բողոքները՝ ընդդեմ իրեն: Մանուկյանը, մեր հարցերին ի պատասխան, արձագանքեց. «Նման բնույթի մեղադրանքների մասին խոսելիս պետք է նշեմ, որ դատարկաբանություն եմ համարում նման խոսակցությունները: Մեկ աշխատակցի հետ կապված է խնդիր առաջացել, եւ ներկա պահին այս բժշկական հաստատությունը անցնում է հնարավոր բոլոր գործընթացների միջով բնականաբար օրենքի սահմանների շրջանակում: Մենք ունենք բազմաթիվ աշխատակիցներ, որոնք ստանում են իրենց աշխատավարձը ճիշտ ժամանակին: Մենք մեր աշխատողներին հարգում ենք եւ մի շարք կետեր հաշվի ենք առնում, ինչպես, օրինակ, գործում հմուտ լինելը, անգամ տարիների ունեցած փորձն ու վաստակը: Գուցե այն աշխատակիցը, որը բողոքել է, ցանկացել է արտաժամյա աշխատանքը ներկայացնել տնային հերթապահության ասվածի տակ, բայց նման բան չկա, քանի որ անգամ արտաժամյա աշխատանքի մասին խոսելիս անում ենք ամեն բան օրենքի սահմաններում, եւ առաջնայինը մեզ համար մեր բնակչի, հետազոտվողի առողջությունն է: Պետք է նշեմ, որ մեր հիմնարկն էլ իր գործելաոճն ունի»։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեում՝ լրացուցիչ միջոցներ նախատեսելով մինչեւ 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների եւ ԲՏՃՄ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդողների համար լրավճարների տրամադրման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ այլ միջոցառումներից տնտեսված միջոցներից կվերաբաշխվի 215 մլն 354 հազար դրամ գումար:

 

Որոշվել է ՀՀ գյուղական բնակավայրերում մինչեւ 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի տրամադրման համար հատկացնել լրացուցիչ 115 մլն 285 հազար դրամ գումար, իսկ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչների համար նախատեսված լրավճարի գումարն ավելացնել 100 մլն 69 հազար դրամով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ գյուղական բնակավայրերում մինչեւ 100 աշակերտ ունեցող պետական դպրոցների ուսուցիչներին հավելավճար տրամադրելու արդյունքում կհամալրվեն ուսուցիչների թափուր տեղերը՝ հաշվի առնելով, որ այդ դպրոցներում ուսուցիչները գրեթե 1 դրույք ծանրաբեռնվածություն չեն ունենում: Ակնկալվում է, որ ՀՀ գյուղական բնակավայրերում մինչեւ 100 աշակերտ ունեցող պետական դպրոցներում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի տրամադրումը կնպաստի ուսուցչի թափուր հաստիքների համալրմանը, դասավանդման որակի բարելավմանը, մանկավարժների վարձատրության բարելավմանը:

ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչների համար կսահմանվի վարձատրության հետեւյալ սկզբունքը.լրավճարի չափը հավասար կլինի տվյալ ուսուցչի դրույքաչափի (հաշվի առնելով նաեւ կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները եւ լրավճարները։

Ակնկալվում է, որ նոր բարելավումը կնպաստի հանրապետությունում ԲՏՃՄ ոլորտի ուսուցիչների բացակայության խնդրի կարգավորմանը:

 

 

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում է ուղարկել՝ պարզելու, թե Տավուշի մարզում խաղող վերամշակող ընկերությունններն այս տարի ինչքան խաղող, ինչ գնով են մթերել, վճարել են արդյոք ընդունած խաղողի դիմաց: Մարզպետարանից պատասխանել են, որ այս տարի «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդի մասնաճյուղը  կիլոգրամը 140 դրամով խաղողագործներից ընդունել է 2498 տոննա խաղող, «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան» ԲԲԸ-ն կիլոգրամը 140-150 դրամով խաղողագործներից ընդունել է 323,4 տոննա խաղող,  «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը կիլոգրամը  120 դրամով ընդունել է 565.4 տոննա, Կողբ գյուղում գործող «Կանաչ գյուղ» ՍՊԸ-ն կիլոգրամը 150-270 դրամով ընդունել է 94.3 տոննա բերք։ Տավուշի մարզում ընդհանուր մթերվել է 3481.1 տոննա խաղող։ Մարզպետարանից հայտնել են նաեւ, որ մթերված խաղողի դիմաց գումարներն ամբողջությամբ վճարել է  «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդի մասնաճյուղը, մասամբ՝ «Կանաչ գյուղ ՍՊԸ»-ն։ Այս տարի Տավուշի մարզում, կապված տեւական անձրեւների հետ, խաղողի բերքը քիչ է եղել, գործարաններն էլ քիչ խաղող են մթերել՝ ընդամենը 3481,1 տոննա։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը ավելի քան 3 տարի ապօրինի շինարարություն է կատարում Աղստեւ գետի հունում, ավերել է գետի հունը, ջրազրկել Իջեւանի դենդրոպարկը, կառուցել երկար, բարձր պատ, գետի հունը փոխելու հետեւանքով գրաված տարածքում ապօրինի կառուցել է կենդանիներ պահելու համար նախատեսված խցեր, որտեղ պահում են եղջերու, ջայլամ, հնդուհավ եւ այլ կենդանիներ։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը ապօրինի շինարարություն կատարելու համար գումարներ ունի, սակայն այս տարի մթերած 323 տոննա խաղողի դիմաց դեռեւս չի վճարել խաղողի այգետերերին։

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում է ուղարկել՝ հարցնելով, թե  միջին մասնագիտական կրթություն ունենալու պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում քանի զինղեկ է ազատվել աշխատանքից, փոխվել է արդյոք զինղեկների աշխատավարձի հաշվարկման կարգը, զինղեկների  զինվորական կոչման համար հավելավճարի վճարումը  երբ է չեղարկվել։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից միջին մասնագիտական կրթություն ունենալու հիմքով աշխատանքից  ազատվել է չորս զինղեկ: 2023-2024  ուսումնական տարում զինղեկների աշխատավարձի հաշվարկման ձեւը չի փոխվել, իսկ զինվորական կոչման համար դպրոցներում հավելավճարի չեղարկումը կատարվել է դեռեւս 2015 թվականին՝ ՀՀ վարչապետի՝ 2015 թվականի հոկտեմբերի 12-ի N 935-Ն որոշմամբ»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս